Այսօր առավոտյան 8.30-ի դրությամբ առաջնագծում իրադրության փոփոխություն չկա։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողներին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ Նկատառմանն ի պատասխան, որ ըստ Ներքին հանդի գյուղապետի՝ Սրաշենի ուղղությամբ թշնամին կրակել է, կա վիրավոր, Արամ Թորոսյանն ասաց․ «Հակառակորդի կրակոցից ցանկացած վիրավորման դեպքում ՊՆ-ն կտեղեկացնի»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ եղան ԳՇ պետի ասած հակառակորդի խմբերը, որոնք շրջափակման մեջ էին, եւ ինչպես ԳՇ պետն էր ասել, սպասում են նրանց պաշարները վերջանան, իրենք հեռանան։
«Գլխավոր շտաբի պետի կողմից առաջնագծի վերաբերյալ ներկայացված իրավիճակից հետո իրադրության փոփոխություն չի եղել»,-պատասխանեց Արամ Թորոսյանը։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է հայկական կողմի դիրքային կորուստներին, նա տեղեկացրեց, որ ճշգրտման աշխատանքներ են ընթանում․ «Դրանց լիարժեք ավարտին ՊՆ-ն ամփոփ տեղեկատվություն կտրամադրվի»։
Հարցին՝ Եռաբլուրում եւ մարզերում արդեն իսկ մի քանի տասնյակ հուղարկավորումներ կան, ինչո՞ւ մինչեւ հիմա ՊՆ-ն չի հրապարակում զոհվածների ցուցակները, Արամ Թորոսյանը պատասխանեց․ «ՊՆ-ն երբեք չի ասել, որ չի հրապարակելու։ Ասել ենք, որ առաջնորդվում ենք միայն ճշգրիտ տեղեկատվությամբ։ Բոլոր անվանացուցակները հրապարակվելու են միայն վերջնական ճշգրտումից հետո»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ