Պետք է լռել, որ Պուտինը թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմը «սահմանային միջադեպ» է համարում, եւ քանի որ Հայաստան-Ադրբեջան սահմանները գծված ու սահմանազատված չեն, ուրեմն, մեր պետության տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունն էլ չի կարելի նկատել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է ռուս-հայկական 9-րդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին: Կրեմլի կայքում հրապարակված ուղերձում կարդում ենք. «Կարեւոր է, որ անցած ժամանակահատվածում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կառուցողական համագործակցության մեծ փորձ է կուտակվել ամենատարբեր ուղղություններով, իսկ երկկողմ կապերը դուրս են բերվել բարձր դաշնակցային մակարդակի»,-ասված է Պուտինի հաղորդագրության մեջ։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը Երեւանում էր այս օրերին եւ մասնակցում էր ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովին, նշել է. «Մենք լուծելու ենք կոնկրետ տնտեսական խնդիրներ, այլ ոչ թե լավ բառեր արտասանելու»։
Իսկ քիչ անց Օվերչուկը Երեւանում ներկայացրել է Մոսկվայի ակնկալիքները Հայաստան-Ադրբեջան հնարավոր համաձայնությունների առումով, եւ առհասարակ ռուսները սկսել են ավելի բաց ու կոնկրետ բացատրել, թե ինչու են շտապում եւ Հայաստանի իշխանություններից սահմանազատում ու սահմանագծում ակնկալում: Ռուս-հայկական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովում ՌԴ փոխվարչապետն ասել է. «Վստահ ենք, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսական զարգացման եւ այստեղ նոր ներդրումների հոսքի համար։ Մեր գնահատականներով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ավտոմոբիլային ճանապարհների եւ երկաթուղիների բացումը նախադրյալներ կստեղծի Հայաստան մոտ 4,5-5 միլիարդ դոլարի ռուսական ներդրումների հոսքի համար։ Մեզ մոտ ըմբռնում կա՝ ինչ նախագծեր դրանք կարող են լինել։ Մենք վաղուց ենք քննարկում այդ նախագծերը՝ մեր բիզնեսի ներկայացուցիչների հետ»։
Ռուսական պատվիրակության այցը Երեւան հաջորդեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահի այցին: Եթե ռուսական պետական քարոզչական միջոցները անցան հարձակման՝ այդ այցը ծաղրելով ու կեղծիքներ տարածելով՝ ռուսաստանյան քաղաքական էլիտան փոքր-ինչ ավելի զուսպ էր:
Կարդացեք նաև
ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Հայաստան, նշել է, որ Մոսկվան ողջունում է Երեւանի եւ Բաքվի միջեւ կարգավորման տանող քայլերը. «Կարգավորման տանող քայլերը կարելի է ողջունել, իսկ արդյո՞ք դրան կնպաստեն բարձրագոչ հայտարարությունները, տեսնենք…»։ «Այն ամենը, ինչ ոչ խոսքով է, այլ գործով եւ ո’չ բարձրաձայն, ո’չ պոպուլիստական, այլ իրականում անաղմուկ ու գործնական, կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, կարող է նպաստել սահմանին իրավիճակի կայունացմանը, սա կարելի է ողջունել: Արդյո՞ք նման աղմկահարույց գործողություններն ու հայտարարությունները իրականում կարող են նպաստել այս նորմալացմանը, մենք կտեսնենք: Ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա», հավելել է նա։
Հայաստանում սրվել է Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը: Հայաստանում ռուսական պետական քարոզչության պաշտպանները նոր «բարձունքներ» են նվաճում՝ Կրեմլին պաշտպանելու ճանապարհին: Նրանց թեզերը նույնն են, ինչ մինչեւ սեպտեմբերի 13-ն էր՝ պետք է քննադատել Բրյուսելին, Վաշինգտոնին, քանի որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները բացառապես Մոսկվայի հովանու ներքո պետք է շարունակվել: Սեպտեմբերի 13-ից էլ նրանք նույն ոճով շարունակում են նույն քննադատությունը՝ անտեսելով, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հարձակումն ի տարբերություն Մոսկվայի, արձանագրում է հենց Արեւմուտքից եւ պահանջում են Ալիեւից՝ զորքերը հետ քաշել ՀՀ ինքնիշխան տարածքից: Բայց նման «մանր-մունր» իրողությունները ՌԴ իշխանությունների «օմբուդսմեններին» չի հետաքրքրում…
Զավեշտը հասել է նրան, որ հայաստանցի փորձագետ-քաղաքագետները, նաեւ որոշ քաղաքական գործիչներ՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակմանն ի պատասխան դրսեւորած ռուսական անտարբերությունն արդարացնելիս պատրաստ են գծել ցանկացած աշխարհաքաղաքական բարդ սխեմա՝ միայն թե Հայաստանում ծպտուն չհանեն, չդժգոհեն ՀՀ տարածքային ամբողջականության դեմ սանձազերծած ադրբեջանա-թուրքական տանդեմի պատերազմական գործողությունների նկատմամբ ռուսական չեզոքությունից: Լռեն այնպես, ինչպես անցյալ շաբաթ ՌԴ ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ Մարիա Զախարովան էր լռեցնում հայաստանցի լրագրողին, որպեսզի չհնչի հարցը, թե՝ այդ ինչպե՞ս պատահեց, որ Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի ԶՈՒ կողմից գնդակոծվեց Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը… Չի կարելի դա նկատել, առավելեւս՝ խոսել դրա մասին, այնպես, ինչպես չի կարելի արձանագրել, որ օրինակ՝ թուրքական բայրաքթարները հարվածում են Ուկրաինայում ռուսական զորքին, սակայն դա չի խանգարում ռուս-թուրքական խորը եւ համապարփակ համագործակցությանը:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ շաբաթ Սամարղանդում էին՝ «Շանհայական համագործակցության կազմակերպության» հերթական գագաթնաժողովում, նրանք քննարկեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստեղծված իրավիճակը: Ըստ թուրքական աղբյուրների՝ Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպման կազմակերպման նախաձեռնողը Շանհայան կազմակերպության հիմնադիր Չինաստանն էր։ «Պաշտոնական Պեկինի այս նախաձեռնությունը, սակայն, վերջին պահին տապալվել է Հայաստանի վարչապետի՝ Սամարղանդ չմեկնելու որոշումից հետո։ Չինաստանի ներկայացուցիչները ափսոսանք են հայտել հանդիպման տապալման առթիվ։ Պեկինը շահագրգռված էր, որ Համագործակցության Շանհայան կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպումը կայանար»,- չինական դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով՝ գրել էր «Թուրան» գործակալությունը։
Ադրբեջանի նախագահը մեկնել էր Սամարղանդ։ Ալիեւն ու Էրդողանն անգամ այստեղ քննարկեցին երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը՝ ընդգծելով. «Անկարայի եւ Բաքվի ռազմավարական հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում, եւ երկու երկրները մշտապես միմյանց կողքին են»։
Ու մինչ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում էին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի հարցում հիմնական դերակատարությունը եղել է Միացյալ Նահանգների կողմից, ՌԴ նախագահը հայտարարեց, թե հակամարտությունը հնարավոր է եղել տեղայնացնել մեծամասամբ Ռուսաստանի միջնորդությամբ։ Ուշագրավն այն է, որ կատարվածը Վլադիմիր Պուտինը որակեց որպես սահմանային միջադեպ, որը տեղի է ունեցել ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ, իր խոսքով, բոլորովին այլ տարածաշրջանում, այսինքն՝ ստեղծված վիճակը կապ չունի ԼՂ-ի հետ: Ադրբեջանի նախագահն, իր հերթին, շնորհակալություն հայտնեց Պուտինին օպերատիվ միջամտության համար. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ սահմանային սրացմանն օպերատիվ արձագանքելու համար»: Ալիեւը շարունակեց կեղծ քարոզչությունը. «Ո’չ Հայաստանը, ո’չ էլ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու մտադրություն չունեին… Այն, որ ռազմական բախումները տեւել են ութ ժամ եւ արդեն երկու օր է հրադադար է, խոսում է այն մասին, որ ո’չ Հայաստանը, ո’չ էլ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսելու մտադրություն չունեին»։ Այնուհետեւ Ալիեւն իր ելույթում հստակ հայտարարեց, թե Բաքուն չի ընդունում Հայաստանի առաջ քաշած առաջարկները` Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու կարգավիճակը քննարկելու վերաբերյալ, եւ պատրաստ է խաղաղության պայմանագիրը կնքել բացառապես սեփական առաջարկների հիման վրա: Ընդ որում, մի ուշագրավ հանգամանք՝ Ադրբեջանի նախագահն առաջին անգամ Ռուսաստանի ու Իրանի նախագահների ներկայությամբ օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ «Զանգեզուրի միջանցքի գործարկումը է’լ ավելի կմեծացնի տարածաշրջանի երկրների տրանսպորտային կարողությունը», – ասաց Ալիեւը:
Հայաստանի սահմանները չճանաչող, պաշտոնական Երեւանից անհապաղ սահմանագծում ու սահմանազատում պահանջող ռուսական իշխանությունների կեցվածքից տարբերվող դիրքորոշմամբ է շարունակում հանդես գալ պաշտոնական Թեհրանը: Սամարղանդում Իրանի նախագահը վերստին ընդգծեց, որ տարածաշրջանում սահմանների որեւէ փոփոխություն ու հարեւան երկրների տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն անընդունելի է Թեհրանի համար: «Կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատումը շատ կարեւոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Մենք միշտ ընդգծել ենք տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունը հարգելը եւ Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջեւ ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն մերժելը։ Քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտպանում է իր ազգային շահերն ու անվտանգությունը եւ տարածաշրջանը, նա նաեւ հայտարարում է այս երկու հարեւան երկրների միջեւ տարաձայնությունները լուծելու իր պատրաստակամության մասին», նշեց Էբրահիմ Ռայիսին:
Ռուսաստանյան պարբերականները հայտնում էին, որ հայ – ադրբեջանական հակամարտության թեման նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների բանակցությունների օրակարգում էր, թեեւ Էրդողան-Պուտին հանդիպման հրապարակային մասում նրանք ՀՀ սահմաններին սանձազերծած պատերազմի թեմայով չխոսեցին: Սակայն Պուտին-Էրդողան հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը ի լուր աշխարհի հայտնեց. «Ադրբեջանն ավարտել է ռազմական գործողությունը Հայաստանի հետ սահմանին»
Էրդողանը Սամարղանդից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին պատմել էր, թե Ադրբեջանի նախագահից տեղեկատվություն է ստացել «Հայաստանի հետ սահմանին ռազմական գործողության ավարտի» մասին: «Քանի որ գործողությունն արդեն ավարտված է, իմաստ չկա քննարկել այն հիմա։ Համաձայն այն տեղեկատվության, որը ես ստացել եմ պարոն Իլհամ Ալիեւից, մեր ադրբեջանցի եղբայրներն այժմ տեղափոխվել են անվտանգ դիրք», ասել էր Էրդողանը։ «Մեր ցանկությունն է հաջողությամբ ավարտին հասցնել կարգավորման գործընթացները, ընդմիշտ ապահովել տարածաշրջանային խաղաղություն ու կայունություն»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ Հայաստանը «պետք է գործի իր պարտավորություններին համապատասխան»։ «Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի, եւ Երեւանը պետք է ձգտի տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Ի դեպ, Էրդողանը Պուտինի հետ Սամարղանդում կայացած հանդիպումն անվանել է արդյունավետ եւ հավելել, թե հույս ունի «լավ արդյունքների»։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալիեւը Պուտինի ներկայությամբ օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» եզրույթը, Իրանի նախագահը ինչպես եւ կանխատեսելի էր՝ ընդդիմացավ, իսկ ՌԴ նախագահը՝ ոչ, ուրեմն, Պուտին-Էրդողան մակարդակով՝ այս հարցում տարաձայնություններ չկան: Իսկ եթե կան, թերեւս վերաբերում է՝ «միջանցքի» գործարկման պարագայում՝ ով, որքան «բաժնեմաս» է ունենալու թեմային:
Պուտին-Էրդողանի բանակցություններից հետո Թուրքիայի նախագահը հայտարարեց, թե պատրաստվում է մյուս ամիս մեկնել Ադրբեջան` Զանգելանի օդանավակայանի բացմանը մասնակցելու, ապա ընդգծեց. «Ինչ վերաբերում է Ղարաբաղին, կարեւոր է, որ տարածաշրջանի բոլոր երկրները անվերապահորեն եւ հստակ աջակցություն հայտնեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»:
Թեեւ Թեհրանից անընդմեջ հայտարարում են, թե Իրանի եւ Հայաստանի սահմանը պետք է անփոփոխ մնա, Անկարան շարունակում է իր անվերապահ աջակցությունը հայտնել Ադրբեջանին ու սպառնալ Հայաստանին. «Ստեղծված իրավիճակը մեր կարծիքով անընդունելի է։ Հայաստանը խախտում է այն համաձայնագրի դրույթները, որը ձեռք էր բերվել Ադրբեջանի հաղթանակով ավարտված պատերազմից հետո։ Ողջ աշխարհը պետք է իմանա, որ այս իրադարձություններին դեմ հանդիման մենք, ինչպես միշտ, կանգնած ենք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին», – Սամարղանդ մեկնելուց առաջ արդեն նշել էր Էրդողանը։
Ավելին, Թուրքիայի նախագահը սպառնալիքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին՝ պնդելով, որ Երեւանի պահվածքն անհետեւանք մնալ չի կարող. «Կասկած չկա, որ նման մոտեցումը Հայաստանի համար հետեւանքներ է ունենալու։ Այդ երկիրը ոչ միայն չի կատարում համաձայնագրի դրույթները, այլեւ շարունակում է նախահարձակ պահվածք ցուցաբերել։ Մենք հուսով ենք, որ Հայաստանն ի վերջո կշեղվի այդ կեղծ ուղուց, կկատարի համաձայնագրի դրույթները՝ իր ժամանակն ու եռանդն օգտագործելով խաղաղության ամրապնդման համար»։
Հայաստանի դեմ պատերազմ հրահրելու առումով թուրք-ադրբեջանական տանդեմն, ինչպես նկատում ենք, լիովին նախապատրաստվել էր՝ թե՛ շաբաթներ առաջ, եւ թե՛ սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողություններից հետո: Այստեղ նորություն չկա: Ուժով եւ պատերազմի սպառնալիքով Հայաստանով «միջանցք» բացելու հարցում Մոսկվայի չեզոքությունն ապահովելու առումով եւս, անսպասելի ոչինչ չկա:
Զավեշտն այն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակները իրագործելու եւ այդ ամենում ռուսական չեզոքությունն ապահովելու նպատակով այս օրերին Հայաստանում Ռուսաստանից իջեցված հրահանգն է մեծ եռանդով, առանձնակի փութաջանությամբ ու նվիրումով իրականացվում՝ Հայաստանում Ռուսաստանի վարած քաղաքականությանը «չկպնել» եւ անգիր արած կրկնել՝ «խորապես անհանգստացած եմ Հայաստանում հակառուսական տրամադրություններից», «անհրաժեշտ է վերջ տալ հակառուսական հռետորաբանությունը»:
Իսկ ՌԴ պետական քարոզչամեքենան թող շարունակի հայատյաց քաղաքականության սփռումը, Պուտինը սեպտեմբերի 13-ին թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմը թող որակի որպես՝ «սահմանային միջադեպ», որը տեղի է ունեցել ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ, նրա խոսքով՝ «բոլորովին այլ տարածաշրջանում»… Մի ինքնիշխան պետության ներսում, որի տարածքային ամբողջականությունը Մոսկվան, գործնականում, չի ճանաչում, քանի որ ըստ ռուս տարբեր պաշտոնյաների ու փորձագետների անհեթեթ մեկնաբանությունների՝ Հայաստան-Ադրբեջան սահմանները գծված ու սահմանազատված չեն: Այս փաստով Հայաստանում «խորը անհանգստանալ» չի թույլատրվում, հրահանգված չէ…
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ