Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կնիքի անընթեռնելի լինելու փաստը բավարար չէ գրառումն անարժանահավատ համարելու համար

Սեպտեմբեր 21,2022 14:00

Այս գործը նման է կենսաթոշակ նշանակելու պահանջով բոլոր գործերին՝ պայմանավորված հատկապես այս փոփոխության հետ: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2021 թվականի փետրվարի 3-ի թիվ ՀՕ-71-Ն օրենքի (ուժի մեջ է մտել 01.04.2021 թվականին) 1-ին հոդվածով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «Սոցիալական ապահովության» բառերը փոխարինվել են «Միասնական սոցիալական» բառերով: ՀՀ կառավարության 25.02.2021 թվականի թիվ 230-Ա որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի «Նախարարությանը ենթակա մարմինների ենթակայությունը սահմանելու մասին» N 580-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության «Սոցիալական ապահովության» բառերը փոխարինվել են «Միասնական սոցիալական» բառերով:

2022 թվականի փետրվարի 1-ի դատական նիստում հստակեցվել է պատասխանողի անվանումը եւ հայցապահանջը: Հենց այդ օրվա դռնբաց դատական նիստում քննվեց Զեփյուռ Ավետիսյանի հայցը՝ ընդդեմ Միասնական սոցիալական ծառայության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն: Վարչական դատարան դիմողը պահանջում էր անվավեր ճանաչել 2020 թվականի թիվ 002/793 վարչական ակտը եւ Միասնական սոցիալական ծառայությանը պարտավորեցնել իրեն՝ Ավետիսյանին՝ տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակել՝ ծառայություն դիմելու օրվանից՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-ից:

Նախ, վարչական դատարանը 2021 թվականի մարտի 1-ի որոշմամբ վերականգնել էր պարտավորեցման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը, հայցադիմումն ընդունվել է վարույթ, հրավիրել էր նախնական դատական նիստ դեռ անցյալ տարվա ապրիլի 8-ին, իսկ գործը նշանակվել է դատաքննության 2021թ. փետրվարի մեկին:

Հայցվոր Զեփյուռ Ավետիսյանի 63 տարին լրացել է 2019 թվականի սեպտեմբերի 11-ին: Սեպտեմբերի 15-ին աշխատանքային գրքույկը ներկայացրել է սոցիալական ապահովության ծառայության Եղվարդի տարածքային բաժին՝ նշանակելու տարիքային աշխատանքային կենսաթոշակ: Աշխատանքային գրքույկում առկա՝ տնօրենի ստորագրությամբ եւ կնիքով հաստատված գրառումներով հաստատվում է, որ հայցվորի ընդհանուր աշխատանքային ստաժը կազմում է 11 տարի 3 ամիս, որից 7 տարի 8 ամիսը՝ Քասախի խորհտնտեսությունում, որպես բանվորուհի, իսկ 3 տարի 7 ամիսը՝ «Տարոն» ԲԲԸ-ում աշխատած տարիների ստաժը, ինչը բավարար է եղել կենսաթոշակ նշանակելու համար: Սակայն շահագրգիռ մարմինը 2020 թվականի հոկտեմբերի 13-ի գրությամբ մերժել է՝ հղում կատարելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին, պատճառաբանելով, որ դիմումատուի օրացուցային տարվա աշխատանքային ստաժը բավարար չէ տարիքային աշխատանքային կենսաթոշակի անցնելու համար: Միաժամանակ հայտնվել է, որ աշխատանքային ստաժում հաշվարկված չէ Նաիրիի շրջանի Քասախի խորհտնտեսությունում աշխատած տարիների 7 տարի 8 ամիս աշխատանքային ստաժը՝ աշխատանքային գրքույկում դրված կնիքի անընթեռնելի լինելու պատճառով: Քասախի խորհտնտեսությունում հայցվորի աշխատանքային գործունեության փաստը հաստատող պատշաճ փաստաթղթեր ձեռք բերելու նպատակով նա դիմել է «Հայաստանի Ազգային Արխիվ» ՊՈԱԿ Եղվարդի տարածքային ներկայացուցչություն, որին ի պատասխան՝ 03.11.2020 թվականին տրամադրվել է աշխատանքի ընդունման վերաբերյալ տեղեկությունը եւ տեղեկություն այն մասին, որ «խորհտնտեսությունում աշխատած ժամանակաշրջանում խորհտնտեսության տնօրինությունը դիմողին հատկացրել է բնակարան, իսկ աշխատանքից ազատման վերաբերյալ տեղեկություն չի տրամադրվել»:

2020 թվականի նոյեմբերի 3-ին հայցվորը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ հաստատելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը, որ աշխատել է Նաիրիի շրջանի Քասախի խորհտնտեսությունում՝ որպես բանվորուհի: Դիմումը թողնվել է առանց քննության:

Պատասխանողը դատարան ներկայացրած առարկություններով հայտնել է, որ Տարածքային բաժինը հարցում է կատարել ՀՀ ազգային արխիվ, որտեղ ստացվել է թիվ Ս-15867 պատասխանը, որում մասնավորապես նշվում է, որ աշխատանքային գրքույկում նշված 16.01.1991 թիվ 44 աշխատանքից ազատման հրամանը չի համապատասխանում Քասախի խորհտնտեսության 1991 հրամանագրքի գրառումներին, ինչպես նաեւ Քասախի խորհտնտեսության 1982-1988 հրամանագրքերում շահառուի աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկություն չի հայտնաբերվել:

Դատարանում առկա «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից միաժամանակ հայտնել էին, որ Քասախի խորհտնտեսության աշխատակիցների աշխատավարձի հաշվառման մատյանները չեն պահպանվել, հետեւաբար, լիարժեք տեղեկանք տրամադրել չեն կարող:
Դատարանը գտնում է, որ աշխատանքային գրքույկում առկա վերոնշյալ գրառումների, մասնավորապես, Զեփյուռ Ավետիսյանի՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ գրառման եւ խորհտնտեսության տնօրենի ստորագրության առկայության (նշված փաստը չի վիճարկվել) պայմաններում միայն կնիքի անընթեռնելի լինելու փաստը, բավարար չէ աշխատանքից ազատվելու վերաբերյալ գրառումն անարժանահավատ համարելու համար: Ավելին, դատարանն արձանագրում է, որ արխիվային տեղեկանքով հաստատվում է, որ Ավետիսյանը Քասախի խորհտնտեսության կողմից 1 սենյականոց բնակարան է ստացել:
Խորհտնտեսության վարորդ-բրիգադիրին, ապա հաշվետար-գանձապահին են կանչել դատարան, բրիգադիրն ասել է, որ Զ. Ավետիսյանն աշխատել է իր խմբում, սակայն չի հիշում, թե մինչեւ երբ է այնտեղ աշխատել, իսկ գանձապահն էլ հայտնել է՝ «քանի նա դեռ աշխատում էր դաշտում»:
Դատարանը որոշել էր Ավետիսյանի հայցը բավարարել: Սակայն այս տարվա ապրիլից գործը վարչական վերաքննիչ դատարանում է, մեկ նիստ նշանակվել էր օրերս՝ սեպտեմբերի տասներկուսին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930