Լրահոս
Օրվա լրահոսը

Հակամարտության լուծման հիմքում դնել մարդկային գործոնը

Սեպտեմբեր 21,2022 13:30
Razmik markosyan

Բաց նամակ ԱՄՆ նախագահ պարոն Բիլ Քլինթոնին

(Գրվել է 1997 թվականի սեպտեմբերի 21-ին)

Մեծարգո պարոն նախագահ, Արցախյան (Ղարաբաղյան) հիմնահարցի կարգավորման հերթական հանդիպման նախաշեմին իմ քաղաքացիական պարտքն եմ համարում Ձեր եւ միջազգային առաքելությամբ հանդես եկող Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրել հիմնահարցի կարգավորման տխուր երանգին, որը թույլ է տալիս ինձ արտահայտել որոշ տագնապներ եւ մտահոգություններ: Ժամանակին բոլշեւիկները հանդես գալով «կարգավորման» պաշտպանի դերում, բռնություններով ու կամայականություններով «արդարության» միակ չափանիշը համարելով համաշխարհային հեղափոխության շահը եւ կոմունիստական ռեժիմի տարածումը, լուծեցին ազգային հարցը (սահմանների բռնի ձեւավորման անընդունելիությամբ) տնօրինելով ժողովուրդների ճակատագիրը:

Մինչդեռ ԱՄՆ-ն դիմակայելով «չարիքի կայսրությանը»՝ առաջնորդվում էր մարդու իրավունքների պաշտպանությամբ, ստրկացված ժողովուրդների իրավունքների, ազգերի ինքնորոշման սկզբունքներով, որը դիմակայություն էր բռնակալության եւ տոտալիտար ռեժիմի կամայականությունների դեմ:

Տարօրինակ է, որ ամերիկյան աշխարհաքաղաքական հետաքրքրությունների եւ նավթային ընկերությունների շահերի չափանիշները նույնանում են նախկին բոլշեւիկյան չափանիշների հետ: Բոլոր ժամանակներում, գերտերությունների ազդեցության ոլորտների բաժանման եւ կենսական շահերի որոնումների ընթացքում Հայաստանը մշտապես կորցնողի դերում է հայտնվել: Եվ այսօր էլ իրական է հնչում Չերչիլի խոսքերի ճշմարտությունն այն մասին, որ նրա արյունը ավելի թեթեւ է, քան նավթը: Նախկինում մեզ պարտադրված եւ այսօր պարտադրվող հարցի լուծումը իրարից ոչնչով չեն տարբերվում եւ զարմանալի է, որ իրավական հիմք է ընդունվում բոլշեւիկյան ոճրագործությունը եւ պաշտպանվում ստալինյան գրչով գծված սահմանները:

Կարելի է ենթադրել, որ դեպքերի այսօրինակ ընթացքը մեզ վկան կդարձնի ԱՄՆ-ի շրջափակումների սկզբունքից (907 բանաձեւ) հրաժարման եւ կխրախուսվի շրջափակման կիրառումը որպես քաղաքական ճնշամիջոց:

Դարասկզբին քաղաքական գործարքների արդյունքում (քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ) տեղի ունեցավ դարի մեծագույն ոճրագործությունը՝ հայերի ցեղասպանությունը: Այդ արարքների գնահատականը տալով, մասնակից տերությունների ղեկավարները անվանեցին այն ամենաամոթալի սեւ հետքը Եվրոպայի եւ աշխարհի պատմության մեջ:

Դարասկզբի որդեգրած հարցերի կարգավորման մոդելները, որոնք այժմ էլ համարվում են «միակը» եւ «ճիշտը», պատճառ դարձան, որպեսզի գրվի մարդկության պատմության սեւ էջը: Հայ ժողովուրդը կրկին կանգնած է պատմության կրկնության վտանգի առաջ, իսկ պատմության կրկնություն նույն սխալներով ու լուծումներով՝ միտված է միայն 21-րդ դարի սեւ էջը լրացնելուն: Անհրաժեշտ է զրկել պատմությանը հերթական սխալը արձանագրելու «շնորհից»: Անկախ դեպքերի ընթացքից, ցեղասպանություն տեսած ժողովուրդը թույլ չի տա, որ կրկնվի ցեղասպանությունը, որքան էլ պահանջեն աշխարհի շահերը:

Մեզ համար հասկանալի չէ, երբ ինքնորոշման պատրվակով, լինելով աննշան փոքրամասնություն, Կիպրոսի զգալի մասը օկուպացնելով, ստեղծվեց Թուրքական Հանրապետություն: Առավել անհասկանալի է, երբ Արցախն իր հազարամյա բնօրրանում, որտեղ բոլոր ժամանակներում բացառապես հայեր են ապրել, կանգնած է հարցի լուծման այլ պահանջների առաջ: Եվ վերջապես, Նախիջեւանը ընդհանուր սահման չունենալով, ներգրավվել եւ ձեւականորեն Ադրբեջանի կազմի մեջ է մտցվել որպես ինքնավար ազգային միավոր: Քանի որ միջնորդությունը նաեւ անկողմնակալություն է ենթադրում, ապա ակնհայտ է, որ Թուրքիան կողմնակալ երկիր լինելով, չի կարող հանդես գալ միջնորդի դերում եւ մասնակցել միջազգային խաղաղարար ուժերում: Այս բացահայտ համախոհությունը ցույց է տալիս, որ ոչ մի միջազգային երաշխիք չի կարող ապահովել Արցախի հայության անվտանգությունը, քանի դեռ չի դատապարտվել ցեղասպանությունը եւ չեն վերացվել նրա հետեւանքները:

Աշխարհի շահերի սկզբունքը չի կարող զրկել ազգերի ինքնորոշման քաղաքական կարգավիճակի ազատ ընտրության եւ մարդու ապրելու՝ կյանքի, ազատության եւ երջանկության բնական, անքակտելի իրավունքներից՝ հաստատված մարդկության զարգացման ընթացքում եւ ամրագրված միջազգային իրավական նորմերով: Ճանաչվել է նաեւ, որ ոչ մի ժողովրդից չի կարելի պահանջել, որ նա ապրի մի պետության կառավարման ներքո, որն իրականացրել է նրա ցեղասպանությունը: Դա ընդամենը ծաղր կլինի արդարության սկզբունքների նկատմամբ: Անհրաժեշտ է հրաժարվել մտածողության հին հոգեբանությունից եւ ստանդարտներից, որը ընդամենը կարճատեւ իրավիճակային բնույթ ունի կամ նույնիսկ հեղինակային բնութագիր, եւ վերաբերվել հարցին որպես հեռանկարային երկարատեւ գործընթաց, որը կբերի թեթեւացում անիրավված ազգային հարցին:

Տարածաշրջանի խաղաղության արմատական շահերը պահանջում են.

Առաջին. ցեղասպանության ճանաչում եւ հետեւանքների վերացում:

Երկրորդ. հարցի մեխանիկական լուծումների բացառում: Հիմք ընդունել հարցի իրավաբանական փաստը՝ հակամարտության սկիզբն ու պատճառները:

Երրորդ. տարանջատել հարցի կարգավորումը նավթային հետաքրքրությունների համակարգից:

Եվ վերջապես, ժամանակն է հարցի կարգավորման հիմքում մարդկության պատմության ողջ ընթացքում (գոնե մեկ անգամ) գերապատվությունը տալ մարդուն, որպես մեծագույն արժեք, իսկ Աստվածային օրենքները գերակայեն մարդկային թուլությունների հետեւանքով ծնված օրենքներին:

Աստված Ձեզ օգնական:

Ռազմիկ ՄԱՐԿՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930