Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աղասի Այվազյանի այրու պայքարը «հոբելյանական» է

Սեպտեմբեր 21,2022 13:00

Աղասի Այվազյանը մահկանացուն կնքեց 2007-ին եւ այդժամ սկսվեց ու մինչ օրս շարունակվում է անվանի արձակագրի, դրամատուրգի, ռեժիսորի, գեղանկարչի այրու՝ Գրետա Վերդիյանի պայքարը ամուսնու թողած ժառանգությունը հանրությանն արժանվույն ներկայացնելու համար։ Խնդրի լուծման համար 15 տարի է՝ տիկինը հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներն օգտագործում է պատկան մարմիններին դիմելու համար, բայց առայսօր պատասխանը մեկն է՝ տարածք գտնելը բավականին դժվար է, ժամանակ է պետք դրա համար։ «Եթե 1982թ. չհանդիպեի Աղասիին, կգնայի Հայաստանից… Բայց բախտավոր մարդ եմ, նրա շնորհիվ շատ հետաքրքիր մարդկանց եմ հանդիպել, լրագրությամբ զբաղվել։ Ի դեպ, հաղորդում պատրաստելու համար հանդիպեցի Աղասիին, ծանոթացանք ու էլ չբաժանվեցինք»,- այս հիշողությամբ սկսվեց «Առավոտի» զրույցը տիկին Վերդիյանի հետ, որն ընդամենը ցանկություն ունի ստեղծել ամուսնու անունը կրող կրթամշակութային թանգարան, որտեղ կտիրի այվազյանական շունչն ու ոգին։

Հետո մեկ-մեկ թվարկեց անվանի արվեստագետի թողած հեքիաթները, վեպն ու վիպակները, պիեսները, պատմվածքներն ու էսսեն, ավելի քան 100 գեղանկարներն ու գրաֆիկական աշխատանքները, շեշտելով, որ դրանք ունեն թանգարանային պահպանության կարիք։ Այվազյանի սցենարով են նկարահանվել հանրության կողմից ընդունված, ավելին՝ սիրված բազմաթիվ ֆիլմեր, այդ թվում՝ «Եռանկյունի», «Հայրիկ» եւ այլն։

Տիկին Վերդիյանը չի ընդունում հաճախ իրեն հանգստացնելու նպատակով հնչող արտահայտությունը, թե Աղասի Այվազյանին ժողովուրդը շատ լավ գիտի ու սիրում է, որովհետեւ նա համոզված է, որ «Աղասիի թողած ժառանգությունը պետք է հասանելի լինի մարդկանց»։ Հավելում է նաեւ. «Այսօր ոչ միայն մեր բանակում, այլեւ ողջ հայ ազգն է երգում «Երազ իմ երկիր» երգը, բայց շատերը չգիտեն, որ բառերի հեղինակը Աղասին է։ Ախր չուսումնասիրել նման ազգային մտածողի ու ստեղծագործողի ժառանգությունը, կարծում եմ, հանցագործություն է։ Նրա թողած գրական ժառանգությունը ընդգրկում է 4 ժամանակահատված, բայց մարդիկ գիտեն միայն թբիլիսյան ժամանակահատվածը։ Համաձայնեք՝ անարդար կլինի նման մեծության ահռելի հարուստ ժառանգությունը չփոխանցել սերունդներին։ Այս բնակարանում եղել են բարձրաստիճան շատ պաշտոնյաներ, հիացել, զարմացել, խոստումներ տվել, բայց… Այս գրքերը, որ տեսնում եք, կարիք ունեն վերատպագրության։ Ժամանակին հրատարակիչները քիչ տպաքանակով եւ փոքր տառատեսակով են դրանք հրատարակել, հետեւաբար բոլորին հասանելի եւ ընկալելի չեն եղել»։

Ընդհատելով դիտարկումը՝ «Աղասի Այվազյան» հիմնադրամի վերաբերյալ, մեր զրուցակիցը նշեց. «Արեւմուտքում վաղուց հիմնադրամների միջոցով են լուծվում նմանատիպ հարցերը։ Իհարկե, հիմնադրամը գոյություն ունի, բայց դժվար ժամանակներ ենք ապրել ու ապրում։ Հիմնադրամի նպատակային գործունեության համար անհրաժեշտ է աշխատակազմ, որին պետք է վճարել։ Հիմնադրամը դատարկ է»։ Հիշեցրինք ժամանակին հենց հիմնադրամի կազմակերպած այվազյանական ընթերցումներն ու փառատոները, որոնք անցկացվել են Մայր աթոռի շնորհիվ։ Տիկին Վերդիյանն ասաց, որ վերջերս նույնպես դիմել է Վեհափառին ու սպասում է պատասխանին։ Հիշեցրինք նաեւ ժամանակին իր նախաձեռնությամբ շուրջ 70 կտավ համացանցով վաճառելու փորձի մասին։ «Այո, բազմաթիվ նամակներ եմ գրել հարուստ անհատներին, թանգարանների ներկայացուցիչներին, բայց թանգարանները, օրինակ, պատասխանել են, թե չեն կարող գնել բոլոր նկարները, խնդրել են միայն որոշակի գործեր։ Բայց ես ցանկանում եմ ամբողջը միանգամից վաճառել, որպեսզի խոշոր գումար ստացվի՝ տարածք ձեռք բերելու համար»,- պատասխանեց նա ու հավելեց. «Կան մարդիկ, որ ինձ խորհուրդ են տալիս գեղանկարները ժառանգել թոռներիս, որ ոչ միայն նրանք, այլեւ նրանց թոռները ապահովված ապրեն։ Բայց ինչպես զրույցի սկզբում ասացի՝ Աղասի Այվազյանի ժառանգությունը ազգային հարստություն է»։ Առանց մանրամասնելու էլ հավաստիացրեց, որ օրերս Ամերիկայից առաջարկ է ստացել վաճառել կտավներից մեկը շուրջ 30 հազար դոլարով, որը մերժել է։

Զրույցի ավարտին կատակեցինք, թե ընթացիկ տարին հոբելյանական է իր պայքարի առումով։ Մեր զրուցակցի պատասխանը թախծոտ ժպիտն էր։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930