Լրահոս
Օրվա լրահոսը

«Միշտ պարծեցել եմ, որ իր օգնականն եմ եղել»

Սեպտեմբեր 21,2022 12:00

Սեպտեմբերի 18-ին լրացավ մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 114-ամյակը։ Վաղ առավոտյան Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցներն այցելեցին Բյուրականի աստղադիտարանի պանթեոն՝ Համբարձումյանի շիրիմ, հարգանքի տուրք մատուցելու համար։

Երկարամյա դիվանագետ, արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Ռուբեն Շաքարյանը, որ 10 տարի շարունակ եղել է ԳԱԱ նախագահ Վիկտոր Համբարձումյանի օգնականը` արտաքին կապերի գծով, ամեն տարի այդ օրը ծաղիկներ է դնում Համբարձումյանի արձանի պատվանդանի մոտ ու իր հարգանքի տուրքը մատուցում: Պարոն Շաքարյանն ասում է, որ աշխատել է 13 տարեկանից, եւ իր կյանքի լավագույն տարիները մեծ գիտնականի հետ անցկացրած տարիներն են:

«Ես համարում եմ, որ Վիկտոր Համբարձումյանն աշխարհի ամենահայտնի հայն է: Աշխարհահռչակ մարդ էր, ես պարծեցել եմ միշտ, որ իր օգնականն եմ եղել: Ես արվեստի գործերի շատ մեծ հավաքածու ունեմ, բայց առանձնապես թանկ է Համբարձումյանի պորտրետը, որ նկարնել է Մարտիրոս Սարյանը 1949թ.: Երբ 1949թ. Օրբելիից հետո Վիկտոր Համբարձումյանը դարձավ ԳԱԱ նախագահ, Մարտիրոս Սարյանը նկարեց նրան: Այժմ այդ նկարը կախված է իմ տան ամենակարեւոր տեղում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Շաքարյանը:

Հավելենք, որ Վիկտոր Համբարձումյանը մեծ ներդրում ունի աստղագիտության եւ աստղաֆիզիկայի, տիեզերածնության, տեսական ֆիզիկայի, մաթեմատիկայի եւ փիլիսոփայության ամենատարբեր ոլորտներում: Նա հատկապես հայտնի է տարրական մասնիկների ֆիզիկայի, մոլորակային միգամածությունների տեսության, աստղային դինամիկայի, Գալակտիկայի տարիքի որոշման, ճառագայթման տեղափոխման տեսության, աստղասփյուռների, ակտիվ գալակտիկական միջուկների, գերխիտ աստղերի, բռնկվող եւ այլ անկայուն աստղերի վերաբերյալ կատարած աշխատանքներով եւ հայտնագործություններով:

Ի դեպ, 2009թ.-ից սեպտեմբերի 18-ը Հայաստանում նշվում է նաեւ որպես աստղագիտության օր։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930