Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյան․ «Փաշինյանի կարծիքը շատ մոտ է մեր կարծիքին»

Սեպտեմբեր 20,2022 22:45

«Փաշինյանի կարծիքը շատ մոտ է մեր կարծիքին։ Այլ հարց է, թե ինչպիսին կլինեն նրա գործողությունները, դա մեզանից է կախված»,-այս մասին Aravot.am –ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եւ արտախորհրդարանական ուժերի այսօրվա հանդիպմանն՝ ասաց Հայաստանի «Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը։

Նա ասաց, որ վաղը Փաշինյանը մեկնելու է Նյու-Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին, որտեղ դիմելու է միջազգային հանրությանը, եւ մեկնումից առաջ  այս հանդիպումով փորձում էր ստանալ հասարակական կարծիքն ու գնահատականն իրավիճակի վերաբերյալ։

«Այս անգամ բոլոր հավաքվածները միաձայն էին, եւ առաջին դեպքն էր, երբ անխտիր բոլորն արտահայտվեցին այս աշխարհաքաղաքական փոփոխության եւ  ճիշտ քայլեր կատարելու օգտին։ Եւ խոսքը ոչ միայն ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին է։ Կարծում եմ՝ մենք արտահայտում ենք հանրապետության ճնշող մեծամասնության կարծիքը՝ հորդորելով, որ Փաշինյանը կատարի այդ պատմական քայլը։ Դա էր հիմնական բովանդակությունը հանդիպման։

ՀԱՊԿ-ից դուրս գալը մի մեծ գործընթացի եւ աշխարհաքաղաքական  կողմնորոշման փոփոխության  մի քայլն է։ Իշխանությունը, հանձինս Փաշինյանի, որոշ սպառնալիքներով, վտանգներով հանդերձ, բնականաբար, իրենք ավելի լավատեղյակ են, քան մենք, փաստորեն կիսում են մեր կարծիքը։ Որոշումների մասին, բնականաբար, խոսք չէր գնում, բայց տպավորությունս այն էր, որ շատ ուշադիր լսեցին մեզ, որովհետեւ մենք հավակնում ենք արտահայտել մեր հանրության ճնշող մեծամասնության կարծիքը»,-ասաց Խզմալյանը։

Մեր ճշտող հարցին՝ այսինքն Նիկոլ Փաշինայնը կիսո՞ւմ է ձեր՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու առաջարկը, ի՞նչ տպավորություն է, արդյոք իշխանությունը մտածում է այդ մասին, Խզմալյանը պատասխանեց․«Իշխանություններն այլմոլորակայիններ չեն, եւ նրանք էլ   նույն իրավիճակն են տեսնում։ Եթե չեն արտահայտվում, նույն ուղերձներն են ստանում ու նույն  տպավորությունները ստանում։ Գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ-ը չի գործում, բայց բոլորս  հասկանում ենք, որ խոսքը ՀԱՊԿ-ի մասին չէ, խոսքը Ռուսաստանի մասին է։ Այնպես որ, հասկանում ենք այն պատասխանատվությունը, որը դրված է իշխանությունների վրա։ Ես չեմ կարող տպավորությունս հայտնել, թե ինչ կանի Փաշինյանը։ Մենք  ասել ենք այն, ինչը նա խնդրել է։ Նա խնդրել է լսել կարծիք։ Հայտնի պատճառներով դա չի կարող խորհրդարանում լսել, իր կուսակցության ներսում էլ առաջարկ-քննարկում չի կարող լինել, որովհետեւ դա իր կուսակցությունն է։ Մենք հիմա, ցավոք, միակ ինստիտուցիոնալ սահմանադրական ձեւաչափն ենք, որ կարող ենք փորձել արտահայտել հանրության կարծիքը։ Նա լսել է եւ նրա կարծիքը շատ մոտ է մեր կարծիքին։ Այլ հարց է, թե ինչպիսին կլինեն նրա գործողությունները։ Դա էլ մեզանից է կախված՝ հանրահավաքներով եւ ստորագրահավաքներով մենք պետք է աջակցենք մեր պետականությանը, եթե իշխանությունը չի արտացոլում դա, մենք միշտ կարող ենք օգնել իշխանություններին»։

Մեր հարցին՝ արդյոք Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ  Նենսի Փելոսիի հետ  հանդիպումից, Տիգրան Խզմալյանը պատասխանեց՝ Փաշինյանը շատ դրական է գնահատում այդ այցը․«Փելոսին ասել է այն ամենը, ինչ մենք լսել ենք հրապարակավ, եւ խոսքը գնում էր քաղաքական եւ ռազմական օգնության հնարավորության մասին։

Միայն այն փաստը, որ նա  չնախատեսված այց է կատարել պաշտպանության նախարարություն  եւ հանդիպել ԱՄՆ-ից նոր վերադարձած նախարարի հետ․․․մենք պարզապես պետք է կարողանանք ընթերցել այդ ուղերձները, որոնք բավական թափանցիկ են եւ որեւէ գաղտնի  բան չկա։ Այն, որ Փելոսին ասել էր՝  ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, Թայվանից՝ Հայաստան, դա է բռնապետությունների եւ ժողովրդավարությունների  այսօրվա համաշխարհային ռազմաճակատի գիծը, ավելի պարզ դժվար է ասել։ Նա ասել է, որ եկել է լսելու Հայաստանի ակնկալիքները։ Այսինքն, այն, ինչ ցանկանանք, այն էլ կստանանք։ Այսինքն, պետք  է հասկանաք՝ ինչ ենք մենք իրականում ուզում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Կարճ լուրեր.
    ԱՄՆ սենատում «տղամարդկանց» հղիությունը վեճի թեմա է դարձել:
    https://www.amerikayidzayn.com/a/5865573.html

  2. Հայ մարդ says:

    Հայ ռուսամետները և հայ եվրոպամետները մեր երկրի աղը կերան: Մի կողմն անընդհատ քարոզում է, որ մենք չենք կարող մեզ պաշտպանել և առանց ռուսական բանակի օգնության կկորչենք աշխարհի երեսից, մյուս կողմն էլ պնդում է, որ ամերիկյան բանակն ավելի ուժեղ է և անհրաժեշտ է նրանց օգնությանը դիմել: Այսպիսի քարոզչությամբ խորանում է մեր դարավոր հիվանդությունը, որ հային անպայման մի հզոր պետություն է պետք, որպեսզի նրան պաշտպանի: Սա միամիտ երազանք է, հեշտին վազողի ու վախկոտի երազանք: Նժդեհի մասին շատերը գիտեն, բայց քչերն են կարդացել նրա մտքերը և ըմբռնել, թե ինչ էր քարոզում քաջ ու իմաստուն հայ զորավարը` Սյունիքի փրկիչը (իսկ առանց Սյունիքի Հայաստանը չէր կարող գոյատևել):
    Շարունակում եք հաճոյանալ ռուսներին կամ ամերիկացիներին, որոնք պարզ տեսնում են, թե դուք ինչ բեռ եք ուզում դնել իրենց ուսերին: Նրանց ձեռնտու են ձեր նման միամիտները, որ անընդհատ հային իրենցից կախված պահեն, թքած ունենալով հայի հույսերի վրա: Նրանք միայն մեր հաշվին իրենց շահերն են առաջ տանում այս տարածաշրջանում:
    Վերջապես հասկացեք Չարենցի պարզ բացատրությունը, որ մեր միակ փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է: Այս բախտորոշ պահին Հայաստանի, Սփյուռքի և Արցախի հայերը պարտավոր են համախմբվեն (առանց կուսակցական դրոշների) և մտածեն ազգային փրկության ծրագիր կազմելու և այն իրագործելու մասին: Իհարկե, դրա համար ազգանվեր ու քաջ առաջնորդ (կամ առաջնորների խումբ) է պետք: Հուսանք, որ նրա (նրանց) ասպարեզ գալը շատ չի ուշանա:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930