Լրահոս
Օրվա լրահոսը

Փողոց՝ Գյումրու ամենակոլորիտային կնոջ անունով

Սեպտեմբեր 20,2022 20:02

Գյումրու քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող կենտրոնական փողոցներից մեկը, որտեղ ապրել է Գյումրու ամենավառ, կոլորիտային դեմքերից մեկը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Հասմիկ Կիրակոսյանը, կկոչվի նրա անունով։

Խոսքը Սպանդարյան փողոցի այն հատվածի մասին է, որտեղ գտնվում է տիկին Կիրակոսյանի շենքը։

Նրա դուստրը՝ Սոնա Հովհաննիսյանն, ասում է՝ եթե Գյումրիում նստես տաքսի ու ասես Սպանդարյան փողոց պիտի գնամ, վարորդները միանգամից կհարցնեն՝ Կիրակոսյան Հասմիկենց շենքի մո՞տ։

Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում ավագանու անդամների, քաղաքի մտավորականների մասնակցությամբ տեղի ունեցավ հանրային բաց լսում-քննարկում, որը վերաբերում էր Շահումյան փողոցից Հաղթանակի պողոտա ընկած հատվածն անվանափոխելու ու այն գյումրիապաշտ կնոջ՝ Հասմիկ Կիրակոսյանի անունով կոչելու։

Մասնակիցները տարբեր դրվագներ վերհիշեցին՝ կապված Հասմիկ Կիրակոսյանի գործունեության հետ։

Երբ նա միջոցառումների ժամանակ սկսում էր ելույթ ունենալ, ունկնդիրները քարանում էին, փշաքաղվում, հուզվում, հմայվում նրա ճկուն մտքով ու ճոխ բառապաշարով։

Սուր, անզուգական հումորով համեմված նրա պատմություններն անվերջ էին, Գյումրիում չկա այդպիսի մարդ, որը չհիշի ու չվկայակոչի նրա հումորային պատմություններից որևէ դրվագ։

Հանրային լսումը սկսվեց Հայոց բանակին փառաբանելով, նահատակներին՝ հավերժ փառք տալով։

Գյումրու ավագանու անդամ Լուսինե Սանոյանը, որը ներկայացրեց որոշման նախագիծն, ասաց, որ թեև բոլորիս միտքը սահմանում է, այնտեղ կանգնած զինվորների հետ է, այդուհանդերձ որոշեցին չհետաձգել հանրային բաց լսումը։

Բանախոսն ասաց, որ այս նախագծի հիմքում հանրային պահանջն է․ բազմաթիվ մշակութային օջախների աշխատակիցներ ստորագրահավաք են կազմակերպել, որը ներկայացվել է «Բալասանյան դաշինքին», իսկ իրենք հանդես են եկել նման առաջարկով։

Լուսինե Սանոյանի ներկայացմամբ, նման առաջարկ անելիս՝ գտել են, որն, ըստ արժանվույն պիտի գնահատել Հասմիկ Կիրակոսյանի մեծ ներդրումը Գյումրի քաղաքի զարգացման գործում ու 80-ամյակին ընդառաջ հավերժացնել նրա անունը։

 

Հասմիկ Կիրակոսյանին գումրեցիները մարդ-լեգենդ էին անվանում, սգում էին, որ նրա մահով Գյումրին կորցրեց իր վառ գույներից մեկը։

Լուսինե Սանոյանը թվարկեց Հասմիկ Կիրակոսյանի կենդանության օրոք նրա ստացած պարգևները, մեդալները ու Շիրակի մարզում կատարած գործերը։

Արվեստաբան Արաքս Մարգարյանը նրան բնութագրելիս, ասաց, որ տիկին Կիրակոսյանն անվերջ երկխոսության մեջ էր իր քաղաքի հետ, Գյումրին նրա հավերժ սերն էր, նա այլ կերպ էր իր քաղաքը ու պատասխանատվության մեծ զգացում ուներ Գյումրիի հանդեպ։

Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանն էլ նշեց՝ Հասմիկ Կիրակոսյանին ներկայացնելու կարիք չկա, գյումրեցիների համար մեծ պատիվ է նրա անունով փողոց ունենալը նրա գործունեության հիմքում հայրենասիրությունն էր։

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի նախկին պետ Աշոտ Մկրտչյանն էլ նրան անվանեց «մեծ տիկին», որի սերը Գյումրիի հանդեպ չուներ սահման։

«Չկա մշակութային մի կառույց Շիրակի մարզում, որտեղ նա մեծ ներդրում չունենա»,-ասաց Աշոտ Մկրտչյանը։

«Չկա մեկը, որը համամիտ չլինի այս առաջարկին, բոլորը մի մարդու նման ողջունում են նախաձեռնությունը»,- ասաց Գյումրու քաղաքապետի խորհրդական Հայկ Սուլթանյանը, որը վարում էր հանրային քննարկումը։

Այն քննարկման կդրվի Գյումրու ավագանու առաջիկա նիստում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930