Սեպտեմբերի 20-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ ընդունեցինք Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրսին, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանին, Գլոբալ հաղորդակցության վարչության ղեկավար Արմինե Պետրոսյանին, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլային, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների աշխատակիցներին ու տեխնիկական թիմի անդամներին։
Հյուրերին ներկայացրի 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մի շարք հրետակոծված բնակավայրերում տիրող իրավիճակը՝ անդրադառնալով տարհանված բնակչության կարիքների գնահատման եւ նվազագույն կենսապայմանների ապահովման, ագրեսիայի եւ հրետակոծության հետեւանքով վնասված բնակարանների, դպրոցի եւ բուժկետի, ենթակառուցվածքների վերականգնման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, անվտանգության նկատառումներից ելնելով՝ 12 բնակավայրերում կրթության հեռավար իրականացման հետ կապված խնդիրներին։
Նշեմ, որ ՀՀ կառավարության կողմից անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում՝ Վարդենիս համայնքի բնակավայրերում վնասված բնակարանները եւ ենթակառուցվածքները վերականգնելու, տարհանված բնակչությանն իրենց մշտական բնակավայրեր վերադարձնելու, 12 բնակավայրերում հեռավար ուսուցում կազմակերպելու, առաջին անհրաժեշտության եւ հրատապ լուծում պահանջող խնդիրների իրականացման համար։
Կարդացեք նաև
Առաջարկել եմ համագործակցված աշխատանքի միջոցով կարգավորել թշնամական ագրեսիայի հետեւանքով ի հայտ եկած բոլոր խնդիրները, ապահովել տուժած բնակչության նվազագույն կարիքները ամենատարբեր ուղղություններում։ Բոլոր այն ծրագրերը, որոնք գործողության մեջ կդրվեն՝ կստանան Գեղարքունիքի մարզպետարանի եւ Վարդենիսի համայնքապետարանի անվերապահ աջակցությունը։ Դրա համար անհրաժեշտ է մեր մշտական ու ամենօրյա համագործակցված աշխատանքը։
ՄԱԿ-ի ներկայացուցիչները ներկայացրին իրենց առաքելությունների բովանդակությունը եւ ուղղությունները։ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրսին իր հերթին նշեց, որ հանդիպման ավարտից հետո իր գլխավորությամբ ՄԱԿ-ի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը մեկնելու է Վարդենիս համայնք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու եւ կարիքները գնահատելու, գործողությունների պլանը մշակելու եւ իրականացնելու համար։
Գեղարքունիքի մարզպետարան