Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոն Ալլելոյին, Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանիին:
Նախարար Անդրեասյանը ներկայացրել է ներկայումս ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և դրանց արդյունքները, մասնավորապես խոսել է Հայաստանում Ներքին գործերի նախարարության ձևավորմանն ուղղված աշխատանքների ընթացքից, բարեփոխումների իրականացման ընթացքում առաջ եկած հնարավոր խնդիրների շրջանակից, ինչպես նաև առաջարկել է դրանց լուծմանն ուղղված քայլեր:
Կարեն Անդրեասյանն անդրադարձ է կատարել նաև Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացմանն ուղղված գործողություններին և ներկա ընթացքին, մանրամասնել Ռազմավարությամբ սահմանված կարևոր դրույթներ, ինչպես նաև հայտնել, որ շուտով տեղի է ունենալու Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացմանը նվիրված դոնորների համակարգող հանդիպում:
Հանդիպման ընթացքում քննարկվել և երկուստեք առանձնակիորեն կարևորվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները, դրանց արդյունքները, ինչպես նաև հետագա քայլերը. վերահաստատվել է համագործակցության շարունակականության հրամայականը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ