Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մեծ ռուս-թուրքական պատերազմ լինի, Հայաստանից ոչինչ չի մնա». Հայկ Բաբուխանյան

Սեպտեմբեր 20,2022 17:00

«Մեր նպատակը վերջին տարիներին Հայաստանի կորցրած տարածքների վերականգնումն ու ինքնիշխանության ամրապնդումն է»,- Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մոտ կայացած ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համակարգողներից Հայկ Բաբուխանյանը։

Հիշեցնենք՝ շարժման անդամներն ու աջակիցները այսօր ցույց էին կազմակերպել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ, որի ժամանակ դեսպանատանը փոխանցեցին Աջակցության հռչակագիր։

Ի պատասխան լրագրողների՝ հայ-ադրբեջանական բախումներում Ռուսաստանի միջամտության հետ կապված հարցի, Հայկ Բաբուխանյանը պատասխանեց, որ եթե մինչ օրս Ադրբեջանը չի գրավել Արցախի մնացյալ մասը, ապա դրա երաշխավորը ռուսական խաղաղապահ ուժերն են. «Նիկոլի գործողությունների, թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով, որը սնուցվում է ՆԱՏՕ-ից, Միացյալ նահանգներից և Անգլիայից, մենք կորցրել ենք տարածքներ։ Այն, ինչ պահպանվել է, եղել է բացառապես ռուսական խաղաղապահ զորքերի շնորհիվ։ Մեր սեփական ուժերը բավարար չեն ագրեսիային դիմակայելու համար։ Ցավոք, նույն բանը կարելի է ասել Հայաստանի այն սահմանային հատվածների համար, որտեղ ռուսական խաղաղապահ զորքեր տեղակայված չեն»։

Հայկ Բաբուխանյանը պնդեց, որ «նիկոլյան» իշխանության շնորհիվ հայոց բանակն ի զորու չէ միայնակ դիմակայել թուրք-ադրբեջանական ագրեսիային, իսկ մեր միակ գործնական աջակիցը Ռուսաստանն է։ Նա նշեց, որ իրենց գլխավոր նպատակը հայ-ադրբեջանական սահմանին ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայմանը հասնելն է. «Եթե մեծ ռուս-թուրքական պատերազմ լինի, եթե թեկուզ Ռուսաստանը հաղթի, միևնույն է, Հայաստանից ոչինչ չի մնա, դրա համար պետք է հենց այսօր դիվանագիտական ճանապարհով մենք մեր խնդիրը լուծենք։ Մենք պետք է ռուսների հետ նոր պայմանագիր կնքենք, որով նրանք իրավունք կունենան կանգնել մեր սահմաններին»։

Հայկ Բաբուխանյանը հիշեցրեց, որ Ռուսաստանը մեզ զենք տալիս էր, վաճառում էր, նվիրում էր մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը. «Վարչապետը խոստովանեց, որ այնքան անտաղանդ է, որ փող ունի, բայց իրեն զենք չեն տալիս։ Մինչև 2018 թվականը նման բան չկար, չկա նաև հիմա, Ռուսաստանը շարունակում է Հայաստանին ռազմատեխնիկական աջակցության տրամադրումը»։

Հայկ Բաբուխանյանն իր խոսքն ամփոփեց այն պնդմամբ, թե մեր երկրի փրկությունը մեկն է. Հայաստանը և Արցախը պետք է միանան Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930