Լրահոս
Օրվա լրահոսը

««Հայկական» արբանյակի փուչիկը և նոր ապաշնորհությունը»

Սեպտեմբեր 20,2022 16:27

Մենք արդեն անդրադարձել ենք այսպես կոչված «հայկական» արբանյակի առիթով անիմաստ հրճվանքին, նշելով, որ սարքը, որի ստեղծմանը որևէ ներդրում չունի որևէ ՀՀ մասնագետ, «հայկական» կոչվել չի կարող: Դա նույնն է, ինչ ուրիշի ստեղծած կոշիկը կոչել հայկական: Միջազգային տեղեկատուներում այն նշված է որպես իսպանական արբանյակ, Հայաստանը որպես երկիր որևէ առնչություն չունի, և այն CubeSat դասի միկրո-արբանյակ է, որ համարվում են կրթական, սիրողական սարքեր, դրանցով չի հպարտանում որևէ սովորական համալսարան, և որոնցով ստացված տվյալները չեն օգտագործվում լուրջ նպատակներով: Նաև նշել ենք, որ ներկայումս տիեզերքից ստացված ցանկացած որակի պատկեր կարելի է ստանալ պատվերով: Վերջապես, CubeSat արբանյակների գնացուցակները համացանցում են, և մեր հարկատուն պետք է իմանա ինչքան է ծախսվել այդ գործարքի համար:

Մինչդեռ տեղական տիեզերագնացության «մասնագետները» շարունակում են ակտիվությունը: Այս օրերին Փարիզում ընթացող 73-րդ միջազգային տիեզերագնացության համաժողովում (IAC-73) ՀՀ պատվիրակության կազմն է՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարը, նախարարության շուկայի զարգացման վարչության շուկայի հետազոտության բաժնի պետը,  շուկայի զարգացման վարչության առեւտրի խթանման բաժնի գլխավոր մասնագետը:

Փոխնախարարը, որը վերջերս թաղապետ էր, այսինքն զբաղված էր աղբահանության և նման ոլորտով, այսօր, շուկայի մասնագետների հետ, ներկայացնում է ՀՀ տիեզերագնացությունը: Այդ համաժողովին, որին մասնակցում են ոլորտի խոշորագույն մասնագետներ, տիեզերական գործակալությունների և ծրագրերի կարկառուն ղեկավարներ, նման մասնակցությունը վարկաբեկիչ է մեր երկրի համար /հարկատուի հաշվին զբոսաշրջությունը/: Դա հատկապես անթույլատրելի է, նկատի ունենալով ոչ միայն Հայաստանում տիեզերական սարքաշինության բացառիկ պատմությունը, այլ նաև այսօր ի դեմս անվանի գիտնական պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի մասնակցության՝ նաև ղեկավար կազմերում, եվրոպական արբանյակային ծրագրերում:

Տիեզերական տեխնոլոգիաները լրջագույն բնագավառ է, որպեսզի այն թողնել բախտախնդիրներին, ծաղրանքի առարկա դարձնելով մեր երկիրը:

Աշոտ ԶԱԽԱՐՅԱՆ,
Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, տիեզերական ծրագրերի առաջատար ճարտարագետ

Ալեքսանդր ԿԱՇԻՆ,
Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, տիեզերական ծրագրերի առաջատար ճարտարագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930