«Հայաստան, մեր ամենամոտ ընկերն ու ռազմավարական գործընկերը»,-ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների՝ իրենց հավատարմագրերի՝ Վլադիմիր Պուտինին հանձնման արարողության ժամանակ այսպես բնորոշեց Հայաստանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Միջոցառմանը մասնակցեց նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը:
Վլադիմիր Պուտինը Հայաստանին շնորհավորեց ՀՀ անկախության տոնի կապակցությամբ և նշեց, որ այս տարի հոբելյանները շատ են: Լրանում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն ու «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի ստորագրման 25-ամյակը: Վլադիմիր Պուտինը վստահեցրեց՝ Հայաստանն ու Ռուսաստանը ինտենսիվ քաղաքական երկխոսություն են վարում, դրա ապացույցն է այն, որ այս տարվա ընթացքում երեք հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիային, Վլադիմիր Պուտինը դա բնութագրեց՝ որպես հայ-ադրբեջանական սահմանային սրացումներ ու նշեց. «Մեզ համար երկու մոտ պետությունների միջև հակամարտային իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում: Մենք բոլորին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և հետևել նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթներին, որը ստորագրվել է ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների կողմից: Տարածքային խնդիրների լուծման բանալին մասնագիտական համատեղ աշխատանքներն են՝ սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ»:
Կարդացեք նաև
Վլադիմիր Պուտինը տեղեկացրեց, որ նոյեմբերին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ տարեկան գագաթնաժողովը: Նա նշեց, որ կազմակերպությունը միջոցներ է ձեռնարկում հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը զսպելու և կարգավորելու ուղղությամբ, ուստի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ հատուկ առաքելություն է ուղարկվել սահմանագոտի: Այդ առաքելությանը հանձնարարվել էր ուսումնասիրել իրավիճակը, պատրաստել առաջարկներ, որոնք կտրամադրվեն ՀԱՊԿ-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ