Հայաստանում ֆրանսիական համալսարանը նոր ռեկտոր ունի։ Բարձրագույն ուսումնական հաստատության ղեկը ստանձնում է տիկին Սալվա Նակուզին, ով Կալիֆորնիայի համալսարանի (Դեյվիս) և Փարիզի Դիդրո համալսարանի շրջանավարտ է: Մինչ ՀՖՀՀ-ի ռեկտոր դառնալը նա աշխատել է Իրաքում Ֆրանսիայի դեսպանատանը որպես մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական:
Ամերիկյան պատմության (ուսումնասիրության շրջանակը՝ ներգաղթ, ազգամիջյան հարաբերություններ, ազգայնականություն) դոկտոր Սալվա Նակուզին ակադեմիական կարիերա է վարել Պուատիեի համալսարանում և դասավանդել է արտերկրի մի շարք համալսարաններում, ինչպիսին են Դեյվիսում Կալիֆորնիայի համալսարանը (ԱՄՆ), Լուիզիանայի պետական համալսարանը (ԱՄՆ), նաև որպես հրավիրյալ դասախոս է աշխատել եվրոպական մի քանի համալսարաններում:
2004 թվականին տիկին Նակուզին նշանակվել է Պուատիեի համալսարանի միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ: Այսպիսով, նա ներկայացրել է իր համալսարանը եվրոպական տարբեր ցանցերում: 2010-2014 թթ․ նա աշխատել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Մերձավոր Արևելքի գրասենյակի տնօրեն:
Ներգաղթի, ինքնության և պատկանելության խնդիրներին վերաբերող հրապարակումների և հոդվածների հեղինակ տիկին Նակուզին եղել է մի քանի հետազոտական կենտրոնների անդամ:
Կարդացեք նաև
Նա արժանացել է բազմաթիվ պարգևների, ինչպիսին են «Պատվո լեգեոնի ասպետ» և «Ակադեմիական արմավենու ասպետ» շքանշանները:
Ռեկտորի հետ հարցազրույցների համար կարող եք դիմել ՀՖՀՀ-ի ԶԼՄ հաղորդակցության և հանրային կապերի կենտրոն:
Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է։ ՀՖՀՀ-ն շնորհում է երկու պետական դիպլոմ՝ հայկական և ֆրանսիական (եվրոպական): Համալսարանի ակադեմիական գործընկերներն են Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանը։ ՀՖՀՀ-ն ներկայումս ունի շուրջ 2000 ուսանող, մեկ տասնյակ դոկտորանտներ և ավելի քան 2700 շրջանավարտ։ ՀՖՀՀ-ի հաջողության վկայականն է շրջանավարտների աշխատանքի տեղավորման ցուցանիշը: Ըստ 2021թ․-ի շրջանավարտների շրջանում անցկացված հարցման՝ վերջիններիս ընդամենը 4%-ն է գտնվում աշխատանքի որոնման ակտիվ փուլում:
Հայաստանում ֆրանսիական համալսարան