Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Մկրտչյան. «Այս իշխանության օրոք մեր ներկան միայն զոհերի, մեր անանուն հերոսների թվերը հաշվելն է»

Սեպտեմբեր 20,2022 14:17

«Ես շատ կուզենայի, որ այսօրվա մեր հանդիպումը լիներ ինչ-որ հույսի, ձեռքբերումների մասին: Շատ եմ ցավում, որ հերթական փոփոխությունները միայն բացասական են եւ հերթական անգամ արձանագրվելու են պարտությունները, բնաջնջման վտանգի տակ կանգնած պետության, հասարակության խնդիրները»- ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը «Հայելի» ակումբում:

«Հույսի մասին չհիմնավորված խոսել չեմ ուզում, որովհետեւ եթե հասարակության մի զանգվածը կարծում է, որ Նիկոլին չփոխելով մի օր կարթանանա եւ կտեսնի՝ ադրբեջանցիները Ջերմուկից հետ են գնացել, Գորիսից Կապան ճանապարհը էլի հայկական ուժերի տիրապետության տակ է, կտեսնի, թե ինչպես է Նախիջևանում թուրք-ադրբեջանական տասնյակ հազարանոց զորքը ցրվում, նման բան չի լինի: Հետեւաբար, հույսը թողնում եմ միայն պայքարին: Հույսը միայն Նիկոլից հետո կարող է լինել, այլապես մեր ներկան միայն զոհերի, մեր անանուն հերոսների թվերը հաշվելն է»,-ասաց նա:

Աննա Մկրտչյանը չի ընդունում ադրբեջանական լրահոսից տեղեկատվության քաղումը կամ դրանց հետեւելը: Բայց նրա կարծիքով նրանք, ովքեր ադրբեջանական լրահոսում դիտել են նրանց տարածած տեսանյութերը, թե ինչպես են խոշտանգում ու սպանում հայերին, ինչպես են վարվում զինծառայող հայ կանանց, վիրավոր մեր գերիների հետ, անտանելի ցասում են զգալու, անտանելի ցավ են ապրելու եւ, գուցե, մի քանի շաբաթ չկարողանան վերադառնալ նորմալ կյանք: «Բայց նաեւ վստահ եմ, որ այդ տեսանյութերը դիտելուց հետո որեւէ հայ այլեւս չի կարողանալու նստել տանը: Ու փողոցից չի գնա այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանում դրա մեղավորներն արդար դատաստանի չենթարկվեն:

Հերթական թուրք-ադրբեջանական ագրեսիաներից մեկի ժամանակ ես ԱԺ-ում պարզապես հրապարակեցի այն ժամանակվա ՄԻՊ, պարոն Արման Թաթոյանի զեկույցում ներկայացված փաստերն այն մասին, թե ինչպես են վարվում գերիների հետ, ինչ անմարդկային տանջանքների ու խոշտանգումների են ենթարկում եւ մեծամասնության խմբակցությունից այն մարդը, որն այժմ նստած է ԱԺ նախագահի աթոռին, ասում էր, թե ես հեքիաթներ եմ պատմում: Պարզ էր, որ դա ուղղված էր ոչ թե ինձ, այլ հայ հանրությանը՝ ասելու, թե դա սուտ է»,-ասաց պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930