Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց:
Նիստին չէր ներկայացել Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: Նա դատարանին նամակով տեղեկացրել է առողջական խնդիրների մասին: Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ պաշտպանի բացակայության պայմաններում նիստը հնարավոր չի լինի շարունակել, ուստի որոշեց հետաձգել դատական նիստը: Այնուհետև տեղեկացրեց. «Դատարանը Արմեն Գևորգյանին թույլատրել է սեպտեմբերի 21-28-ը մեկնել ՀՀ-ից՝ ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում»:
Այս հայտարարությունից հետո մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը ցանկացավ հարց տալ: Աննա Դանիբեկյանն ասաց՝ նիստը արդեն իսկ ավարտվեց, սակայն թույլ տվեց, որ Գևորգ Բաղդասարյանն իր հարցը հնչեցնի: Նա ասաց. «Որ ամբաստանյալներին թույլատրվում է որևէ վայր մեկնել, և դա կիրառված խափանման միջոցի հետ կապված հարց է, այսինքն՝ դրա սահմանափակող ասպեկտը վերացնելը, արդյոք դա դատական նիստում չպե՞տք է քննարկվի»:
Աննա Դանիբեկյանն արձագանքեց. «Դատական նիստից դուրս քննարկումներ չեն եղել»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին՝ ժամը 13.00-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ