Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին քաղաքական գործընթացում ներգրավված չեմ»․ Արման Թաթոյան

Սեպտեմբեր 20,2022 13:20

«Հարցերին չեմ նայում այդ դիտանկյունից։ Այս պահին քաղաքական գործընթացում ներգրավված չեմ։ Հիմնադրամի հետ կապված ակտիվ հանրային գործունեություն եմ իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց 2016-2022թթ․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, «Իրավունքի եւ արդարության կենտրոն․ Թաթոյան հիմնադրամ» կազմակերպության ղեկավար Արման Թաթոյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում պնդումները, թե ինքը մտնելու է քաղաքականություն, որ լինելու է ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն։

«Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածու եւ այլն․․․կարծում եմ՝ հանրությունն իմ կարողությունները լավ գիտի։ Ես ինքս իմ կարողությունները լավ գիտեմ, իմ արարքների վրա վստահ եմ, եւ այս պահին ինձ այստեղ եմ տեսնում՝ իրականացնելու այս գործունեությունը»,-նշեց Արման Թաթոյանը՝ նկատի ունենալով հիմնադրամի աշխատանքը։

Նկատառմանն ի պատասխան, որ առկա խնդիրները լուծելու համար քաղաքական ռեսուրսներ են անհրաժեշտ, ու եթե հնարավորություն ընձեռվի, կմտնի՞ քաղաքականություն, Արման Թաթոյանը շեշտեց․ «Ի՞նչ է նշանակում քաղաքականություն։ Երկիրն այնքան օրհասական վիճակում է, որ ամեն օր կանգնած ենք ադրբեջանական ներխուժման վտանգի առաջ։ Արդեն իսկ զգալի տարածքներ են գրավել, ամեն օր սպառնում են։ Այս պայմաններում այս խոսակցությունը համարում եմ անտեղի։ Իմ նպատակն է՝ նպաստել այս փուլում խնդիրներով զբաղվելուն։ Ինչ վերաբերում է օրերս Բաղրամյան պողոտայում հավաքին մասնակցելը, ապա ես դա համարում եմ ինքնաբուխ մասնակցություն։ Ինչ որ ասել եմ այդտեղ, դա նորություն չէ։ Դա չի նշանակում կուսակցական շարժում։ Եթե նպատակահարմար գտնեմ, որ դա է ճիշտ ձեւը, կասեմ այդ մասին»։

Արման Թաթոյանը նաեւ շեշտեց, որ 44-օրյա պատերազմից հետո մենք ամեն օր էլ պատերազմի մեջ ենք, որովհետեւ իշխանության հովանավորչությամբ ադրբեջանական զինվորները մտել են ՀՀ տարածք, խոշտանգել, ունեզրկել․ «Անորոշության մեջ ենք, մինչդեռ խոսակցություններն աթոռակռվի մասին են։ Մեր հիմնադրամով անելու ենք ամեն ինչ՝ ցույց տալու համար, որ կան կենսական շահեր։ Այս պահին իմ կողմից դա եմ համարում արդյունավետ ձեւը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930