«ՀՀ-ում իրավունքի գերակայության եւ ժողովրդավարության խնդիրների տեսանկյունից ակնհայտ է, որ լուրջ հարցեր կան։ Նախ, ՀՀ-ում ձեւավորված է քաղաքական մեծամասնության դիկտատուրա»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց 2016-2022թթ․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, «Իրավունքի եւ արդարության կենտրոն․ Թաթոյան հիմնադրամ» կազմակերպության ղեկավար Արման Թաթոյանը։
«Որովհետեւ ամեն ինչ կենտրոնացած է մեկ կուսակցության ձեռքում։ Այդ կուսակցության շահերին են ծառայեցվում պետության բոլոր ռեսուրսները։ Այդ կուսակցությունն անընդհատ ներթափանցում է պետական ապարատ, եւ շատ հարցեր լուծվում են քաղաքական տեսանկյունից, որը մեծագույն խնդիր է։ Նայեք կառավարության ղեկավարի դերն ու խորհրդարանական վերահսկողությունը։ Կարո՞ղ եք ասել, որ ՀՀ-ում կա խորհրդարանական վերահսկողություն։ Լսած կա՞ք, որ կառավարող խմբակցության որեւէ պատգամավոր քննադատի կառավարությանը։ Կառավարության ղեկավարը պատգամավորներին վերաբերվում է որպես իր աշխատողների»,-շեշտեց Արման Թաթոյանը։
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ իշխող ուժի պատգամավորները չունեն ինքնուրույնություն․ «Մյուս կողմից, պարալիզացված է պառլամենտարիզմը, որովհետեւ ամեն ինչը որոշում է քաղաքական մեծամասնությունը՝ որոշումներ, պաշտոնների նշանակել եւ այլն։ Սա լրջագույն հարց է երկրի համար։ Ամենազգայուն, կարեւոր օրենքներն ընդունում են երկու-երեք օրում։ Սա իրավունքի գերակայության հետ ի՞նչ կապ ունի։ Այս ամենը հանգեցրել է նրան, որ չկա հանրային հաշվետվողականություն հատկապես անվտանգային հարցերում։ Պետական ապարատը մարդուն վերաբերվում է որպես օբյեկտի։ Ու անընդհատ խոսվում է լեգիտիմությունից»։
Կարդացեք նաև
Արման Թաթոյանը նշեց, որ դիկտատուրա որակումը տալու համար հիմքեր ունի․ «Քաղաքական իշխանությունն, այո, ձեւավորվում է քվեի հիման վրա, բայց դա չի նշանակում, որ այն ամբողջ ընթացքում պահպանում է լեգիտիմությունը, որովհետեւ ժամանակի ընթացքում դա փոխվում է։ Հարցն այն է, թե ինչ նպատակով ես եկել իշխանության, ի՞նչ մանդատ ես ստացել քաղաքացուց։ Չեմ կարծում, թե մեր քաղաքացիները պատգամել են Ադրբեջանի իշխանության հանցավոր արարքներն արդարացնել, «խաղաղության օրակարգի» տակ գյուղերն ու քաղաքները դնել վտանգի տակ եւ ավելի ամրացնել Ադրբեջանի դիրքերը»։
Արման Թաթոյանի բնորոշմամբ՝ այսօր իշխանությունը հեռացած է մարդուց, այդ հիմքով էլ ամրանում է դիկտատուրան․ «Քաղաքական համակարգը ծառայում է ոչ թե մարդուն, այլ քաղաքական շահին․․․այսօրվա ներքին պառակտումը սփյուռքում եւս հանգեցրել է այդ վիճակին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ