Լրահոս
Օրվա լրահոսը

«Քո հոգեվիճակը խաթարվեց այն պատճառով, որ հնարավոր է՝ Հայաստանում հաստատվեր ռազմական դրություն». հեռակա բանավեճ Հասմիկ Պապյանի եւ Ալեքսանդր Իրադյանի միջեւ

Սեպտեմբեր 20,2022 12:48

Գերմանաբնակ կոմպոզիտոր, դիրիժոր եւ դաշնակահար Ալեքսանդր Իրադյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որտեղ հայտնել է Մոցարտի «Դոն Ժուանի» բեմադրական աշխատանքներն ընդհատելու մասին:

«Ցավալիորեն ընդունում եմ, որ դա իմ որոշումն էր և ասում եմ, որ մեծ դժվարությամբ և ներքին պայքարով եմ հասել դրան։

Ես ուղիղ մեկ ամիս աշխատել եմ կոնսերվատորիայի օպերային ստուդիայի նվագախմբի հետ անշահախնդրորեն և խիստ մանրակրկիտ։ Բոլորը կարող են վկայել՝ աշխատանքն ինչքան ծանր ու տքնաջան է եղել, ինչքան ուժ, էներգիա և պրոֆեսիոնալ գործ է կատարվել վերջնարդյունք ստանալու համար։ Եվ ես, չնայած դժվարություններին, աշխատանքի անհարմարություններին, շարունակել եմ հավատալ, որ ամեն ինչ կարելի է անել ու հավաքել «puzzle»-ը։ Ինձ վստահել են և երաժիշտները, և ստեղծագործական կազմը, և հարգելի Հասմիկ Պապյանը։

Սեպտեմբերի 14-ին՝ Ադրբեջանի լայնածավալ հարձակումը Հայաստանի սուվերեն տարածքի վրա ինձ համար շոկային իրավիճակ ստեղծեց։ Ես այդ մասին տեղեկացրել եմ բոլորին, և ասել, որ պատրաստ չեմ սեպտեմբերի 16-ի ներկայացմանը․․․ Գուցե պետք էր հետաձգել․․․ Դժբախտաբար այդ տարբերակը հնարավոր չէր իրագործել։ Չգիտեմ… Ես որևէ մեկին չեմ կարող բացատրել ու ներկայացնել հոգեվիճակս, ապրումներս, սթրեսս և ստեղծված իրավիճակում այլևս չաշխատելու պատճառներս։ Դրա կարիքն էլ չկա։

Խնդրում եմ ընդունել ներողությունս, որ այսչափ ճանապարհ անցնելուց հետո, այսքան միասին աշխատելուց հետո, ես ստիպված եղա այս որոշմանը հանգել։ Շնորհակալ եմ Հարություն Արզումանյանին՝ դիրիժորի պատասխանատվությունը ստանձնելու և նախագիծը փրկելու համար։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ըմբռնումով են մոտենում իմ որոշմանը։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր գնահատել և արժևորել են մեկ ամսվա համատեղ, տքնաջան ու ծանր աշխատանքը»,-գրել է երաժիշտը։

Ի պատասխան այս գրառմանը՝ ֆեյսբուքի իր էջում արձագանքել է օպերային ճանաչված երգչուհի, Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի ղեկավար Հասմիկ Պապյանը: Նա գրել է, որ թեեւ իր «ոճի» մեջ չէ նման գրառումներին հրապարակավ պատասխանելը, բայց այս դեպքում չի կարող լռել:

«Օպերային ստուդիայում «Դոն Ջովաննի»-ի բեմադրությանը քեզ հրավիրել եմ անձամբ ես: Դու սիրով համաձայնել ես, որի համար հոգաչափ շնորհակալ եմ: Մեկ ամիս շարունակ դու արել ես անհնարինը. սկսելով աշխատել 6 ուսանողի հետ, հասցնելով նվագախմբի պատրաստվածությունը բոլորովին այլ որակի: Մենք քեզ և քո աշխատանքը անսահման գնահատել ենք, քեզ սիրել ենք որպես մարդ, չենք դադարել հիանալ քեզանով:

Այն, ինչի մասին դու գրում ես, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Պարտավոր ես խոստովանել (իսկ դրա վկաները շատ են), որ քո հոգեվիճակը խաթարվեց այն պատճառով, որ հնարավոր է, որ Հայաստանում հաստատվեր ռազմական դրություն և դու չկարողանայիր այլևս վերադառնալ Բեռլին, կորցնեիր քո աշխատանքը և նույնիսկ ստիպված լինեիր մեկնել ռազմաճակատ պաշտպանելու հայրենիքը: Այս ամենը մարդկային է և ըմբռնելի…

Դու դեռ չես վերադարձել, նստած ես Վրաստանում, սպասում ես քո թռիչքի օրվան Հայաստանից: Իհարկե, ափսոսում ես քո աշխատանքը, ունես սարսափելի խղճի խայթ, որը քեզ հանգիստ չի տալիս: Շնորհակալություն ես հայտնում Հարություն Արզումանյանին, որը փրկեց իրավիճակը: Դա կարող էիր անել այն դեպքում, եթե դու հիվանդացած, կամ աստված մի արասցե, ավտովթարի ենթարկված լինեիր: Քո գրառումից ստացվում է, որ պատերազմի պատճառով դու չկարողացար երաժշտությամբ զբաղվել, իսկ մենք «անսիրտ ու անհոգի», շարունակեցինք երգել և նվագել…»:

Հասմիկ Պապյանը Իրադյանին մեղադրում է «դիրքը» լքելու մեջ:

«Մաղթում եմ քեզ բարի ճանապարհ դեպի Բեռլին: Իսկ մենք կմնանք այստեղ, կփորձենք պահել Հայաստանի սահմանը մեր համեստ աշխատանքով և հավատով, որ վաղվա օրը մերն է լինելու, (նաեւ քո փոխարեն)…»,-գրառումն այսպես է ավարտել օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարը:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930