Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես փաստեր էի հրապարակում, իսկ իմ դեմ արշավ էին անում․ իշխանությունն ու կոնկրետ պաշտոնյաներ վախ ունեին»․ Թաթոյան

Սեպտեմբեր 20,2022 12:35

«Ադրբեջանական շարունակվող թշնամանքի՝ այս պատերազմի ընթացքում դրսեւորված հետեւանքներն ամփոփող զեկույց ենք հրապարակել, որում հատուկ շեշտադրվում է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ատելությունն ու թշնամանքը։ Զեկույցի աշխատանքն ավելի վաղ էինք սկսել, սակայն ներառեցինք նաեւ սեպտեմբերի 13-ի ագրեսիան»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց 2016-2022թթ․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, «Իրավունքի եւ արդարության կենտրոն․ Թաթոյան հիմնադրամ» կազմակերպության ղեկավար Արման Թաթոյանը։

Նա տեղեկացրեց, որ Ադրբեջանի իշխանության՝ թշնամանքի եւ ատելության քաղաքականությունը երկու հիմնական հիմքեր ունի՝ կրոնական եւ էթնիկ․ «Դա դրսեւորվում է ամենադաժան հանցանքներով, հանցանքի խրախուսմամբ իշխանության կողմից։ Կրկնվում է ապրիլյան, 44-օրյա պատերազմների ձեռագիրը՝ խոշտանգել, նկարահանել, հրապարակել, ծաղրել, ստանալ խրախուսում իշխանությունից։ Սոցցանցերում անգամ սթիքերներ են սարքել։ Ատելությունն ու թշնամանքն այնքան է խորացել, որ ստանում է նման դրսեւորումներ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունը չունի խաղաղության նպատակ։ Մեր համար խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց ակնհայտ է, որ մյուս կողմը բացարձակ չունի նման մտադրություն, հակառակը»։

Արման Թաթոյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը շարունակում է քարտեզներ հրապարակել, ու թեեւ դա ցնդաբանություն է թվում, բայց իրենց պետական քաղաքականությունն է․ «44-օրյա պատերազմի ժամանակ ես հրապարակում էի ադրբեջանցի զինվորների գրպանների քարտեզները։ Դրանք այդ նույն քարտեզներն են, ուստի դա նրանց հիմնարար պետական քաղաքականությունն է։ Նրանք աշխարհի համար շղարշ ապահովելու նպատակով «խաղաղասեր» են երեւում, իսկ մենք, երբ չենք արձանագրում խախտումները պետական մակարդակով, երբ պետական մակարդակով ցույց չի տրվում ցեղասպան քաղաքականության հիմքերը, Ադրբեջանը հայտնվում է ավելի բարենպաստ դիրքերում։ Եվ Ադրբեջանը չի վերացնելու իր այդ քաղաքականությունը»։

Արման Թաթոյանը շեշտեց՝ սեպտեմբերի տասներեքից Ադրբեջանը հայկական խաղաղ բնակավայրերը հրետակոծում է հենց այն վայրերից, որտեղ մինչեւ այդ ապօրինի, հանցավոր կերպով առաջխաղացել եւ հաստատվել էր ՀՀ ինքնիշխան տարածքում․ «Ի սկզբանե կային նրանց հեռացնելու հիմքեր։ Ամեն օր կոնկրետ փաստերով ցույց էի տալիս, որ ունեզրկել են, անհնարին դարձրել մարդկանց բնականոն կյանքը։ Բայց այս ամբողջն անտեսվում էր, միջազգային մեխանիզմները չօգտագործվեցին։ Իսկ այսօր ի՞նչ է կատարվում։ Ամբողջությամբ ընկել ենք աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Նաեւ ո՞րն է դրա պատճառը։ Այն, որ միջազգային մեխանիզմները պատշաճ չօգտագործեցինք։ Այդ ժամանակ ես հանդիպում էի միջազգային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների, այլ երկրների ԱԳՆ-ների հետ․ մինչեւ Մինսկի խմբի համանախագահ զրույցներ եմ ունեցել։ Ակնհայտ էր, որ հնարավորությունները չէին օգտագործվում, մինչդեռ ադրբեջանցի զինվորները հայտնվել էին մեր ճանապարհներին։ Փոխանակ քայլեր ձեռնարկվեին՝ նրանց հեռացնելու համար, հիշո՞ւմ եք, թե ինչ արշավ սկսվեց։ Փոխվարչապետից մինչեւ քաղաքական թիմի համայնքի ղեկավարներ հերքում էին, ասում, որ խնդիր չկա, որ ադրբեջանցիներն իրենց դիրքերում են, որ Սյունիքն անվտանգ է, որ ադրբեջանցիները խնդիր չեն առաջացնում, որ ՀՀ-ում կան ադրբեջանական տարածքներ։ Այդ ամենն ամրացրեց Ադրբեջանի դիրքերը»։

Արման Թաթոյանը շարունակեց․ «Իսկ ինչո՞ւ դա չարվեց։ Ես փաստեր ունեմ, որոնց առնչվել եմ աշխատանքիս ընթացքում։ Որպեսզի քաղաքական վախեր սերմանեն։ Քաղաքական իշխանությունն ու կոնկրետ պաշտոնյաներ վախ ունեին, որ իրենց հանդեպ մարդկանց դժգոհությունը կառաջանա։ Սրանք քաղաքական-անձնական շահեր էին։ Ես առնվազն փաստերով եմ այդ ամենն ապացուցել, ու իմ խոսքերի վրա վստահ եմ։ Երկրի անվտանգությունն ավելի ցածր էր գնահատվում, քան քաղաքական-անձնական շահը։ Ստացվում է, որ մենք սուտ էինք խոսո՞ւմ, ոչ, հիմա ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում, թե ինչ է Ադրբեջանն անում։ Փետրվարին, երբ Սյունիքում էի, Ճակատենի այլընտրանքային ճանապարհ էին սարքում։ Ծառ առ ծառ անցել եմ այդ անտառներով։ Մի քանի հարյուր մետր անզեն աչքով երեւում էին ադրբեջանցիները, եւ նրանց քթի տակով ճանապարհ էին սարքում։ Դրա համար էլ այս պատերազմի ժամանակ այդ ճանապարհով անցնել չէր լինում։ Ի՞նչ է, ադրբեջանցիները եկել այդտեղ նստել էին մեր գեղատեսիլ բնությամբ հիանալո՞ւ։ Եվ այդ ամենը միջազգային հանրությանը չէր ներկայացվում»։

Թաթոյանը հավելեց․ «Ավելին ասեմ։ Այսօր շահագրգռված են չբացահայտելու առանձին խնդիրներն ու խախտումները։ Նորից եմ ասում, որ այստեղ քաղաքական շահի խնդիր կա, որով լուրջ վնաս է հասցվում մեր երկրի շահերի պաշտպանությանը։ Այս ամենը երկրում տարիներով կուտակված խնդիրներն են՝ սկսած 2018-ից առաջ։ 2016-18թ․ի իմ զեկույցներում արձանագրել եմ մարդու իրավունքների կոպիտ խախտումների, խեղված արժեհամակարգի եւ խեղաթյուրված կրթական համակարգի դեմ պայքարի բացակայությունը։ Իսկ հատկապես 2018թ․-ից հետո ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրվեց նախկինի եւ նորի պառակտիչ երկխոսությունը։ Երբ այսօրվա պաշտոնյաներն ընդդիմադիր էին, եւ իրենց տեսնում էի ձերբակալվածների պահման վայրերում, ասում էի, որ այս պառակտվածությունը լավ տեղ չի բերելու։ Այսօր մարդիկ տեղեկատվություն են ստանում ոչ թե պետական մարմիններից, այլ ադրբեջանական մամուլից։ Հետո էլ կբողոքեն ապատեղեկատվությունից։ Պետությունն իր ձեռքը չի վերցնում տեղեկատվական քաղաքականությունը, որովհետեւ քաղաքական վախեր կան։ Դրա համար «ֆեյքերով» խմբերի են բաժանում մարդկանց, պառակտում, այդ պատճառով իշխանավեճ է, աթոռների ու պաշտոնների կռիվ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930