«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ողջունում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի սեպտեմբերի 19-ի պատմական ուղերձը, որով Ստեփանակերտը փորձում է վերագտնել 1998թ-ին Հայաստանում իշխանության եկած Քոչարյան-Օսկանյան դավադիր զույգի քաղաքականության արդյունքում կորսված սեբյուկտայնությունը:
Օրհասական այս իրավիճակում Ստեփանակերտի խիզախ քայլը կարող է գոյաբանական կարևորություն ունենալ Արցախի և Հայաստանի համար։ Նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, Նյու Յորքում ԱՄՆ Պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով կարևոր հանդիպումից առաջ, հույժ կարևորություն է ստանում՝ ըստ էության խափանելով Ադրբեջանի օրակարգը՝ ուղիղ կախվածությունից ազատելով Արցախի անվտանգությունն ու Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցերը։
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը կանի ամեն ինչ, որպեսզի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը հասցնի միջազգային գործընկերներներին՝ գտնել-ստեղծել-ապահովելու մեխանիզմներ՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության համար միջազգային մեխանիզմներ և երաշխիքներ ապահովելու համար։
Ոգևորիչ է, որ Արցախի իշխանական վերնախավը, չնայած ներքաղաքական և արտաքին քաղաքական լրջագույն սպառնալիքներին և ճնշումներին, հանդես է բերում այս աստիճան հասուն պետականամետ գիտակցում Հայաստանի Հանրապետության առջև կանգնած էքզիստենցիալ սպառնալիքների վերաբերյալ՝ գործուն քայլերով փորձելով կիսել Երևանի պատասխանատվության բեռը:
Կարդացեք նաև
Անգնահատելի է արցախահայության բարձր գիտակցումը, որ Արցախը հայկական, ավտանգ և պաշտպանված կարող է լինել ոչ թե ժամանակավոր այս կամ այն երկրի խաղաղապահ ուժի կամ ուժերի, այլ ուժեղ, հզոր, ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի Հարապետության պետականության շնորհիվ։
ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ