Նենսի Փելոսիի ջերմ ընդունելությունը Հայաստանում փորձագիտական որոշ շրջանակներ փորձեցին ներկայացնել հավասարակշռված արտաքին քաղաքականությունից Հայաստանի հեռացման քայլ, ինչը, բնականաբար, հեռու է իրականությունից: Պարզապես, Երեւան էր ժամանել երկար տարիներ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարած, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության դեմ մինչ օրս հետեւողականորեն պայքարող ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան:
Հայաստան էր ժամանել հայ ժողովրդի մեծ բարեկամը, որը ԱՄՆ պետական համակարգի հիերարխիայում երրորդ պաշտոնն է զբաղեցնում, եւ հայ ժողովուրդն առաջին հերթին բարոյական պարտավորություն ուներ հայկական ջերմությամբ ընդունելու իր բարեկամին:
Փելոսին հնչեցրեց այն բանաձեւը, որով ԱՄՆ-ն, միջազգային հարաբերությունների գրված եւ չգրված կանոններով, կարող է այս պահին աջակցել Հայաստանին, ինչը եւ արել էր, երբ Ադրբեջանի վերջին ագրեսիան դադարեցնելու համար դիմել էր նաեւ ՀԱՊԿ-ի առանցքային պետությանը՝ ՌԴ-ին, որպեսզի նա օգտագործի կողմերի հանդեպ իր ազդեցությունը հրադադարի ռեժիմը վերականգնելու համար:
ՀՀ վրդովմունքը ՀԱՊԿ խորհրդի ժամանակ անդամ պետություններից հնչած հայտարարություններն էին, որոնք հիմնականում Ադրբեջանի առաջ քաշած թեզերն էին արտահայտում: Մասնավորապես, խոսքը հնչած այն թեզի մասին է, թե ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ դեռ սահմանները հստակ չեն:
Կարդացեք նաև
Սակայն սթափ եւ խորը գնահատողների համար պարզ է, որ ՀՀ-ից բարձրագույն մակարդակով ՀԱՊԿ-ին ուղղված համահունչ գնահատականներն ամենեւին էլ չեն կարող նշանակել, որ Հայաստանը նման բարդ եւ ծայրահեղ վտանգավոր աշխարհաքաղաքական իրավիճակում դուրս է գալիս այս պահին տարածաշրջանում իր համար գործող միակ ռազմաքաղաքական անվտանգային համակարգից, առավել եւս, որ Ադրբեջանի գործողությունները հրահրում եւ ողջունում է տարածաշրջանին կից գտնվող մեկ այլ ռազմաքաղաքական բլոկի՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան:
Հետեւաբար, ՀԱՊԿ քննարկումներին վերաբերող ՀՀ իշխանությունների հիմնավոր դժգոհությունը եւ հայ ժողովրդի մեծագույն բարեկամի՝ հայաստանյան ջերմ ընդունելությունն այս պահին ՀՀ արտաքին հավասարակշռված քաղաքականության խախտում որակելու փորձերը մակերեսային, ոչ փաստարկված դատողությունների արգասիք են եւ աշխարհաքաղաքականության առումով կենսունակ չեն:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: