ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ զրուցել ենք Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնամասշտաբ գործողությունների, հաջորդած քաղաքական իրողությունների ու ներկայիս իրավիճակի մասին: Խոսելով ՀՀ ինքնիշխան տարածքների վրա իրականացված հարձակումից՝ Խ. Հարությունյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ այն Հայաստանի իշխանությունների՝ նախկինում ընդունած որոշումների հետևանքն էր ու հերթական հանգրվանը:
Անդրադառնալով ռազմական գործողություններին նախորդած բանակցային գործընթացին, երբ առաջ էր տարվում «խաղաղության պայմանագրի» ստորագրման օրակարգը, ու հարցին՝ այն, ի վերջո, կե՞ղծ է, թե՞ ոչ, մեր զրուցակիցը նշեց. «Նայած՝ ում համար էր այն կեղծ օրակարգ: Ալիևի համար այդ «մեծ պայմանագիրը» կեղծ օրակարգ չէ: Ալիևը լավ հասկանում է, որ 44-օրյա պատերազմի փաստացի արդյունքները անհապաղ պետք է կապիտալիզացվեն և միջազգային հանրության կողմից ճանաչված դրույթների հիման վրա վերածվեն միջպետական պայմանագրի: Դա իր օրակարգն է՝ ի տարբերություն մեզ, երբ 1994 թ. մեր հաղթանակը չփորձեցինք անգամ կապիտալիզացիայի ենթարկել, վերածել քաղաքական մեծ պայմանագրի: Իրենք դա հմտորեն փորձում են իրականացնել՝ գիտակցելով, որ ժամանակը հետագայում կարող է անգամ իրենց դեմ աշխատել: Այդ իսկ պատճառով նրանք շտապում են: Այնպես որ, այդ «խաղաղության պայմանագիրն» իրենց համար ռեալ օրակարգ է, որը Թուրքիայի անմիջական աջակցությամբ փորձում են կյանքի կոչել»:
Նրա խոսքով, այլ հարց է, թե ինչ խնդիր են լուծում Հայաստանի իշխանությունները: Այս համատեքստում Խոսրով Հարությունյանը հիշեցրեց Ադրբեջանի առաջ քաշած հինգ կետերի մասին՝ հիշեցնելով նաև պաշտոնական Երևանի պատասխանը. «ՀՀ իշխանությունների պատասխանի մեջ Արցախի վերաբերյալ անգամ ինքնորոշում բառը չօգտագործվեց: Մինչդեռ եթե խոսում ենք Արցախի անվտանգության երաշխիքների ձևավորման մասին, ապա նախ և առաջ պետք է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Վերջին շրջանում անգամ Արցախի կամ ԼՂ ժողովուրդ տերմինը չի օգտագործվում, մինչդեռ ժողովուրդը քաղաքական կատեգորիա է՝ իրեն վերապահված իրավունքներով»,-ասաց նա՝ շեշտելով, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի համար վերոնշյալ «խաղաղության» օրակարգը կեղծ է:
«Սա չի նշանակում, որ մենք պետք է ընդհանրապես խուսափենք ադրբեջանցիների հետ բանակցելուց: Բացարձակապես ոչ: Մենք պետք է նստենք ու լրջագույնս բանակցենք ապաշրջափակման մասին: Ոչ թե Ադրբեջանը Նախիջևանին կամ Թուրքիային միացնող միջանցքի, այլ՝ ապաշրջափակման: Նշված միջանցքը ապաշրջափակման հետ որևէ աղերս չունի և Հայաստանին էլ ավելի մեկուսացված պետություն է դարձնելու տարածաշրջանում: Իսկ սահմանազատումը պետք է իրականացվի միջազգայնորեն ընդունված սկզբունքների հիման վրա: Ընդհանուր առմամբ, մեզ համար վերոնշյալ օրակարգը կեղծ է, որովհետև մեր կողմից հիմնարար, կոնցեպտուալ, երկրի անվտանգությունը երաշխավորող նախադրյալներ ստեղծելու դիրքերից չեն մոտենում խնդրին: Խնդրին մոտենում են «ուժեղ են, ուզում ենք տանք, որ պրծնենք» տրամաբանությամբ: Մինչդեռ իշխանությունների այս մոտեցումը կործանարար է Հայաստանի համար: Սա է պատճառը, որ ընդդիմությունն ասում է՝ սեղանին դրված է հայոց պետականության լինել-չլինելու հարցը: Այդ հարցն օրակարգ է բերել գործող իշխանությունը՝ իր որոշումներով, իր գործողություններով կամ անգործությամբ»,- նշեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Խոսրով Հարությունյանի հետ զրույցում անդրադարձանք վերջին օրերին ավելի ցայտուն դրսևորվող մի երևույթի, երբ, օրինակ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից կարող են մեծ ոգևորություն ապրել, սպասելիքներ ունենալ, իսկ մյուս կողմից, օրինակ՝ խորանալ հակառուսական տրամադրությունները: «Այն, որ հասարակության լայն շրջանակները կարող են գայթակղվել, կարող են անգամ ծայրահեղությունների մեջ ընկնել, շատ բնական է: Խնդիրն այն չէ, որ մեր գյուղացին կամ շարքային քաղաքացին մեկի այցից կամ մյուսի չայցից կա՛մ ոգևորվում է, կա՛մ տխրում: Խնդիրը նախևառաջ քաղաքական և ընդհանուր էլիտայի որակների մեջ է: Էլիտան որակյալ չէ, քաղաքական էլիտան՝ առավել ևս որակյալ չէ: Օրինակ՝ Փելոսիի այցը պատճառների, հետևանքների առումով, անշուշտ, պետք է վերլուծության առարկա դառնար: Արդյո՞ք սա պետք է շատ լուրջ ոգևորություն առաջացներ, չգիտեմ: Գիտեմ միայն մի բան՝ էմոցիաները մեծ քաղաքականությանը շատ վնաս են, որովհետև ոչ մի պետություն չի առաջնորդվում իր էմոցիոնալ ընկալումներով, սիրելով, ատելով: Կա շահ: Իհարկե, զարգացումների այս փուլում Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականության նկատմամբ դժգոհություն ունենալու բոլոր հիմքերը կան:
Ընդ որում, այդ հիմքերը ստեղծում է նաև ինքը՝ Ռուսաստանը: Արձանագրենք, որ ՀԱՊԿ-ն այսօր այլևս թղթի վրա է: ՀԱՊԿ-ն առհասարակ անդամ բոլոր երկրների կողմից միշտ դիտվել է որպես իրենց և Ռուսաստանի ռազմաքաղաքական համագործակցության հավելյալ հնարավորություն: Ավելին՝ ՀԱՊԿ-ից ոչինչ սպասել չի կարելի, ընդ որում՝ ոչ ոք չի կարող սպասել: Միևնույն ժամանակ, քանի որ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական բնագավառում հայ-ռուսական հարաբերությունների անբաժանելի բաղադրիչն է, պետք չէր այսօր ՀԱՊԿ-ի հանդեպ կտրուկ քայլեր կատարել, դա անիմաստ է»,-ասաց Խ. Հարությունյանը:
Իսկ թե ինչ էր ավետում Նենսի Փելոսիի այցը՝ մեր զրուցակիցը նախ նշեց. «Մենք հաճախ ՀՀ այս իշխանություններից լսում ենք, որ ստեղծված իրավիճակում արտաքին սպառնալիքներին դիմագրավելու տնտեսական, ռազմական, քաղաքական հնարավորություններ ու կարողություններ չունենք: Արձանագրելով սա՝ իրենք փորձում են շրջանցել այն միտքը, որ այս ամենն իրենց գործողությունների կամ անգործության հետևանքն է: Բայց մեկ գործոն կա, որը միշտ էլ կարող է դեր խաղալ: Դա մեր աշխարհագրական դիրքն է: Այսինքն, այն գործոնը, որը Հայաստանը դարձրել է շատ խոցելի, նաև իր մեջ որոշ հնարավորություններ է պարունակում: Պարզապես կարելի է այդ հնարավորություններն ավելի ռացիոնալ ու ավելի արդյունավետ օգտագործել: Ինչ վերաբերում է Փելոսիի այցին, ապա այն, բացի նախընտրական բնույթից, ամեն դեպքում, աչքի ընկավ նաև շատ կոշտ ու լուրջ ձևակերպումներով, հայտարարություններով՝ ուղղված Ադրբեջանին: Այդ հայտարարությունների հետ հաշվի չնստել չի կարելի: Իհարկե, այն, ինչ ասում է ԱՄՆ Կոնգրեսը, պարտադիր չէ, որ հալած յուղի պես ընդունի կառավարությունը և հակառակը: Հիմա ԱՄՆ Կոնգրեսը գտնում է, որ եթե անգամ իրենք հետամուտ են լինում ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու քաղաքականությանը, այդուհանդերձ, այդ խնդրում պետք է օգտագործեն Հայաստանի աշխարհագրական դիրքը: Բոլոր պետությունները առաջնորդվում են իրենց շահերից ելնելով: Բոլոր հավասար պայմաններում, համոզված եմ, Հայաստանը Ռուսաստանին անգամ իր իսկ անվտանգությունն ապահովելու տեսանկյունից ավելի է պետք, քան որևէ այլ պետությանը: Բայց սա չի նշանակում մերժել բոլոր այն հնարավորությունները, որոնք կարող են ձևավորվել հայ-ամերիկյան հարաբերություններում»:
Ամփոփելով՝ նա շեշտեց, որ ռազմական գործողությունների դադարեցմանը նպաստեցին մի քանի գործոններ. «Չեմ կարող չնշել թե՛ ՌԴ-ի, թե՛ ԱՄՆ պետքարտուղարի ջանքերը, որոնք անկասկած իրենց անդրադարձն ունեցել են ռազմական գործողությունների դադարեցման վրա: Այդ հարցում, ըստ իս, պակաս ազդեցություն չեն ունեցել ազդեցիկ պետությունների ղեկավարների հասցեական գնահատականները Ադրբեջանին՝ հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Բայց, անկասկած, պետք է նշեմ մեր բանակի գործոնի մասին. թեպետ ցավալի կորուստներ ունեցանք, այդուհանդերձ, ադրբեջանցիները զգացին ՀՀ ԶՈւ-ի հակազդեցությունը: ՀՀ ԶՈւ-ն ըստ արժանվույն պատասխան տվեց ադրբեջանցիներին, ինչը կարևոր է: Մյուս գործոնը, ըստ իս, հետևյալն է. Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը հաշվի նստեց այն հուժկու հանրահավաքի հանգամանքի հետ, որը ընդհուպ կարող էր Հայաստանում քաղաքական ղեկավարության փոփոխության հանգեցնել»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։