Լրահոս
Օրվա լրահոսը

Կողմնորոշվեք՝ ինչ եք սպասում Վաշինգտոնից. ամերիկյան ուղերձ Երեւանում

Սեպտեմբեր 20,2022 10:30

Ամերիկյան աջակցություն վայելող ՀՀ իշխանությունը պարտավոր է հասնելու Ադրբեջանի նկատմամբ կոշտ պատժամիջոցների կիրառման

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ժամանեց Երեւան։ Սա խոսնակ Փելոսիի առաջին այցն էր Հայաստան: Երեւան ժամանելուց քիչ անց Նենսի Փելոսին սոցցանցերում գրեց. «Մեր Հիմնադիրները 1787 թվականին ժողովրդավարությունը գերադասեցին ինքնակալությունից: Սերունդներով մենք պաշտպանել եւ պահպանել ենք նրանց ընտրությունը: Այսօր, Միացյալ Նահանգներից Ուկրաինա, Թայվան, Հայաստան՝ աշխարհը կանգնած է ժողովրդավարության եւ ինքնակալության միջեւ ընտրության առջեւ, եւ մենք պետք է, կրկին, ընտրենք ժողովրդավարությունը»:

Փելոսին Երեւանում խստորեն դատապարտեց Ադրբեջանի հարձակումները Հայաստանի վրա՝ փաստելով, որ Հայաստանի սահմանների, Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ տեղի է ունեցել հարձակում: «Հայաստանը մեզ համար կարեւոր նշանակություն ունի, եւ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները Հայաստանի տարածքի նկատմամբ մենք խստորեն դատապարտում ենք` Կոնգրեսի անունից», – նշեց նա, հավելելով, որ ԱՄՆ-ը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հստակ եւ վաղուց նշել է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ. «Մենք ցանկանում ենք ձգտել, որ բանակցային խաղաղ եւ տեւական լուծում լինի ԼՂ-ի հակամարտությանը»:

Հայտնի դարձավ, որ Ներկայացուցիչների պալատը բանաձեւ է առաջ քաշել, որով դատապարտում է Ադրբեջանի գործողությունները: «Ես հուսով եմ, որ այդ բանաձեւով մենք առաջ կշարժվենք, ինչ վերաբերում է մեր հանձնառությանը Հայաստանի հետ կապված, մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ դեմ ենք լինելու ՀՀ սահմանների որեւէ փոփոխությանը», հայտնեց ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը:

Որո՞նք էին Փելոսիի գլխավոր ուղերձները: Այս հարցին պատասխանելիս պետք է դիտարկել նրան ուղղված մի քանի հարցերի պատասխաններ: Այսպես, պատրա՞ստ է ԱՄՆ-ը ռազմական աջակցություն տրամադրել Հայաստանին: Պատասխանը հստակ էր՝ այստեղ ենք` հասկանալու, թե Երեւանն ինչ ակնկալիքներ ունի Վաշինգտոնից. «Մեր այցը կարեւոր է նաեւ այն առումով, որ այստեղ ենք` լսելու, հասկանալու, թե ինչ կարող ենք անել, ինչ կարող է ակնկալվել մեզանից։ Մեր այսօրվա հանդիպման ժամանակ խոսեցինք տնտեսական, անվտանգային հարցերի մասին, «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրին Հայաստանի միանալու հարցն առաջ քաշվեց, ինչպես նաեւ պաշտպանության հարցերի շուրջ մեր համագործակցությանն անդրադարձանք։ Մենք այստեղ ենք, որպեսզի լսենք, հասկանանք, թե ինչ ակնկալիքներ ու ցանկություններ կան», – ասաց Նենսի Փելոսին: Իսկ ահա՝ «այլ սուբյեկտների հետ հարաբերությունները Հայաստանի որոշելիքն են», – նշեցին ամերիկյան օրենսդիր մարմնի պատվիրակության անդամները՝ անդրադառնալով մեկ այլ հարցի, թե արդյոք Միացյալ Նահանգները ակնկալո՞ւմ է, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, եւ արդյոք Վաշինգտոնը պատրաստվո՞ւմ է երաշխավորել Հայաստանի սուվերենությունը, Հայաստանի եւ Արցախի ժողովրդի անվտանգությունը։

Հայաստանի ներկայիս իշխանությունները մինչեւ սեպտեմբերի 13-ից ստեղծված նոր բարդ իրավիճակը՝ առհասարակ որոշե՞լ էին, թե հարաբերությունների ինչ մակարդակ են ուզում ապահովել ամերիկյան ներկայիս վարչակազմի հետ: Ունե՞ին օրակարգ, հանդե՞ս էին եկել նախաձեռնողականությամբ: Չէ՞ որ կարելի էր Փելոսիի այցով արդեն խոսել իրագործած ծրագրերի մասին, կամ գոնե՝ դրանց մեկնարկի մասին: Նման իրավիճակ ունենալու դեպքում մենք ստիպված չէինք լինի լսել Նենսի Փելոսիից այս բովանդակությամբ ակնարկ՝ եկել ենք հասկանանք, թե ինչ եք ուզում մեզանից: Այսինքն, դուք որոշեք ինչ եք ուզում, որ մենք էլ հասկանանք:

Իհարկե, ամերիկյան պատվիրակության անդամների այցով միանշանակ ընդգծվեց՝ ՀՀ իշխանության նկատմամբ նրանց աջակցությունը: «Ողջ աշխարհը ողջունել է Հայաստանի ժողովրդավարությունը, թավշյա հեղափոխությունը, եւ դա առավել ամրապնդվել է վերջին ազատ եւ արդար ճանաչված ընտրություններով: Դուք լավ օրինակ եք ժողովրդավարությանը անցում կատարելու իմաստով, եւ մենք աջակցում ենք դրան: Ինչպես պարոն Փալոնը նշեց, այլ սուբյեկտների հետ ձեր հարաբերությունները Հայաստանի որոշելիքն է, բայց մեր տեսակետն է, որ Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ինքնիշխանությունը, Հայաստանի ժողովրդավարությունը շատ կարեւոր են Ամերիկայի համար: Այլ երկրների հետ մեր հարաբերություններում մենք պետք է օգտագործենք մեր ազդեցությունն ու լծակները՝ ցույց տալով, որ Հայաստանի ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը գերակա են: Ես սա ասում եմ իմ անունից, չեմ ասում, թե ինչ պետք է անի Հայաստանը», – շեշտեց Փելոսին։ Պատվիրակության անդամներից կոնգրեսական, հայազգի Ջեքի Սփիերը հայտարարեց, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ դեմ կլինի Հայաստանի սահմանների փոփոխությանը. «Կշարունակենք աջակցել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Միացյալ Նահանգները դեմ կարտահայտվի Հայաստանի սահմանների որեւէ փոփոխությանը»։ Նկատենք, սակայն, որ Փելոսին ուղիղ չպատասխանեց Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ տրված հարցերին ու գնահատականներին:

Այսպիսի քաղաքական աջակցության պայմաններում ՀՀ ներկայիս իշխանությունները վաղուց պետք է ամերիկյան կողմի հետ Հայաստանի շահերին համահունչ օրակարգ ձեւավորած լիներ: Ամերիկյան նման աջակցություն վայելող իշխանությունն այժմ պարտավոր է հասնելու Ադրբեջանի նկատմամբ կոշտ պատժամիջոցների կիրառման, գոնե սա նվազագույնն է, որը անհրաժեշտ է իրագործել:

Կառավարությունում ընդունելով Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ վարչապետ Փաշինյանը փաստեց. «Մենք գնահատում ենք ԱՄՆ-ի հստակ դիրքորոշումը՝ կապված Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի հետ։ Իհարկե, ԱՄՆ կառավարության կողմից հստակ ձեւակերպումները գնահատելի են, որովհետեւ դա շատ կարեւոր է մեզ համար։ Տեղյակ եք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է ներկա իրավիճակը, եւ մենք հույս ունենք, ու դա մեր դիրքորոշումն է, որ այս իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում եւ այս առումով, իհարկե, մենք ապավինում ենք ԱՄՆ աջակցությանը»։ Իր հերթին Փելոսին նշեց. «Աջակցությունը ժողովրդավարությանը Հայաստանում, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, հակազդեցությունը Թուրքիային Լեռնային Ղարաբաղի հարցում, եւ բոլոր մնացած առումներով մենք Հայաստանի ընկերն ենք։ Մենք այստեղ ենք՝ հարգելով Ձեր կառավարությունը»։ Նա մեկ անգամ եւս շեշտեց, որ ամերիկյան պատվիրակությունն իր հետ բերել է Ամերիկայի ժողովրդի սերը, հարգանքը՝ գործող կառավարության եւ սեր՝ Հայաստանի ժողովրդի հանդեպ։

Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում էինք նաեւ, որ Փաշինյանն ու Փելոսին քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը, տարբեր ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նրանք անդրադարձել են նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ դրսեւորված ագրեսիային եւ ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերմանը վերաբերող հարցեր: «Քննարկվել են տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր», ասվում էր ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ:

Ի դեպ, սեպտեմբերի 18-ին Փելոսիի այցի առթիվ Երեւանում բողոքի ցույցեր անցկացվեցին, որով ողջունեցին ամերիկացի պաշտոնյային, ԱՄՆ-ից պահանջեցին՝ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիայի դեմ, ինչպես նաեւ Հայաստանի իշխանություններից պահանջեցին՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից: Նրա այցից մեկ օր առաջ ՀԱՊԿ Միասնական շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, դիտարկում էր իրականացվել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում: Սիդորովն ասել էր, թե հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաեւ տաջիկա-ղրղըզական սահմանին ՀԱՊԿ-ի համար տհաճ իրավիճակ է ստեղծվել: Սակայն նաեւ շեշտել էր, թե՝ Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունը փորձում է հնարավորինս օբյեկտիվ լինել, իսկ եզրակացությունների մասին դեռ վաղ է խոսել:

Նկատենք, որ վերջին մի քանի օրերին Հայաստանի իշխանությունները բարձր մակարդակով բարձրաձայնեցին ՀԱՊԿ-ից դժգոհությունների մասին եւ ուղիղ մեղադրեցին Ռուսաստանի գլխավորած դաշինքին անգործության համար։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ է հաջողվել ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։ «Ազատության» եթերում Արմեն Գրիգորյանը նկատել էր, որ ՀԱՊԿ-ի հետ այլեւս հույս չեն կապում: Իսկ Հանրայինի եթերում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խոսեց Հայաստանի դժգոհությունների մասին, ասաց՝ հետեւություններ կանեն։

Հիշեցնենք, որ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության հայաստանյան այցից առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հանդես եկավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադար հաստատելու, իրավիճակը քաղաքական ու դիվանագիտական միջոցներով կարգավորելու օգտին: Պարզվեց, որ Մոսկվան պնդել էր՝ պատրաստվող փաստաթղթում անպայման հղում արվի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների միջեւ 2020թ. եւ 2021թ. ստորագրված հայտարարություններին, որոնք «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հիմք են եւ պարունակում են հրադադարի եւ մի շարք այլ նախագծերի պարտավորություններ, որոնք կողմերը հանձն են առել իրագործել»: «Մենք պատմել ենք այն ջանքերի մասին, որոնք ձեռնարկել է Ռուսաստանը` թե՛ առանձին, թե՛ ՀԱՊԿ-ի միջոցով` իրավիճակի կարգավորման եւ հրադադար հաստատելու համար», -ասել էր ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան՝ հավելելով, թե՝ «ներկայացրել են նաեւ այն քայլերը, որոնք ՀԱՊԿ-ը կձեռնարկի Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո»: Թե ինչ քայլերի մասին է խոսքը՝ նա չէր մանրամասնել:

Պաշտոնական Երեւանի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրավիրված արտահերթ նիստում, ԱԽ-ի հինգ մշտական անդամներից չորսը` բացառությամբ Չինաստանի, հայտարարեցին, որ հայկական եւ ադրբեջանական զորքերը պետք է վերադառնան նախկինում զբաղեցրած դիրքեր: ԱՄՆ-ի դեսպանը հատուկ ընդգծեց, որ Վաշինգտոնն անհանգստացած է Հայաստանի բնակավայրերի եւ ենթակառուցվածքների գնդակոծմամբ: «Մենք, մասնավորապես, մտահոգված ենք, որ Հայաստանի տարածքում խաղաղ բնակիչներ են տուժել: Կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններին վերականգնել ուղիղ հաղորդակցությունը` ռազմական ու դիվանագիտական խողովակներով, եւ հանձնառու մնալ դիվանագիտական գործընթացին», – ասաց Ռիչարդ Միլսը: Իսկ Ֆրանսիայի դեսպանը հստակ զորքերը հետ քաշելու կոչը հասցեագրեց ուղիղ Ադրբեջանին: Նիստը նախագահող դիվանագետը ընդգծեց, որ Հայաստանի մի շարք բնակավայրեր ու ենթակառուցվածքներ են գնդակոծվել, հավելելով` նախագահ Մակրոնը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ զրույցներում երեք հիմնական ուղերձ է փոխանցել. «Նախ, ծայրաստիճան կարեւորում ենք 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի պահպանումը, երկրորդ` կոչ ենք անում Ադրբեջանին քայլեր ձեռնարկել, որպեսզի սեփական զինված ուժերը գտնվեն նախնական դիրքերում: Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիան պետք է ընթանա բացառապես խաղաղ եւ բանակցությունների միջոցով: Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Երրորդ` կողմերը պետք է ակտիվացնեն երկխոսությունը` դեռեւս չկարգավորված բոլոր հարցերը լուծելու համար: Մենք կոչ ենք անում քայլ անել առաջ` դեմարկացիայի եւ նոր բռնությունները կանխելու հարցում, օրինակ` զորքերը տարանջատելով»,- ասել էր Նիկոլա դը Ռիվյերը:

Ի դեպ, Վասիլի Նեբենզյան խոսել էր սահմանի դեմարկացիայի անհրաժեշտությունից, կրկին նշելով, որ Մոսկվան պատրաստ է այս հարցում խորհրդատվական, տեխնիկական եւ այլ անհրաժեշտ աջակցություն տրամադրել, ինչպես նաեւ օգնել կողմերին խաղաղության պայմանագիր կնքելու հարցում: Ապա, նա հարկ էր համարել շեշտել. «Կայուն արդյունքի հասնելու համար կպահանջվի ժամանակ եւ էական ջանքեր Բաքվի ու Երեւանի կողմից, ինչպես նաեւ համախմբվածություն միջազգային համայնքում: Աշխարհաքաղաքական մրցակցությունը եւ որեւէ արդյունքի չհանգեցնող խաղերը կարող են միայն վնասել գործընթացը»:

Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը եւս ընդգծել էր, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ զորքերը պետք է վերադառնան նախկինում զբաղեցրած դիրքեր, իսկ Չինաստանի ներկայացուցիչը զորքերի հետքաշման մասին թեեւ չխոսեց, սակայն նշեց, թե այս լարվածությունը կապված է ղարաբաղյան խնդրի հետ: «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումն անհնար է տարանջատել ղարաբաղյան խնդրի կարգավորումից: Տեղյակ ենք խնդրի պատմական զարգացմանը, եւ մեր դիրքորոշումն անփոփոխ է` մենք տարաձայնությունների կարգավորումը տեսնում ենք միայն քաղաքական երկխոսության միջոցով», – ըստ «Ազատության», նշել է Չինաստանի ներկայացուցիչը: Հնդկաստանի դեսպանը հորդորեց «ագրեսոր կողմին» անհապաղ դադարեցնել բախումները, Նորվեգիայի դեսպանը վերստին ընդգծեց, որ Օսլոն ճանաչում է Հայաստանն ու Ադրբեջանը նրանց միջազգայնորեն ճանաչված սահմաններով, Իռլանդիայի ներկայացուցիչն ընդգծեց` «ինքնիշխան երկրի տարածքում այլ երկրի զինուժ չպիտի լինի»:

Սեպտեմբերի 18-ի երեկոյան Փելոսիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ՊՆ-ում էր: Պնախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն էր հայտնել Նենսի Փելոսիին՝ իրավիճակին արագ արձագանքելու, Հայաստան այցելելու, սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականներ հնչեցնելու համար: «Նենսի Փելոսին իր խոսքում ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր», նշվում էր ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Փելոսիի երեւանյան հայտարարությունների ֆոնին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արդեն Ալիեւի հետ հեռախոսազրույց ունեցավ, որով կոչ էր անում՝ հրադադարին հավատարիմ մնալ, զինված ուժերը տեղակայման վայր վերադարձնել, ինչպես նաեւ՝ խաղաղ բանակցությունների վերադառնալ։

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ից թուրք-ադրբեջանական տանդեմի հարձակմանն ի պատասխան՝ Հայաստանն ավելի ցայտուն բախվեց Ռուսաստանի կրավորական, անդեմ, իսկ որոշ դեպքերով էլ բացահայտ ադրբեջանամետ կեցվածքին: Սա բոլորովին չի նշանակում, որ Ռուսաստանի հետ աշխատանքը պետք է դադարեցնել: Պետք է հասնել նրան, որպեսզի Ռուսաստանը ստիպված լինի որպես՝ Հայաստանի նկատմամբ թշնամական պահվածք դրսեւորած երկրի ռազմավարական դաշնակից, այնուամենայնիվ, որոշակի հավասարակշռություն պահպանել: Իսկ ՌԴ-ի կողմից ՀՀ-ի հանդեպ ռազմավարական դաշնակցային պարտավորությունների կատարման մասին, կարծես, արդեն վաղուց գաղտնիք չէ, որ առանձնապես հույսեր չպետք է փայփայել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 20.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930