Ադրբեջանա-թուրքական դաշինքը որևէ խաղաղության ձգտում չունի: Այդ դաշինքի միակ նպատակը Հայաստանի Հանրապետության վերջնական ոչնչացումն է, ինչը կատարվում է փուլերով: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հերթական լայնամասշտաբ գործողություններին, նշվածից բխող իրողություններին:
«Եթե սկզբնական փուլը վերաբերում էր Արցախին, այնուհետև Սյունիքի մերձակա տարածքներին, որտեղից հայկական զորքերը, մեղմ ասած, տարօրինակ պատրվակով դուրս բերվեցին, ապա այժմ խոսքը ՀՀ այն տարածքի մասին է, որը նաև Խորհրդային Հայաստանի տարածքն էր: Ադրբեջանական կողմը դեռևս անցած տարվանից բռնազավթել է ՀՀ-ի որոշ տարածքներ, այս տարի այդ սողացող բռնազավթումը շարունակվել է, ու այժմ էլ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում և բռնազավթել են այն: Հայաստանի ոչնչացման նպատակն իրականացնելու համար այս պահին հետևյալ ծրագիրն է իրականացվում. փորձել մասնատել Հայաստանը, այն բաժանել երկու մասի՝ Վայքը և Սյունիքն առանձնացնելով մնացյալ Հայաստանից, հետագայում կլանել Սյունիքը, հետո նաև ՀՀ-ն, ըստ էության, դարձնել կենսունակությունից զուրկ «պետական կազմավորում», որը փաստացի կունենա ռեզերվացիայի կարգավիճակ»,-ասաց իրանագետը:
Վարդան Ոսկանյանը նշված նպատակները չեզոքացնելու մի քանի ելք է տեսնում. «Պետք է մի կողմ դնել խաղաղության մասին կեղծ պնդումները: Ցավալիորեն որևէ խաղաղություն չի նախատեսվում: Պետք է պատրաստվել ադրբեջանա-թուրքական դաշինքին, այս պարագայում՝ կոնկրետ Ադրբեջանին հուժկու հարված հասցնելուն: Դա անելու համար ՀՀ-ն դեռ ժամ առաջ պետք է սկսեր վերականգնել իր անվտանգային համակարգը: Ժամանակակից պատերազմները վարում է ոչ թե բանակը, այլ ամբողջ պետությունը»:
Զրուցակիցն ընդգծեց, որ մենք, որպես ազգ և պետություն, մեզ համար պետք է շատ կարևոր խնդիր լուծենք. «ՀՀ-ն չպետք է դիտարկել որպես, պատկերավոր ասած, «որբ», որին որևէ մեկը պետք է որդեգրի՝ լինի Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը կամ որևէ այլ պետություն: ՀՀ-ն պետք է դիտարկվի որպես պետական միավոր, որը կարող է և պարտավոր է ունենալ դաշնակիցներ: Ինչպես ՀՀ-ի սուբյեկտայնության, անվտանգության ապահովումը, ՀՀ-ին դաշնակիցներով ապահովելը ևս ՀՀ իշխանության անմիջական պարտականությունն է: Հետևաբար, մեկընդմիշտ պետք է վերջ տանք մեր պետությունը և մեր ժողովրդին որբի կարգավիճակում դիտարկելու արատավոր մտայնությանը և պետք է դադարենք, պատկերավոր ասած, որդեգիրներ փնտրել: Սա՝ մեր ներքին մտայնության մասին: Ինչ վերաբերում է տարածաշրջանում, առհասարակ աշխարհում առկա ընդհանուր խնդիրներին, ապա ՀՀ-ն որևէ պարագայում չպետք է դառնա տարածաշրջանային և միջազգային գերտերությունների մրցակցության, էլ չասեմ, հակամարտության հարթակ: Սա մեզ համար հղի կլինի լուրջ վտանգներով»:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում