ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան այցելությունը դրական փաստ է: Մեր երկրները համագործակցելու բազմաթիվ ոլորտներ ունեն, եւ, հուսով եմ, դիվանագետներն ու միջազգային հարաբերությունների մասնագետները որոշակի համատեղ աշխատանք կկատարեն այդ՝ ընդհանուր առմամբ բարեհաջող անցած այցից հնարավորինս մեծ օգուտներ քաղելու համար:
Ինձ անհանգստացնում է Հայաստանում որոշ «տաքգլուխների» էյֆորիան, չափազանցված սպասումները, որոնք առաջացել են այդ այցի, իսկ դրանից առաջ՝ Ռուսաստանի մեղմ ասած ոչ բարեկամական պահվածքի պատճառով:
Հայաստանի վիճակում գտնվող երկիրը չի կարող անվտանգության առումով «օդից կախված» լինել: Եթե պարզ խոսենք՝ մեր երկիրը պետք է լինի կամ ՀԱՊԿ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ: Ո՞րն է ավելի գերադասելի: Զուտ տեսականորեն՝ այդ հարցի պատասխանը, կարծում եմ, պարզ է: Եթե դուք կարող եք ընտրություն կատարել 30 տարվա հնության, ջարդուխուրդ եղած, վատ աշխատող, յուղ վառող 06-ի եւ նորմալ վիճակում գտնվող «Մերսեդեսի» միջեւ, ապա, չեմ կարծում, որ երկար մտածելու կարիք կլինի: Հարց է սակայն՝ արդյոք մեզ այդ «Մերսեդեսը» տալի՞ս են, եւ, եթե անգամ ինչ-որ հրաշքով տան, արդյո՞ք մենք կկարողանանք այդ մեքենան վարել:
Եթե ՆԱՏՕ-ն կամ ԱՄՆ-ն հայտարարի, որ ՀԱՊԿ-ից դուրս գալուն պես՝ մի քանի ամսում, արագացված կարգով իրենք Հայաստանին կառնեն իրենց թեւի տակ, ապա, այո, արժե մտածել այդ ուղղությամբ: Բայց նման բան իրականության մեջ տեղի չի ունենում: Վրաստանն արդեն երկու տասնամյակ է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկություն ունի, բայց իր ուզածին չի հասնում: Ուկրաինան՝ այլ հարց է, որքան էլ դա մեզ համար տհաճ հնչի, այդ երկիրն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի համար մի քանի անգամ ավելի կարեւոր է, քան Հայաստանն ու Վրաստանը՝ միասին: Թեեւ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ առայժմ չի դառնում, բայց Արեւմուտքից ստանում է համակողմանի ռազմական աջակցություն:
Կարդացեք նաև
Վերադառնալով մեզ. արդյոք Թուրքիան համաձա՞յն է, որ մենք դառնանք ՆԱՏՕ-ի անդամ: Մենք համաձա՞յն ենք, որ մեր անվտանգությունն ապահովի նաեւ Թուրքիան: Մի երկիր, որն, ինչպես հայտնի է, ցանկանում է, որ մենք այստեղ ընդհանրապես չլինենք: Երբ Ադրբեջանը հերթական անգամ հարձակվի Հայաստանի կամ Արցախի վրա՝ մենք ո՞ւմ ենք դիմելու՝ ԱՄՆ կոնգրեսի՞ն, իսկ Կոնգրեսն այստեղ զորք ու զինտեխնիկա՞ է ուղարկելու:
Այնպես որ՝ առաջարկում եմ պատրանքներով չապրել՝ զենքեր, զորքեր, միլիարդավոր դոլարներ, Վիլսոնի քարտեզ եւ այլն… ԱՄՆ-ն մեզ չի տա: Պարզապես արժե հիշել, որ չափից դուրս մեծ ոգեւորությունը մեզ խանգարել է դարերի ընթացքում ու նաեւ՝ 100 տարի առաջ:
Ոչ մեկից չնեղանալ եւ ոչ մեկից ֆանտաստիկ ակնկալիքներ չունենալ: Մանավանդ որ՝ Հայաստանն այդ դրական փորձն ունի: Երբ 1990-ականների առաջին կեսին հրաշալի հարաբերություններ ուներ Ռուսաստանի հետ, որտեղից եւ զենք էր ստանում, բայց նաեւ ջերմ բարեկամական կապեր էր հաստատել Արեւմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ: Բայց դրա համար պետք է երկրի իշխանությունների ինտելեկտի այլ մակարդակ եւ ինչպես գործընկերներիցս մեկն է նկատել՝ «ոսկերչական աշխատանք»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Thank you, Aram
Do you think that the referred enthusiasts understand that Armenia is at the brink of becoming another Syria, where foreign armies fight at the expense of local lives?
So how close should the aggressor get to Yerevan or Echmiadzin for the nation to wake up?
Կը ներէք, եթէ աղէտի եզրին չըլլայինք կրնայ ըլլալ այսպէս չգրէի, բայց՝ կը բաւէ այլեւս.
Ամբողջ էջ մնէք լեցուցեր հռետորական հարցումներով որոնց պատասխանները արդէն բոլոր ձեզ կարդացողները գիտեն, դուք ալ գիտէք եւ աւելի վար պատասխանները կու տաք, ուրեմն ի՞նչ ժամանակի կորուստ է, պա՞հն է հիմա։
Իսկ գործնական տարբեր մակարդակի ինտելեկտով եւ «ոսկերչական աշխատանք»ի կարող իշխանութեան բերելու միջոցներու մասին ոչ մէկ հստակ կարծիք կամ քայլ կամ կեցուածք չկայ այլեւս ձեր յօդուածներուն մէջ։
(2020ին աւելի կար, երեւի Շոքի մէջ էիք, հիմա արդէն համակերպե՞ր էք)
Պարոն Աբրահամյան
Չեմ ուզում վերջնականապես բարոյազրկված մարդու տպավորություն թողնել, բայց ուզում եմ մի զուգահեռ անցկացնել: Մարմնավաճառին փող ես տալիս որոշակի ծառայության դիմաց: Հայաստանին զենք, զինամթերք, ձեր նշած Մերսեդեսը կտան՝ ինչ-որ բանի դիմաց:
Այսօր Հայստանը պետք է կարողանա բացատրել, որ բան ունի տալու: Օրինակ, ինչպես շատ փորձագետներ են նշում, պետք է բացատրես, որ պանթուրքական ծրագրերի ՄԻԱԿ խոչընդոտն ենք, իսկ այդ ծրագրերը վնասելու են թե Ռուսաստանին, թե Եվրոպային:
Այ սա է, որ չի անում այսօրվա Հայաստանը: Իմ պատկերացմամբ, սա է ձեր նշած ոսկերչական աշխատանքը: