«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ եւ «Լայվ Նյուզ» կայքի համակարգող Գառնիկ Իսագուլյանի գործով սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած դատական նիստի (նախագահող դատավոր Վաչե Մարգարյան) ընթացքում Գառնիկ Իսագուլյանի պաշտպան Աննա Ծառուկյանը պնդեց իրենց միջնորդությունը՝ քրեական վարույթը կարճելու պահանջով:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «2021 թվականի սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսի ընթացքում Գ.Ի.-ն, գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է՝ հայտնել է չկատարված հանցագործության մասին: Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում Գ.Ի.-ն հայտնել է, թե, իբր Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը ուսումնասիրվել ու հավաքագրվել է թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ինչպես նաև 2008 թվականից հետո համագործակցում է հիշյալ ծառայությունների և տվյալ ազգերի ներկայացուցիչների հետ, որի վերաբերյալ ինքը՝ Գ.Ի.-ն կասկածներ չունի։ Ըստ Գ.Ի.-ի հայտարարության Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը բանակցություններ է վարել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ, որի արդյունքում որոշվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Բաթումի քաղաքում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջինից գումար խնդրի, քանի որ ՀՀ բյուջեում գումարը վերջացել է և չեն կարողանում թոշակները վճարել. այդ կերպ՝ հայ դիվանագետին հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ»։
Աննա Ծառուկյանը հայտարարեց. «Նոր քրեական օրենսգրքով կառուցվածքային փոփոխություն է եղել, 476-րդ հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո ընդհանուր դրույթների հիմքով օրենքը հնարավարություն է տվել, որից ուզում ենք օգտվել»։ Պաշտպանը նաև պնդեց՝ Գառնիկ Իսագուլյանը որևէ կերպ հաղորդում չի տվել հանցագործության մասին ու շարունակեց․«Մի հատված կա ասուլիսներում, որը ազգային անվտանգության մասին է խոսվում, դրանք մեր գործի դրվագ չեն հանդիսացել։ Այսինքն՝ գործ ունենք հստակ հանցակազմի բացակայության հետ։ Այսօր բոլորն էլ տալիս են ասուլիս, խոսում են տարբեր երկրների վերաբերյալ հանցագործությունների մասին, թե ԱՄՆ-ն սա է արել, ՌԴ-ն սա է արել, և ամեն ինչ չէ, ամեն քաղաքական դատողության վերլուծություն կարելի՞ է վերածել սուտ մատնության։ Չկա հանցագործության մասին հաղորդում։ Եթե հաղորդում է ներկայացրել, դիտավորություն կա, եթե կոնկրետ տրամադրվել է տեղեկություն, ապա ինչո՞ւ չի հարցաքննվում նախկին ԱԱԾ տնօրենի տեղակալը, երրորդ վարչության պետը, Անդրանիկ Հովհաննիսյանը, Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը»։
Այս առիթով Գառնիկ Իսագուլյանը հիշեցրեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերը, թե դիվերսանտ խմբեր են ներթափանցել ՀՀ և հարցին՝ արդյոք վարույթ հարուցվե՞լ է։ Դատարանը որոշեց հարցը հանել, քանի որ դա գործին վերաբերելի չէ։
Կարդացեք նաև
Պաշտպանի միջնորդությանն առարկեցին դատախազները։ Մասնավորապես նշեցին․ «Նշեմ, որ բացի սուտ մատնության համար մեղսագրվող արարքներից ունենք նախկին օրենսգրքի 226 պրիմ 2 հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներ։ Պաշտպանության կողմը գտնում է, որ բովանդակային առումով քրեական օրենսգրքում տեղի է ունեցել սույն հոդվածի փոփոխություններ, այն արարքը, որը մեղսագրվում է Գառնիկ Իսագուլյանին, այլևս նախատեսված չէ քրեական օրենսգրքով՝ որպես պատժելի արարք և պետք է հետադարձ ուժ ունենա: Հոդվածի առաջին մասը պատիժ է նախատեսում սուտ մատնության համար: Քրեական նոր օրենսգրքի փոփոխությունը նորություն չէ, և նախկինում վճռաբեկ դատարանը նույնպես այս որոշումը կայացրել է, արձանագրել էր՝ ըստ նախադեպային որոշման անդրադարձ էր կատարվել սուտ մատնություն կարող է իրականացվել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր: Մեր դեպքում ենթադրյալ վտանգավոր արարքները կատարվել են բանավոր հայտարարության տեսքով: Եթե այս փոփոխությունը չկատարվեր էլ, այս հիմնավորումներով ներկայացված միջնորդությունը միևնույն է ենթակա էր մերժման: Կողմի գնահատականները դատողություններ չեն, այլ հստակ կատարված հայտարարություններ: Ապացույցների հետազոտման փուլում դա կուսումնասիրենք»։
Դատարանը որոշեց հետաձգել պաշտպանի միջնորդությունը։ Նախագահող դատավորը նշեց․ «Առկա պայմաններում պաշտպանի միջնորդությունը ենթադրում է հետաձգման մինչև քրեական գործով էական հանգամանքների պարզում»։ Աննա Ծառուկյանը ևս մեկ միջնորդություն ներկայացրեց՝ քրեական գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու պահանջով, քննելու և պարզելու՝ արդյոք քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը։
Դատարանը որոշեց հետաձգել այս միջնորդության քննությունը աշխատանքային օրվա ավարտի և լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության պատճառաբանությամբ։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 11-ին` ժամը 16.00։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ