Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, բուհում կազմակերպվել է «Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը և ռազմական հանցագործությունները 1918-2022թթ․» խորագրով մամլո ասուլիս։
Ասուլիսին ելույթներով հանդես են եկել ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը, «Կաճառ գիտական» կենտրոնի ղեկավար պ․գ․թ․, դոցենտ Մհեր Հարությունյանը, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Հովիկ Ավանեսովի խոսքով՝ 1918 թվականին աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեց Ադրբեջան արհեստածին պետությունը: Արհեստական այս կազմավորումը ձևավորվել է բռնազավթելով տարածաշրջանի բնիկ ժողովուրդների պատմական հայրենիքը:
«Հանդիսանալով պանթուրանական նախագիծ՝ Ադրբեջանը հիմնադրման պահից ի վեր որդեգրել է ինչպես ցեղասպանության, էթնիկական զտումների, քսենոֆոբիայի, ռազմական հանցագործությունների այնպես էլ տարածաշրջանի բնիկ ժողովուրդների հազարամյակներով ստեղծած մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականություն: Այդ քաղաքականության անկյունաքարը հանդիսանում է հայատյացությունը»,-ասել է Հ. Ավանեսովը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ Ադրբեջանի իրականացրած հայասպան քաղաքականությունը երբևէ ոչ մի իրավաքաղաքական գնահատական չի ստացել: Ինչն էլ ստեղծել է անպատժելիության մթնոլորտ, որի հետևանքներին ականատես ենք եղել բազմիցս, որի արդյունքում հայկական երկու հանրապետությունների դեմ սանձազերձած լայնամասշտաբ պատերազմների ընթացքում Ադրբեջանն իրականացրել է բազմաթիվ ռազմական հանցագործություններ:
Բանախոսներից՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից վերջին շրջանում Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող սադրանքներին, որոնց հետևանքով եղել են զոհեր և վիրավորներ:
«Մենք իրապես գործ ունենք հանցավոր երկրի հետ, որը ղեկավարվում է ռազմական հանցագործների կողմից: Այդ երկիրը պարբերաբար գործում է հանցավոր գործողություններ աշխարհի հայության և մասնավորապես՝ Արցախում և Հայաստանում ապրող հայերի դեմ: Սեպտեմբերի 12-ին ականատես եղանք, որ Ադրբեջանը հարձակում գործեց ՀՀ սուվերեն տարածքի վրա»,- մասնավորապես ասել է Գ. Ստեփանյանը:
Անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 10-ին կնքված եռակողմ համաձայնագրի կետերին՝ Գ. Ստեփանյանը նշում է, որ Ադրբեջանը մինչ այսօր շարունակում է իր հանցավոր պահվածքը, որի հետևանքով այս ժամանակահատվածում զոհվել է 18 անձ, որոնցից 3-ը եղել են քաղաքացիական անձինք, 15-ը՝ զինվորական: Հրադադարի ռեժիմը շարունակվում է պարբերաբար խախտվել:
Իսկ «Կաճառ գիտական» կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանն էլ ասել է, որ այսօր հայկական օրակարգում պետք է լինի հանցագործ ադրբեջանական իշխանություններին միջազգային դատարաններում պատասխանատվության կանչելը և բոլոր հանցագործությունների համար իրավական պատասխանատվության ենթարկելը:
«Խաղաղության պայմանագիրը համարում եմ այդ նույն ագրեսիայի շարունակությունը, կարծում եմ՝ այստեղ շատ լուրջ ասելիք պետք է ունենան Հայաստանի Հանրապետության ու Արցախի իշխանությունները, իրավապաշտպան կազմակերպությունները: Պետք է օրակարգ բերվի Ադրբեջանին իրավական պատասխանատվության կանչելու հարցը։ Ի դեպ, Ադրբեջանի այդ հանցագործությունները նորություն չեն, սկսած 1991 թվականից առ այսօր ադրբեջանական կողմը, արհամարհելով բոլոր միջազգային նորմերը, ոտնահարում է բոլոր պայմանավորվածությունները, սակայն կարողանում է քարոզչական, տեղեկատվական միջոցներով թողնել հակառակ տպավորություն»,- մասնավորապես ավելացրել է Մ. Հարությունյանը։
Նրա խոսքով՝ քանի որ Ադրբեջանը հանցագործությունների, զավթողական քաղաքականության ճանապարհով նվաճել է Արցախի տարածքների մեծ մասը, հիմա փորձում է դրանք ամրագրել, նաև օգտվելով իր ռազմական ժամանակավոր գերազանցությունից։
Ասուլիսի վերջում բանախոսները պատասխանել են լրագրողների հարցերին:
Մեսրոպ Մաշտոց համալսարանի մամուլի ծառայություն