Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա ստվեր գցելու փորձերն անընդունելի են եւ անհիմն»․ ԱՀ նախագահ

Սեպտեմբեր 19,2022 20:15

«Ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ եւ դեռ պետք է կարգավորվի՝ առաջնահերթ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա»,-առցանց տեսաուղերձում այսօր հայտարարեց Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա նշեց, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով անհիմն եւ ժամանակավրեպ են դարձել  հակամարտության կարգավորման հիմքում ընկած երեք սկզբունքներից երկուսը՝ տարածքային ամբողջականությունը, ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։

«Ադրբեջանական ագրեսիան եւ մարդկության դեմ հանցագործություններն ամրապնդել են ինքնորոշման մեր իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը՝ որպես միջազգային հանրության կողմից չիրականացված սկզբունք եւ պարտավորություն ու Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխիք։ Միջազգային դերակատարներին հորդորում եմ կատարել իրենց պարտավորությունը եւ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի հանրապետության անկախությունը։ Անընդունելի եւ անհիմն են փորձերը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի միջոցով ստվեր գցելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա։ Ինքնորոշման իրավունքի միակ սուբյեկտն Արցախի ժողովուրդն է, որը չի դադարեցնելու սեփական հայրենիքում ճակատագիրը տնօրինելու գործում պայքարը»,-շեշտեց Արցախի նախագահը։

Նրա խոսքով՝ հիմա էլ իրենք առաջնորդվում են մեկ միասնական՝ հայկական հայրենիքի գաղափարով, եւ պետք է գիտակցել անպատասխանատու վարքի հետեւանքները․ «Ինքնորոշման իրավունքի եւ ազգային շահերի հիման վրա շարունակելու ենք ձգտել Արցախի անկախության ճանաչումը, որը չպետք է հարվածի տակ դնի մայր Հայաստանի հետ ինտեգրման բարձր մակարդակը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930