Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ուղղակի աբսուրդ է խոսել աթոռակռվի մասին». Դավիթ Մանուկյանը՝ Տավրոս Սափեյանին

Սեպտեմբեր 19,2022 20:03

«Դեռ նման ծրագրեր չունենք՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը. մեր շրջանում էլ ունենք զոհվածներ եւ անհայտ կորածներ, մի քիչ բարդ իրավիճակ է ստեղծվել»,- նախընտրական քարոզարշավը վերսկսելու մասին Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց Արագածոտնի մարզի Թալին համայնքի արտահերթ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Դավիթ Մանուկյանը:

Հիշեցնենք, սեպտեմբերի 25-ին հանրապետության 17 համայնքներում համամասնական, իսկ մեկ համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով, ընտրություններ են կայանալու:

Սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմամբ պայմանավորված, քաղաքական ուժերը հայտարարեցին նախընտրական քարոզարշավը դադարեցնելու մասին:

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ «Ապրելու երկիրն» առհասարակ հրաժարվի այս ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց: Դավիթ Մանուկյանը պատասխանեց, որ նման հարց կուսակցությունում չի քննարկվել:

Թե ինչո՞վ են զբաղվել այս ընթացքում՝ հարցին էլ կարճ պատասխան հնչեց. «Տարբեր բաներով. յուրաքանչյուրս աշխատել ենք լինել այնտեղ, որտեղ ինչ-որ չափով կկարողանանք օգտակար լինել պետությանն ու բանակին՝ այս իրավիճակում»:

Թալինում, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Տավրոս Սափեյանը հայտարարել էր, որ մինչ իրենք սահման էին մեկնել, ընդդիմադիր թեկնածուները տուն առ տուն մտնելով՝ քարոզարշավ են իրականացրել, ավելի ճիշտ՝ զբաղվել են իշխանության հակաքարոզչությամբ, Բաղրամյան փողոցում էլ հակաիշխանական ցույցերի են մասնակցել՝ «աթոռ զավթելու» նպատակով:

«Ապրելու երկիր» կուսակցության մասով, կարող եմ ասել, որ դա կատարյալ անհեթեթություն է, սուտ է: Մենք քարոզարշավ չենք արել, ցույցերի չենք մասնակցել. ես էլ, իմ թիմն էլ միշտ եղել ենք այնտեղ, որտեղ մեր պետությանը կկարողանայինք հնարավորինս օգուտ տալ՝ առանց մանրամասների, առանց էժան PR-ի: Անցած տարի, դեկտեմբերի 5-ին, փաստացի, ողջ Թալինը տեսավ, թե ինչ խուլիգանությամբ իշխանական թիմը զավթեց համայնքապետի աթոռը եւ մինչեւ հիմա զավթած պահում է. ուղղակի աբսուրդ է խոսել աթոռակռվի մասին»,- ասաց Դավիթ Մանուկյանը՝ հակադարձելով Տավրոս Սափեյանին:

Դավիթ Մանուկյանը նաեւ հավելեց, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն եւ պատասխանատվության կրողը գործող իշխանությունն է՝ անկախ անձերից եւ մարդիկ դա շատ լավ հասկանում են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. «Արդար Հայաստան», «Հայ յեղափոխական դաշնակցություն» և «Կայունություն» կուսակցությունների ցուցակները գլխավորող թեկնածուների հետ խոսել չհաջողվեց. նրանց հեռախոսներն անհասանելի էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930