Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանգնած ենք նոր ու աղետալի պատերազմի շեմին, որը կարող է ոչ պակաս ծանր հետեւանքների հասցնել, քան 44-օրյա պատերազմը»․ Արցախի նախագահ

Սեպտեմբեր 19,2022 19:55

Աշխարհակարգի լրջագույն ճգնաժամով եւ թուրք-ադրբեջանական ագրեսիայի նոր սպառնալիքներով պայմանավորված՝ հայ ժողովուրդը ճգնաժամային փուլ է ապրում՝ մարտահրավերներով լի։ Այս մասին այսօր առցանց տեսաուղերձում հայտարարեց Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ Արցախն ու ՀՀ-ն ունեն անվտանգության ապահովման երկարաժամկետ եւ կարճաժամկետ խնդիր․ «Անկեղծ խոստովանենք, որ հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին, որը կարող է ոչ պակաս ծանր  հետեւանքների հասցնել, քան 44-օրյա պատերազմը։ Այդ վտանգի կանխումը պետք է տեղի ունենա անվտանգային, քաղաքական գործիքակազմերով»։

Արայիկ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ միակ լուծումը ՀՀ-ում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի մեկտեղումն է՝ անկեղծ երկխոսության հիման վրա․ «Համախմբումը պետք է, որպեսզի պատվով թոթափենք այս ծանր մարտահրավերը։ Իշխանությունն առաջնահերթ պատասխանատու է իրավիճակի համար, բայց բոլորիս վրա պատասխանատվություն կա։ Ներքին անհամերաշխությունը պատճառներից մեկն է։ Խնդիրների լուծումը մեծապես մեզանից է կախված»։

Արայիկ Հարությունյանի խոսքով․ «Ցավոք, որեւէ մեկը չի կարող անվտանգային երկարաժամկետ երաշխիքներ տալ։ ՌԴ զբաղվածությամբ պայմանավորված՝ խաղաղապահների երաշխիքները որոշակի ճեղքման են ենթարկվել, որից օգտվում է Ադրբեջանը։ Տեղեկատվական սադրանքներ են իրականացվում՝ ռուս խաղաղապահների հանդեպ վստահությունը նսեմացնելու համար։ Արցախցին չի տրվում նման սադրանքներին։ Չնայած մարտահրավերներին, ՌԴ-ն, այդուհանդերձ, շարունակում է ապահովել արցախցիների անվտանգությունը, որը փխրուն է։ Հույս ունենք, որ հնարավոր կլինի ապահովել ռուս խաղաղապահների անժամկետ ներկայությունն Արցախում»։

Արայիկ Հարությունյանը շեշտեց՝ խաղաղություն են ուզում, սակայն հաշվի առնելով թուրք-ադրբեջանական սպառնալիքները, իրավունք ունենք եւ պարտավոր ենք մտածել ինքնապաշտպանական կարողությունների ու հնարավորությունների մասին․ «Բանակցությունների միջոցով պետք է լուծել ՀՀ-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան խնդիրները, եւ այդ մոտեցմանը պետք է անկեղծ կողմնակից լինի նաեւ Ադրբեջանը՝ հավատարմություն դրսեւորելով ուժի չկիրառման սկզբունքներին։ Պետք է հնարավորինս ջանքեր գործադրենք երկարաժամկետ խաղաղության երաշխավորման ուղղությամբ, որը հնարավորություն կտա Արցախը պահել հայկական։ Արցախը հայկական պահելու միակ ճանապարհն Արցախում արարելն է։ Արցախում ապրող ամեն հայ պետք է ստանձնի Արցախը հայկական պահելու ռիսկը։ Մեր հայրենակիցները դրա համար զոհաբերել են ամենաթանկը։ Իմ ընտանիքը միշտ ապրել ու ապրելու է Արցախում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930