«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում խոսեց այսօր մեր սահմաններում տիրող վիճակի, զոհերի մասին:
Նա եթերից խորին ցավակցություն հայտնեց Ջերմուկի բնակիչ տիկնոջը, որի տղային երեկ թաղեցին «Եռաբլուրում»: «2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ես «Բարգավաճ Հայաստանից» վարկանիշային թեկնածու էի առաջադրվել Սյունիք եւ Վայոց Ձոր մարզերում, այդ տիկինը Ջերմուկում գոռում էր. «Արյունս, եթե պետք լինի, կտամ Նիկոլին: Նիկոլին սիրում եմ իմ տղայի չափ»:
Սիրում էր այն մինուճար տղայի չափ, ում երեկ թաղել է: Նա ինձ ասում էր, որ Ջերմուկում քարոզարշավ չանեմ, որովհետեւ իրենք բոլորը Նիկոլ են: Ես այսօր անկեղծորեն ցավակցում եմ ձեզ, տիկին»,-պատմեց տիկին Զոհրաբյանը:
Անդրադառնալով այսօր մեր սահմաններում տիրող իրավիճակին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «ԳՇ պետը հայտարարում է, որ ադրբեջանական ստորաբաժանումները գտնվում են Ջերմուկից 4,5 կմ հեռավորության վրա, որ ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք՝ 8,5 կմ լայնությամբ եւ 7,5 կմ խորությամբ, որ մեր Իշխանասարը եւ մեր հիմնական մայրուղին գտնվում են թուրքի նշանառության ներքո: ԳՇ պետը, իհարկե, ստում է՝ ասելով, որ ընդամենը 10 քկմ է անցել թուրքի վերահսկողության տակ: Մենք զինվորականների, տարբեր հրամանատարների տեղեկատվություն ունենք, թե մինչեւ ուր են հասել թուրքերը: Ըստ փորձագետների, մոտավոր հաշվարկների, միայն վերջին եռօրյա պատերազմում ՀՀ սուվերեն տարածքի 60 քկմ անցել է թուրքի վերահսկողության տակ: Դրան գումարում ենք նախորդ տարվա մայիսի 12-ից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած եւ զավթած 41 քկմ-ն, որի համար Նիկոլն ասում էր, թե Սեւ լիճն անկապ լիճ է, տարին 12 ամիս այնտեղ ձյուն է դրած ու հո դրա համար կռիվ չէինք տալու: Այդպես ԱԺ-ում ասաց, թե մեզ պե՞տք է դժգույն քաղաք Շուշին ու հանձնեց, Սեւ լիճը ու հանձնեց, մեզ պե՞տք է Իշխանասարը, Շորժան, Վարդենիսը, Ջերմուկը… Իսկ այսօր Ջերմուկը վերածվել է ռազմական պոլիգոնի:
Կարդացեք նաև
Վայոց ձոր, Գեղարքունիք եւ Սյունիք մարզերից միայն վերջին օրերին 7600 քաղաքացի տեղահանվել է: Ու տեղահանումները շարունակվում են, որովհետեւ մենք որեւէ երաշխիք չունենք, որ Նախիջեւանի սահմանին թուրքական բանակը կուտակել է 45 հազարանոց զորք եւ Ալիեւի ու Նիկոլի սիրած հիշարժան օրերին՝ սեպտեմբերի 21 կամ սեպտեմբերի 27 չեն վերսկսվի ռազմական գործողությունները:
Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք: Ես ուզում եմ ցիտել Ալիեւի խոսքերը: Նա ասում էր. «Մեզ վտարել են ոչ միայն Լեռնային Ղարաբաղից, այլեւ վտարել են Երեւանից, Զանգեզուրից, Սեւանից: Սա պատմական անարդարություն է: Մենք ամեն ինչ անելու ենք մեր այդ տեղանքները վերադառնալու համար»: Իսկ դուք նկատել ե՞ք զարմանալի օրինաչափությունը, որ Ալիեւն ինչ ասում՝ անում է:
Հիմա շատ ցավալի բան պիտի ասեմ: Երեւանի կենտրոնից՝ Օպերայից, մինչեւ բուն պատերազմական գործողություններ ընդամենը 2,5 ժամ հեռավորություն է: Ուզում եմ դիմել: Հիշո՞ւմ եք՝ ապրիլյանի ժամանակ 800 հեկտարի համար խարակիրի էիք անում, Ավարայր եւ ազգային ազատագրական պայքար էիք հռչակել: Բա ո՞ւր եք: Հիշո՞ւմ եք, թե ինչեր էիք անում: Նիկոլն էլ ապրիլյան պատերազմից հետո, մայիսին վերցրել էր «Կալաշնիկովը» ու գնացել, երրորդ գծում՝ ոչ առաջնագծում, խրամատ էր փորում: Բա այն ժամանակ 800 հեկտարի համար կռիվ տվողներ, որ ասում էիք, թե մեր հայրենիքը հանձնվեց, ինչի՞ եք զբաղված միայն ստատուսներ գրելով եւ իդիոտի նման դրոշներով ԱՄՆ գերտերության բարձրաստիճան երրորդ պաշտոնյային տանում եք Գաֆեսճյան հիմնադրամ՝ կանգնեցնելու պարսիկների դեմ տարած հաղթանակի նկարի տակ, որ ինքն էլ ասի՝ այո, այս նկարը հիշեցնում է հայերի հաղթական պատերազմը: Դուք այդքան իդիոտ ե՞ք:
Ձեր հայրենիքը հանձնվում է հիմա եւ հանձնվելու է վաղը, քանի այս ազգադավ, կործանարար իշխանությունը շարունակում է կատարել Ալիեւի հրահանգը, որովհետեւ ունի գրավոր եւ բանավոր պայմանավորվածություններ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ