Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գևորգյանի հայցն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի՝ մերժվել է

Սեպտեմբեր 19,2022 18:50

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը՝ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի հասցեին հնչեցրած պատվին և արժանապատվությանը արատավորող արտահայտությունների վերաբերյալ քաղաքացիական գործի շրջանակում 18.07.2022 թվականին կայացրել է վճիռ և Արմեն Գևորգյանի հայցն մերժվել է: Նման հայտարարությամբ է եկել Արմեն Գևորգյանի փաստաբանական խումբը։

«Մեր դիտարկմամբ նշված դատական ակտը կայացվել է նյութաիրավական և դատավարական օրենքի կոպիտ խախտմամբ: Հանրության ուշադրությունն ենք դարձնում այն հանգամանքի վրա, որ նշված դատական վեճը չի սպառվել և առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:

Հայտնում ենք նաև, որ դատավարության ընթացքում դատավորի կողմից դրսևորած վարքագծով պայմանավորված մեզ համար արդեն իսկ կանխատեսելի էր հօգուտ Խաչատուր Սուքիասյանի քաղաքացիական գործի լուծումը: Նշվածի առնչությամբ մեր կողմից բացարկ է հայտնվել դատավոր Սերգեյ Սահակյանին, որը մերժվել է նրա կողմից:

Ազգային ժողովի՝ 25.08.2021 թվականի նիստի ընթացքում ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից ամբիոնից ելույթի ընթացքում Արմեն Գևորգյանի վերաբերյալ ներկայացված իրականությանը չհամապատասխանող փաստական տվյալների վերաբերյալ այդպես էլ դատարանում Խաչատուր Սուքիասյանի կողմից որևէ ապացույց չներկայացվեց:

Հատկանշական է նաև, որ դատարանը հայցադիմումը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, չլինելով իրավաբան, պարտավոր չէր գիտակցել հնչեցված արտահայտությունների իրավական բովանդակությունը։ Այսինքն՝ ըստ դատավոր Սերգեյ Սահակյանի ստացվում է, որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը, ով իրականացնում է օրինաստեղծ գործունեություն, օժտված չէ բավարար իրավագիտակցությամբ:

Ընդ որում, պատգամավորի իրավաբան չլինելու հանգամանքը պարզելուն ուղղված գործողություններն իրականացվել են դատարանի կողմից ինքնուրույն՝ վճիռ կայացնելիս, ինչը մեր դիտարկմամբ դատավարական կանոնների կոպիտ խախտում է:

Նշվածը նկատի ունենալով դատավորի վարքագծի կապակցությամբ արդեն իսկ ներկայացվել է համապատասխան հաղորդում վերջինիս կարգապահական պատասխանատվության հարցը լուծելու համար, իսկ վճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով»,- նշված է հայտարարությունում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930