Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյանը՝ խաղաղության դարաշրջանի մասին. «Եթե կոնֆետի թղթով փաթաթված է թույն, այն կոնֆետ չի դառնում՝ անունը ինչ ուզում ես դիր»

Սեպտեմբեր 19,2022 17:50

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսելով Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետեւանքով Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակի մասին՝ ասաց. «Ստացվող տեղեկությունների համադրության արդյունքում իմ կանխազգացումներն այնպիսին են, որ բերանս չի բացվում դրանք հանրայնացնել:

Մենք, որ գործադուլի, դասադուլի կոչ էինք անում, Սիսիանի եւ Ջերմուկի պետական եւ մասնավոր կազմակերպությունների ղեկավարները թույլ չէին տալիս դուրս գալ եւ մասնակցել: Հիմա, երբ այսօր տեղեկություններ են գալիս, որ այդ նույն բնակավայրերը գրեթե դատարկված են, ինչ է, դասի գնո՞ւմ են, աշխատանքի գնո՞ւմ են: Հիմա գործադուլի հնարավորություն էլ չունեն, որովհետեւ գործ չունեն, որ գործադուլ անեն, դասադուլ չեն կարող անել, որովհետեւ ուսումնական հաստատություն չկա, որ դասադուլ անեն: Հիմա, եթե շատերին թվում է, թե Երեւանում դաս կա, գործ կա, ընդամենը թվում է: Թողեցին՝ եկավ-հասավ այսօրվան ու կանգնել ենք նոր կործանարար պատերազմի շեմին: Ընդամենը մեկ շաբաթում, ըստ տեղեկությունների, թշնամուն արդեն տրվել է 60 քկմ: Բա 2021 թվականի՞ ներխուժումները Սիսիանում, Շորժայում, Վարդենիսում:

Մենք երկու տարի ասում ենք, որ այս մարդը պատերազմը բերել է մեր երկիր, որ քանի նա իշխանության ղեկին է, բերելու է նոր պատերազմ՝ ուզում է անունը դնի խաղաղության նոր պայմանագիր, խաղաղության դարաշրջան: Հազար անգամ օրինակը բերել եմ. եթե կոնֆետի թղթով փաթաթված է թույն, դա դրանից կոնֆետ չի դառնում: Դա թույն է: Անունը ինչ ուզում ես դիր»:

Էդգար Ղազարյանը նաեւ նշեց, որ մեր երկրի դե ֆակտո ղեկավարները խաղաղություն են քարոզում, իսկ թշնամին միշտ էլ հային սպանելու ծրագիր է ունեցել եւ դա անում է, որտեղ հնարավոր է, երբ հնարավոր է:

«Հենց նոր մեզ սահմանամերձ բնակավայրերից ասացին չէ՞, որ բանակը ժողովրդի օգնության կարիք ունի Բայց դա պիտի պետությունը անի, որ չի անում: Պիտի իշխանությունը փոխվի: Ուրիշ ձեւ գոյություն չունի: Պետության հսկայական ռեսուրսը թողած՝ մենք պետք է խանութից թխվածք ու անձեռոցիկ առնենք, ուղարկե՞նք: Այդպես խնդիր չի լուծվի:

Թշնամին տասնյակ հազարավոր կանոնավոր զորք է կուտակել սահմանին: Նախիջեւանում 2013 թվականից համազորային բանակ է ձեւավորել, որը 30 տարի մարտական գործողությունների չի մասնակցել ու միայն զինվել, կուտակել-կուտակել է ու հիմա էլ Թուրքիայից անխափան մատակարարումներ ունի: Ու այս պահին էլ համատեղ զորավարժություններ են անում: Իսկ մենք խանութներից պեչենի ենք առնում, որ ուղարկենք բանակին: Այսպես դիմադրություն, պաշտպանությո՞ւն են կազմակերպում:

Այս խնդրի լուծման միակ տեղը Երեւանն է, կառավարության համար մեկ շենքը, չնայած չեմ բացառում նաեւ այլ տարբերակները»,-ասաց նա:

Էդգար Ղազարյանը նաեւ անդրադարձավ Նենսի Փելոսիի այցին եւ իշխանության վտանգավոր քայլերին: «ԱՄՆ-ը մեզ բարեկամ երկիր է: Մենք պետք է բոլորի հետ լավ հարաբերություններ ունենանք: Բայց պատերազմի այս ընթացքում դու աշխարհաքաղաքական վերադասավորումներ ես անո՞ւմ: Հայաստանի, Երեւանի բոլոր հնարավոր վայրերից դու Ամերիկայի երրորդ պաշտոնյային պիտի տանեիր ու ու նստեցնեիր Ավարայրի ճակատամարտի նկարի մոտ, որ հանդիպի Դանիել Իոաննիսյանի հե՞տ: Եթե սա արկածախնդրություն չի, բա ի՞նչ է»,- ասաց քաղաքական գործիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930