Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պետք է գնանք նստենք նիստերի դահլիճում եւ իրենց զառանցանքները լսենք, ընդամենը լեզվակռվի վերածենք մեր՝ այնտեղ գտնվելով, մենք դրան պատրաստ չենք». Աննա Գրիգորյան

Սեպտեմբեր 19,2022 17:14

ԱԺ վերջին քառօրյա նիստի ժամանակ, երբ ընդունվում էր ԱԺ հայտարարության նախագիծը, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով ընդդիմադիրներին, ասաց. «Ի՞նչ պիտի լինի, որ այս դահլիճում ձեր օրակարգը սպասարկվի: Հայաստանը գրավեն վերջնականապես, բոլորս մեռնենք, ի՞նչ պիտի լինի, որ դուք գաք դահլիճ: Ո՞րն է ձեր օրակարգը՝ անվտանգությունից դուրս, ուզում եմ հասկանամ: Ադրբեջանի մասին հայտարարություն ենք ընդունում, երրորդ կետով ներքաղաքական հարց եք լուծում, թե՝ «այսպես կոչված խաղաղության դարաշրջանի քաղաքականության սնանկությունը»: Ո՞ւմ է դա հետաքրքիր, հիմա մենք դրա մասի՞ն ենք խոսում: Ձեր սնանկության մասին 30 տասնամյակ կարելի է խոսել: 4-րդ կետով էլ ասում եք Ադրբեջանի հետ բանակցություններից դուրս գանք: Լո՞ւրջ: Դո՞ւրս գանք: Բա ի՞նչ անենք դուրս գանք: Էլի երկու հոգով գնալու եք սահմա՞ն պահեք: Վարչապետն եկել է ասում է՝ եկեք հարց տվեք, եկել է ներկայացնում է՝ 49 զոհ ունենք, այսքան վիրավոր, թե՝ մենք մեր օրակարգն ունենք: Մի՛ եկեք էլի դահլիճ, անկեղծ խնդրում եմ ձեզ: Որպես ԱԺ նախագահ չեմ խնդրում, որպես ՀՀ քաղաքացի եմ ասում: Որ գալիս եք, ո՞ւմ է պետք, նույնիսկ այս իրավիճակում դուք չեք կարողանում ՀՀ շահը սպասարկել: Այստեղ քաղաքական ոչ մի հարց չկա՝ քոչարյանական, սերժական, ՔՊ-ական համակրի հարց չի: Ի՞նչ պիտի լինի, որ դուք գաք: Մի՛ եկեք»:

Այսօր Aravot.am-ը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին հարցրեց՝ հետեւելու եք Ալեն Սիմոնյանին հորդորին ու այլեւս չե՞ք գնալու ԱԺ, թե՞ այլ որոշում ունեք՝ նա պատասխանեց. «Նախ, եթե Ալեն Սիմոնյանն ընդհանրապես քաղաքականության մեջ չլիներ, մեր երկրի համար ավելի լավ կլիներ: Ենթատեքստը ո՞րն էր, ասում էր՝ եկեք համատեղ հայտարարություն ընդունենք: Մենք մեր առաջարկներն ենք ներկայացրել, թե համատեղ հայտարարությունը ինչի մասին կարող էր լինել: Առաջարկություններից մեկն այն մասին էր, որ հետագա բանակցությունները պետք է շարունակվեն Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ տարածքից դուրս բերելուց հետո: Այսինքն, ՀՀ սուվերեն տարածքից դուրս գալուց հետո միայն հնարավոր է նորմալ բանակցային պրոցեսը շարունակել: Սա որեւէ մեկը կարո՞ղ է ժխտել Հայաստանի Հանրապետությունում, բայց քաղաքական մեծամասնությունը համարեց, որ այս դրույթը հարկ չկա ավելացնել ընդհանուր հայտարարության մեջ: Կամ ասում ենք՝ եկեք դատապարտենք Շուշիի հռչակագիրը, որտեղ առանձին դրույթով ասում է, որ Թուրքիան սատարելու է Ադրբեջանի գործողություները, այսինքն, դա ռազմական պայմանագիր էր մեծ հաշվով իրենից ներկայացնում, իսկ մենք լավ գիտենք, որ այս հարձակման հետեւում էլ կանգնած է Թուրքիան: Մենք ասում ենք՝ եկեք դատապարտենք Շուշիի հռչակագիրը, նորից ասում են՝ ոչ: Հետևաբար ի՞նչ միասնական ճակատի մասին կարող է խոսքը լինել»:

Երբ փոխանցեցինք իշխանությունների հակափաստարկները, որ ուզում էիք ներքաղաքական գնահատականներ զետեղել, անպայման ասել, որ սնանկ է Փաշինյանի վարած խաղաղության դարաշրջանի բացման քաղաքականությունը՝ Աննա Գրիգորյանն արձագանքեց. «Այն, որ սնանկ է այդ խաղաղության քարոզը, դա բոլորին է արդեն ակնհայտ, ոչ ես եմ դա նորամուծություն բերել, ոչ իմ քաղաքական թիմը: Քաղաքականապես սնանկ է խաղաղության գնալու թեզը, քանի դեռ դրա տակ հստակ օրակարգ չկա: Չի լինում լոզունգային օրակարգ, լոզունգային քաղաքականություն, դու դրա տակ պետք է միս ու արյուն դարձած օրակարգ դնես: Քանի դեռ դա չկա ու դու ասում ես՝ ինչքան եկել՝ եկել եք, սկսենք բանակցել այդպես չի լինում: Թշնամուն պետք է կարողանալ ատամ ցույց տալ եւ դրանից հետո նորմալ օրակարգ դնել բանակցությունների սեղանին»:

Փոխանցեցինք ընդդիմությանն ուղղված իշխանական պատգամավորների քննադատությունը, որ քանի դեռ նախկիներն իշխանություն էին, զավթել էին իշխանության մանդատը, հիմա էլ զավթել են ընդդիմության մանդատը ու այդ մանդատը ոչ մի բանի չի ծառայեցվում՝ Աննա Գրիգորյանը հակադարձեց. «Մենք այդ մանդատը օգտագործում ենք բազմաթիվ հարցեր լուծելու համար: Մեր միջազգային գործընկերների հետ այս պահին ակտիվ կապի մեջ ենք: Նենսի Փելոսիի պատվիրակության հետ ենք հանդիպել: Այսինքն, բոլոր այն հատվածներում, որտեղ ՀՀ շահը ներկայացնելու անհրաժեշտություն կա, ընդդիմությունն այնտեղ է: Ընդդիմությունը նաեւ առաջնագծում է: Ես մի երկու օր առաջ եմ վերադարձել Կապանից, իմ գործընկերները շարունակում են լինել Սյունիքում, Գեղարքունիքում եւ այլ հատվածներում: Այսինքն, այն մանդատը, որն իսկապես պետք է ծառայի մեր երկրին, մեր ժողովրդին, մենք օգտագործում ենք: Եթե իշխանությունը նկատի ունի այն, որ պետք է գնանք նստենք նիստերի դահլիճում եւ իրենց զառանցանքները լսենք, ընդամենը լեզվակռվի վերածենք մեր՝ այնտեղ գտնվելով, մենք դրան պատրաստ չենք, դա չենք ուզում անել, դրա նպատակահարարությունն էլ չենք գտնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930