Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարդիկ պատմում էին, որ գյուղի բնակչությունը տարհանվել էր, բացառությամբ այն ընտանիքների, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք կային»․Մուշեղ Հովսեփյան

Սեպտեմբեր 19,2022 16:38

«Հակամարտությունները կրկնակի բացասական ազդեցություն են ունենում հաշմանդամություն ունեցող անձանց վրա։ Ընդհանրապես, բնական կյանքում նրանց իրավունքները պաշտպանված չեն, եւ խնդիրը հատկապես սրվում է հակամարտությունների կամ աղետների, արտակարգ իրավիճակների ժամանակ»,-այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանն ասաց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը։

Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են ՀՀ Վայոց ձորի, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտները։

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում է գտնվում Հայաստանի ամենամեծ նյարդահոգեբանական տուն-ինտերնատը, որտեղ ապրում են մտավոր եւ հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող 450 անձինք։ Արդյոք պետությունը համարժեք է արձագանքում այս հաստատությունում բնակվող անձանց անվտանգությունն ապահովելու համար։ Այս առնչությամբ Հովսեփյանը հիշեցնում է՝ Վարդենիսում գտնվող այդ կենտրոնը հակամարտության գլխավոր մարտահրավերն էր` հաշվի առնելով 2020 թվի պատերազմը․ «Վարդենիսի հաստատությունում ապրում են հաշմանդամություն ունեցող մեծ թվով մարդիկ, որոնք զրկված են իրենց բնական միջավայրում, համայնքում ապրելու հնարավորությունից, ապրում են շատ վատ պայմաններում։ Նրանց կյանքն ու անվտանգությունն ապահովված չէ։ Հնարավոր չէ պատկերացնել մի իրավիճակ, որ կարող է պատշաճ կերպով իրականացվել 450 մարդու տարհանումը, մարդիկ, ովքեր ունեն բարձր աջակցության կարիք եւ պետությունը, գործնականում որեւէ պետություն, չի կարող ապահովել այդ մարդկանց տարհանումը»։

Նա ասաց, որ ՄԱԿ-ի կոնվենցիաներով նման կազմակերպությունները պաշտպանված են միջազգային մարդասիրական իրավունքով, դրանք համարվում են քաղաքացիական օբյեկտներ եւ չպետք է թիրախավորվեն․ «Սակայն Ադրբեջանը նույնիսկ դպրոցներ եւ հոսպիտալներ է թիրախավորում, եւ բարձր է ռիսկը, որ կթիրախավորի նաեւ նման հաստատությունը, ինչը կբերի հումանիտար մեծ աղետի»։ Այս հաստատությունների թիրախավորումը կանխելու լծակները, սովորաբար, միջազգային համապատասխան կառույցների հայտարարություններն են, դատապարտող բանաձեւերն են, իսկ գործնականում, ինչպես Հովսեփյանն ասաց, հուսադրող գործողություններ առկա չեն․ «Չնայած, որ քաղաքական եւ իրավական գործիքներն օգտագործելու դեպքում կարող են զսպող միջոց հանդիսանալ»։

Նման հաստատություններում ապրող անձանց կյանքն ու անվտանգությունն ապահովելու համար պետությունը պարտավորություններ ունի։ Ի՞նչ է անում պետությունը։ Մուշեղ Հովսեփյանի ներկայացմամբ՝ պետության պարտավորությունն է նախ այդ հաստատությունների հնարավոր շուտ փակումն ու այդ մարդանց իրենց համայնքներում ապրելու հնարավորության ապահովումը, որպեսզի ոչ ոք ստիպված չլինի խնամք ստանալու համար գտնվել հաստատությունում․ «ՄԱԿ-ի կոնվեկցիայով պետության պարտավորությունն է արտակարգ իրավիճակներում արագացնել ջանքերը հաստատության փակման, եւ ոչ թե դադարեցվեն դրանք։ Դեռ 2020 թվին պետք է հասկացած լինեին, որ Վարդենիսի կենտրոնը պետք է փակել, մարդկանց ավելի անվտանգ միջավայր տեղափոխել։ Բայց ոչինչ չի արվում։ Հակառակը, չնայած միջազգային պարտավորություններին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իր միջնաժամկետ ծախսերի ծրագրում ներառել է այդ շենքերի հզորացման համար գումար։ 2023 թվին գրեթե բոլոր նման հաստատություններում նախատեսվում են շինաշխատանքներ։ Մինչդեռ գումարները պետք է ուղղվեին այդ մարդկանց այդտեղից դուրս բերելուն, որովհետեւ այդ հաստատությունները չեն կարող լավը լինել, այդ մարդիկ արժանավայել չեն ապրում»։

Անդրադառնալով հրետակոծության ժամանակ թիրախավորված բնակավայրերի բնակիչների տարհանմանն ու մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց տարհանմանը, Հովսեփյանն ասաց․«Մեր մեդիամշտադիտարկմամբ՝ մարդիկ, որոնք պատմում էին իրենց տարհանման մասին, խոսք էր գնում այն դեպքերի մասին, երբ գյուղի բնակչությունը տարհանվել էր, բացառությամբ այն ընտանիքների, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք կային։ Սա, սովորաբար, լինում է, քանի որ համայնքները տեխնիկապես պատրաստ չեն տարհանման, չունեն մատչելի տրանսպորտային միջոց։ Եվ ստացվում է, այս ընտանիքները կրկնակի են տուժում»։

Ինչ վերաբերում է ռմբապաստարաններին, ինչի մասին վերջին շրջանում շատ է խոսվում, Հովսեփյանն ասաց՝ ՀՀ-ում չկա մի շենք-շինություն, որն ամբողջությամբ համապատասխանում է մատչելիության չափանիշներին

Խոսելով մարդասիրական օգնություններին, բանախոսն ասաց, որ սովորաբար աջակցության ծրագրերն արձագանքում են նվազագույն պահանջներին, սակայն հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ունենալ բարձր աջակցության կարիք, որոնց համար պետությունը չունի որեւէ առաջարկ, բացի սնունդ ու հագուստ տրամադրելուց, ինչը նաեւ վիճահարույց է մարդկանց արժանապատվության նկատմամբ հարգանքի տեսանկյունից։

«Կարեւոր է պետության ընդհանուր արձագանքը, որպեսզի իրականացվող բոլոր գործողություններն իրականացվեն նախ ներառական կերպով՝ հաշվի առնվեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները, նաեւ իրականացվեն հատուկ գործողություններ, որոնք կապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց անվտանգությունն ու պաշտպանվածությունն իրենց համայնքներում»,-ասաց Մուշեղ Հովսեփյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930