Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառայողական քննություն՝ Շիրակի դատախազի նկատմամբ․ մամուլով հնչեցված աղմկահարույց հայտարարության հետքերով

Սեպտեմբեր 19,2022 15:49

ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչությունում սկսվել է ծառայողական քննություն՝ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանի (լուսանկարում) նկատմամբ։ Ծառայողական ուսումնասիրությունն անցկացնում է տվյալ վարչության ավագ դատախազ Ա․ Մաթևոսյանը։

Վերջինս գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին զանգահարելով՝ հրավիրել է հարցաքննության։

Կարապետ Պողոսյան

Ծառայողական քննություն սկսելու պատճառը իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի մամուլում հնչեցրած այն հայտարարությունն էր, թե Շիրակի դատախազը իր նկատմամբ շինծու քրեական գործեր է հարուցել, և երբ ինքն այս մասին բարձրաձայնել է սոցիալական ցանցերում՝ քննադատելով դատախազին, վերջինս քրեական ենթամշակույթ ունեցող անձանց է ուղարկել իր մոտ՝ «գործարք առաջարկելով»։

 

Գործարքներից մեկը, ըստ Կարապետ Պողոսյանի, վերաբերում է իր 10 տարեկան աղջկա լուսանկարը տարածած ու իր ընտանիքի հասցեին համացանցով սպառնալիքներ հնչեցրած անձին «անբարոյականի որդի» անվանելուն։

Կարապետ Պողոսյանը իր սոցցանցում տեղադրել է այդ անձի լուսանկարը՝ օգտատերերին հարցնելով, թե ո՞վ է ճանաչում այդ «անբարոյականի որդուն»։

Իրավապաշտպանի պատմելով, քանի որ այդ անձը լուսանկարված է եղել Ալեն Սիմոնյանի հետ, ինքը հարկ է համարել շեշտել, որ իր խոսքը Ալեն Սիմոնյանի մասին չէ։

Այդուհանդերձ, ըստ Կարապետ Պողոսյանի, Շիրակի դատախազը քրգործ է հարուցել տվել Ալեն Սիմոնյանին ծանր վիրավորանք հասցնելու համար։ Ըստ նրա, Քրեական օրենսգրքի 137․1 հոդվածի կիրառումից դուրս գալուց հետո էլ քննիչը զանգահարել է իրեն՝ առաջարկելով զղջման դիմում գրել, ներողություն խնդրել Ալեն Սիմոնյանից, որպեսզի քրգործը կարճվի։

Եվ երբ Կարապետ Պողոսյանը հրաժարվել է՝ ասելով ինչպես Գուրգեն Գրիգորյանը քրգործը սարքել է, թող այդպես էլ տակից դուրս գա, սկսել է դատախազին քննադատել սոցցանցերում, Գուրգեն Գրիգորյանը քրեական ենթամշակույթ ունեցող անձանց է որպես միջնորդ իր մոտ ուղարկել, որոնք գործարք են առաջարկել իրեն ու ասել՝ հեռու մնալ դատախազից։

Կարապետ Պողոսյանն առայժմ անուններ չի հնչեցնում, թե ովքեր են քրեական ենթամշակույթ ունեցող այն անձինք, որոնք որպես միջնորդ են եկել իր մոտ, սակայն հայտարարում է՝ մինչև վերջ պայքարելու է, որպեսզի օրինազանցություններ թույլ տվող պաշտոնյան հեռանա դատախազի պատասխանատու պաշտոնից։

«Դատախազ Մաթևոսյանը ինձ զանգահարեց ամսի 14-ին, ասաց, որ սկսել են ծառայողական քննություն և որ իմ ներկայությունը անչափ կարևոր է։ Ես այդ ժամանակ շտապում էի Վարդենիս՝ առաջնագիծ, հետևաբար և այդ պահին չեմ կարևորել հարցաքննությունը։ Ասացի, որ առաջնահերթ է ռազմաճակատ հասնելը, հետևաբար և առաջարկեցի պրոցեսը շարունակել պատերազմական իրավիճակի հանդարտվելուց հետո։ Ես մեծ ակնկալիքներ չունեմ, բայց հուսով եմ ՝ կփորձեն որոշակի արդարադատություն հաստատել՝ գիտենալով, որ այս հարցով ես մինչև վերջ գնալու եմ»,- ասաց Կարապետ Պողոսյանը։

Վերջինս վրդովված է, որ Շիրակի դատախազը 10 տարեկան երեխայի շահը պաշտպանելու, նրա հասցեին հնչեցվող սպառնալիքները կանխելու փոխարեն, փորձում է «քծնել» Ալեն Սիմոնյանին, իրեն ներողություն խնդրել տալ, երբ վերջինս անունն ընդհանրապես չի շոշափվել։

Ի դեպ, մեր տեղեկություններով, նորանշանակ դատախազ Աննա Վարդապետյանը կադրային փոփոխություններ է նախատեսում Շիրակի մարզի դատախազությունում։ Այս թեմային կանդրադառնանք առաջիկայում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930