Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չունենալով հայ մարդու և հայ հանրության ըմբռնում, հայկյան ուղեծիրի ձգտում՝ հենման կետ, կրկին ընկել ենք ներմուծված անգաղափար վեճերի ու անտրամաբանական ջղաձգումների մեջ. Տարոն Սիմոնյան

Սեպտեմբեր 19,2022 15:04

7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Տեսությունը և մենք

ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աշխարհակարգի փոփոխությունը բերում է նաև լոկալ կարգի փոփոխության (առանձին դեպքերում՝ և/կամ հակառակը)։ Խնդիրն այն է, որ այդ փոփոխությունը՝ անցումը, տեղի է ունենում շատ կտրուկ, արագ և շատերի համար անհասկանալի ճանապարհով, քանի որ շատերը մտածում և գործում են հին կարգի արագությամբ, իսկ փոփոխությունները գերարագ են։ Արագությունների տարբերության պատճառով երբեմն առաջանում է քաոսի զգացողություն՝ դրանից բխող անորոշության նկատմամբ տարակուսանքով, երբեմն՝ վախով։

Նման հեղափոխություններից հետո՝ մինչև մյուս կարգի լիարժեք հաստատումը, կարող է տևել միջինը երկու սերունդ (30-50 տարի) (երբեմն՝ ավել)։ Այս ընթացքում տեղի ունեցող գործընթացները շատ նման են առանձին հեղափոխություններին, սոցիալական շարժումներին, այլ փոփոխություններին, սակայն դրանք ընդամենը մեծ հին կարգից մեծ նոր կարգի անցման հարակից հետևանքներն են։ Դրանց բնորոշ են՝ բռնությունը, բացարձակ ազատականությունը, բացարձակ պահպանողականությունը, տեղային պատերազմերը, գաղափարական ծայրահեղականությունները և այլն։ Մի խոսքով՝ այն ամենն, ինչ իր ներսում հույզ է, զգացմունք և սոցիալական ենթագիտակցականի այլ պոռթկումներ։ Այլ կերպ, ամեն ինչ, սակայն ոչ ռացիոնալիզմ՝ ողջախոհություն։

Այն, ինչ-որ այսօր տեղի է ունենում, 1980-ականների վերջից սկսած մեծ անցման ճյուղավորումներով (բիֆուրկացիաներով) պայմանավորված ընթացիկ տատանումներն են (ֆլուկտուացիաները), որոնք կանցնեն ավելի ցածր հաճախականության նոր մեծ կարգի հաստատումից հետո միայն։

Այստեղ վտանգի մեջ են հիմնականում այն ազգային միավորները, որոնք չեն հասցնում ձևավորել ազգային կամ պետական համակեցության իրենց ուղեծիրը, որովհետև նոր մեծ կարգի հաստատումից հետո դառնում են այդ նոր ուղեծիրի արբանյակը՝ կորցնելով այն, ինչի համար անցման երկու սերնդի ընթացքում բանավիճում ու պայքարում էին ներսում։

ՄԵՆՔ
Մեզանում ամենամեծ խնդիրը նրանում է, որ այն ժամանակ, երբ աշխարհում ազգային միավորների զարթոնք և ձևավորում էր ընթանում (17-19 դարեր), մենք ուշանում էինք, և սկսեցինք այն ժամանակ, երբ ուրիշների մոտ արդեն ձևավորված էր (19-րդ դարի վերջ)։

Չհասցնելով Հայ մարդ և Հայ հանրություն ստեղծել (Թումանյան), կտրելով կապը Հոգևոր Հայաստանի հետ (Տերյան), սնուցելով ծայրահեղական բևեռները (Ռ. Պատկանյան, Դ. Դեմիրճյան)՝ մտանք արևմուտք-արևելք, օսման-ռուս երկբևեռումների քաղաքական անգաղափար պայքարի մեջ ու տեսանք ցեղասպանություն (1890-1923), պետականության կորուստ (1920) ու օտար գաղափարախոսության (կոմունիզմ) գերակայություն։

Հիմա, ըստ էության, նույն ջրբաժանի առջև կանգնած լինելով, չունենալով Հայ մարդու և Հայ հանրության ըմբռնում, Հոգևոր Հայաստանի հետ կապ և Հայկյան ուղեծիրի ձգտում, մի խոսքով՝ հենման կետ, կրկին ընկել ենք ներմուծված անգաղափար վեճերի ու անտրամաբանական ջղաձգումների մեջ՝ (ներքին և արտաքին փրկիչների փնտրտուք)։

Հետևանքները տեսնում ենք. այդ թվում՝ թշնամու արկը Ջերմուկի փողոցում…

Ինչ էլ անենք, մեկ է՝ այս աշխարհը տրամաբանությամբ և պատճառ֊հետևանքային կապերով է աշխատում՝ տեսանելի՝ դասական (դիալեկտիկա) կամ ոչ տեսանելի՝ քաոս (սիներգետիկա)։

Հետևաբար՝ սկզբից պետք է սկսենք, Հայ մարդու և Հայ հանրության ձևավորումից, որովհետև բարի հեքիաթները այլ բաժնում են, որն այս մոլորակում չէ…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930