«Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերի որոշ բնակավայրերում անվտանգային լուրջ հարցեր առաջացան, ինչը բերեց նրան, որ այդ բնակավայրերում մեր երեխաները զրկվեցին կրթության շարունակականության ապահովման հնարավորությունից, կրթության իրավունքից: Ընդ որում, խոսքը վերաբերվում է թե նախադպրոցական, թե դպրոցական կրթությանը»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի տեղակալն ասաց, որ ընդհատվել է նախադպրոցական հաստատությունների ավելի քանի 6000 սաների եւ 25.000 դպրոցահասակ երեխաների կրթությունը: Ժաննա Անդրեասյանի խոսքով, նախորդ շաբաթ նշյալ բնակավայրերում ուղղակի արձակուրդ է եղել. «Չեն գործել ուսումնական հաստատություններն այն հիմնավորմամբ, որ հաշվի առնելով լրացուցիչ տեխնիկական բարդություններ չունենալու եւ գործընթացին լրացուցիչ լարվածություն չբերելու հանգամանքները` նպատակահարմար է գտնվել լրացուցիչ արձակուրդի գնալ` հետագայում բացթողնվածը լրացնելու պայմանով»:
Փոխնախարարը հավելեց. «Երեք մարզերում կապի մեջ լինելով մեր գործընկերների հետ` ունենք որոշում, որ այսօրվանից դպրոցները պետք է վերականգնեն իրենց աշխատանքը: Մենք կունենանք տարբեր իրավիճակ այս առումով. այն դպրոցներում, որտեղ, որտեղ անվտանգության ապահովման տեսանկյունից կան համապատասխան հնարավորություններ, կրթությունը կկազմակերպվի առկա եղանակով: Մյուս բնակավայրերում մի շարք հանգամանքներ հաշվի առնելով` կրթական գործընթացը կկազմակերպվի հեռավար: Մեր ունեցած տեղեկություններով Գեղարքունիքի մարզում հեռավար ուսուցմամբ կրթությունը կվերսկսվի 12 դպրոցում, որոնք հիմնականում Վարդենիսի տարածաշրջանի դպրոցներ են, Վայոց Ձորում էլ` 3 դպրոցում: Սյունիքի մարզում 5 դպրոցում այս պահին առկա ուսուցումը կվերականգնվի` հիմնականում Քաջարանում, 1 դպրոց էլ Կապանում»:
Նա ասաց, որ ամեն օրվա դրությամբ կկայացվի որոշում երեխաների կրթությունն ապահովելու` պայմանավորված իրավիճակով: Փոխնախարարը հայտնեց, որ դպրոցները կուտակել են հեռավար կրթության առումով մեծ փորձառություն ոչ միայն Քովիդի, այլեւ 2020թ պատերազմի ժամանակ, բացի այդ, նրա հավաստմամբ, սահմանամերձ բնակավայրերի դպրոցները ժամանակին ապահովվել են անհրաժեշտ սարքավորումներով: «Կարծում ենք, որ այս պահին հեռավար կրթություն կազմակերպելու համար դպրոցների կարողությունները բավարար են»,-նշեց Ժաննա Անդրեասյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ