Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը և Ռուսաստանը կուտակել են կառուցողական համագործակցության մեծ փորձ, իսկ երկկողմ կապերը հասցվել են բարձր դաշնակցային մակարդակի. Պուտին

Սեպտեմբեր 19,2022 14:49

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ս.թ. սեպտեմբերի 19-ին մասնակցել են Երևանում կայացած «Հայ-ռուսական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով Հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովին:

Համաժողովի ընթացքում երկու երկրների փոխվարչապետները հանդես են եկել ելույթներով:

Համաժողովի կազմակերպման կապակցությամբ ուղերձներ են հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՈՒՂԵՐՁԸ
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ 9-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Հարգելի՛ բարեկամներ,

Ողջունում եմ ձեզ հերթական` իններորդ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի բացման կապակցությամբ:

Այս տարի մեր երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը: Կարևոր է, որ անցած ժամանակաշրջանում Հայաստանի և Ռուսաստանի կողմից կուտակվել է ամենատարբեր ուղղություններով կառուցողական համագործակցության մեծ փորձ, իսկ երկկողմ կապերը հասցվել են բարձր դաշնակցային մակարդակի:

Ավանդաբար հայ-ռուսական հարաբերությունների էական բաղադրիչն է հանդիսանում միջտարածաշրջանային համագործակցությունը։ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտները և Հայաստանի մարզերը ակտիվորեն համագործակցում են տնտեսական, սոցիալական, գիտական, հումանիտար և այլ ոլորտներում, հաջողությամբ իրականացնում են համատեղ խոշոր նախագծեր և նախաձեռնություններ։

Ձեր hամաժողովի օրակարգը, ինչպես միշտ, շատ հագեցած է: Նախատեսվում է պետական իշխանության մարմինների, գործարար, ակադեմիական և փորձագիտական շրջանակների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև մտքերի փոխանակում արդիական, էական հարցերի շուրջ, համագործակցության նոր ծրագրերի նախանշում, այդ թվում՝ առևտրի, ներդրումների, կրթության, զբոսաշրջություն և թվային տեխնոլոգիաների ոլորտներում:

Համոզված եմ, որ ձեր գաղափարներն ու առաջարկները գործնականում պահանջված կլինեն և կնպաստեն հայ-ռուսական գործընկերության հետագա ամրապնդմանը, եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը:

Մաղթում եմ ձեզ բեղմնավոր քննարկումներ և ամենայն բարիք:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել