Forrights.am. Հադրութում զոհված զինծառայողների երեք տասնյակ ծնողներ հանդիպել են ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ: Նրանց որդիները 73 հոգանոց հայտնի վաշտի կազմում 2020 թվականի հոկտեմբերի 11-ին ՊԲ նախկին հրամանատար, Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի հրամանով Մարտունուց ուղարկվել է Հադրութ, որն արդեն թշնամու ձեռքերում էր: Տղաներից ոչ ոք չփրկվեց:
Նախաքննությունն այս գործով ավարտվել է: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի, որոնք, ըստ քննիչների, ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսևորել: ՔԿ-ն չի հրապարակում նրանց անունները: Մեր տեղեկություններով, որպես մեղադրյալ ներգրավված են գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը և Արցախի ՊԲ օպերատիվ շտաբի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը: Մեղադրյալների թվում չկա Ջալալ Հարությունյանը, որին ծնողները իրենց որդիների մահվան գլխավոր մեղավորն են համարում:
Հանդիպման ժամանակ ծնողները պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահից Ջալալ Հարությունյանին ներգրավել որպես մեղադրյալ՝ պահանջ, որը բարձրաձայնվել էր նաև փողոցային ակցիաների ժամանակ:
Քյարամյանի և ծնողների խոսակցությունը թեժ է եղել: Ըստ հանդիպմանը ներկա ծնողների, ՔԿ ղեկավարը ասել է զոհվածների ծնողներին, որ Ջալալ Հարությունյանը հանդիսանում է մեղադրյալ, սակայն բոլորովին այլ գործով: Հադրութում զոհված զինծառայողների գործով նրան ներգրավելու հիմքեր քննչական կոմիտեն չունի:
Կարդացեք նաև
ՔԿ նախագահը, ըստ հանդիպմանը ներկա ծնողների, ասել է նաև, որ օպերատիվ շտաբի պետը թղթերը ներկայացրել է Ջալալ Հարությունանին, նա էլ ստորագրել է, հավանաբար, չխորանալով, թե ինչ թուղթ է ստորագրում:
Ինչո՞ւ և ում հրամանով Մարտունիում տեղակայված գումարտակը տեղափոխվեց 50 կիլոմետր հեռու Հադրութի շրջան, երբ արդեն հայտնի էր, որ ադրբեջանական զինուժը Հադրութում է։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: