Լրահոս
Օրվա լրահոսը

Թեկնածուներն առաջարկում են՝ գնալ միասին՝ հանուն Քաջարանի, վստահել փորձին՝ Քաջարանի անվտանգության համար, ու իհարկե՝ Քաջարանին ապագա են խոստանում

Սեպտեմբեր 19,2022 10:27

Սեպտեմբերի 25-ին կայանալիք Քաջարան համայնքի ավագանու ընտրություններին առաջադրված երեք քաղաքական ուժերը, պայմանավորված Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողություններով, նույնպես ընդհատել են քարոզարշավը։ Քաջարանում ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցությունները եւ «Դեպի միասնություն» դաշինքը, որը կազմել են «Արդարություն» եւ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները։

Մանվել Փարամազյան

«Դեպի միասնություն» դաշինքի 45 թեկնածուների ցուցակը գլխավորում է անկուսակցական, Քաջարան համայնքի ղեկավար, 45-ամյա Մանվել Փարամազյանը։ Սեպտեմբերի 13-ին նա հայտարարեց քարոզարշավը ընդհատելու մասին ու իր կամավորական ջոկատով մեկնեց առաջնագիծ։ Ըստ Aravot.am-ի տեղեկությունների, Մանվել Փարամազյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ բանակցել է հակառակորդի հետ, որի արդյունքում գերիների փոխանակում է տեղի ունեցել։

«Դեպի միասնություն» դաշինքի ավագանու անդամ թեկնածուներից 25-ը ՝ «Դեմոկրատական այլընտրանք», 12-ը՝ «Արդարություն» կուսակցությունների անդամներ են, 8 հոգի անկուսակցական են։ Ցուցակը գլխավորող Մանվել Փարամազյանին հաջորդում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ջրապտուտային պոմպակայանի պետի տեղակալ Կարեն Համբարձումյանն ու ԶՊՄԿ-ի համակարգչային օպերատոր Արեւիկ Հայրապետյանը։ Նրանք ներկայացնում են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը։ Ընտրացուցակը եզրափակում է տարիքով ամենաերիտասարդ թեկնածուն՝ անկուսակցական, 19-ամյա Մանե Հակոբյանը։ Դաշինքը ընտրություններին մասնակցում է «Միասին՝ հանուն Քաջարանի» կարգախոսով։

Արմեն Առաքելյան

«Քաջարանում ապագա կա» կարգախոսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 45 թեկնածուով, որից 33-ը «Քաղաքացիական պայմանագրի» անդամ են։ Առաջին հորիզոնականում կառավարող կուսակցության անդամ, «Առթա» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն, 39-ամյա Արմեն Առաքելյանն է։ Վերջինիս հաջորդում են ԶՊՄԿ-ի ավտոգրեյդավար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Համլետ Ալավերդյանն ու բիզնես-խորհրդատու , անկուսակցական Անի Խաչյանը։ Թեկնածուների ցանկի մեջ հիմնականում դպրոցների ու նախակրթարանների մանկավարժներ են, ԶՊՄԿ-ի աշխատակիցներ, ինչպես նաեւ ցուցակի 12-րդ հորիզոնականում «Արդշինբանկի» ՓԲԸ Քաջարանի մասնաճյուղի կառավարիչ, անկուսակցական Հասմիկ Ավանեսյանն է։ Ի դեպ, սեպտեմբերի 13-ին կառավարող ուժի նախընտրական շտաբը դադարեցրել է քարոզարշավը՝ տեղեկացնելով որ իրենց մասնակցությունն են բերում ՀՀ պետական սահմանների պաշտպանությանը: «Բոլորին համախմբվածության կոչ ենք անում ի շահ մեր ժողովրդի»,-նշված է գրառման մեջ:

Վարդան Գեւորգյան

«Հանրապետություն» կուսակցությունը ներկայացրել է 35 թեկնածուի ցուցակ, որից մեկը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Ընտրացուցակը գլխավորում է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գիտնական-վերլուծաբան, Քաջարանի նախկին քաղաքապետ, 59-ամյա Վարդան Գեւորգյանը։ Նրան հաջորդում են ԶՊՄԿ-ի մեքենավար Գոռ Բաբաջանյանն ու թարգմանչուհի Էլեն Համբարձումյանը։ 34 թեկնածուներից 33-ը «Հանրապետություն» կուսակցության անդամ են։ Միայն մեկ թեկնածու է անկուսակցական՝ Լեռնաձորի դպրոցի տնօրեն Ծովինար Գրիգորյանը, որը ցուցակի 9-րդ հորիզոնականում է։ Ընտրացուցակի 18-րդ համարը 18-ամյա Լենա Գեւորգյանն է, որն առաջին անգամ է մասնակցելու ընտրություններին ու թեկնածուի կարգավիճակով։ Նրա 18-ամյակը այս տարվա հուլիսին է լրացել։

«Դու ինձ գիտես, Քաջարա՛ն։ Իմ փորձը քո անվտանգությունն է» կարգախոսով ընտրողին ներկայացած «Հանրապետության» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Գեւորգյանը նույնպես սեպտեմբերի 13-ին հայտարարեց քարոզարշավը դադարեցնելու մասին։ «Մեր թիմի անդամներից շատերը ընդգրկվել են ինքնապաշտպանական ջոկատներում եւ արդեն գտնվում են ընթացող գործողությունների շրջանում»,-գրել է Վարդան Գեւորգյանը։

Ավելացնենք, որ Քաջարան համայնքի ավագանին կազմված կլինի 15 անդամից, իսկ ընտրողների թիվը, ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված պաշտոնական տեղեկանքի՝ 6112 է։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարները թեկնածուների ֆեյսբուքյան էջերից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930