«Ամերիկայի ձայն»․ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և հետ քաշել զորքերը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը՝ ներկայացնելով Էնթոնի Բլինքենի և Իլհամ Ալիևի հեռախոսային խոսակցության մանրամասները։
«Պետքարտուղար Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջեւ վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների դադարեցումը։ Նա նախագահ Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը, հետ քաշել զինված ուժերը և աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի միջև բոլոր չլուծված հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։