Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի վերջին թշնամանքը Հայաստանի նկատմամբ

Սեպտեմբեր 19,2022 13:00

Ինչպե՞ս է արաբական մամուլը վերաբերվում այս ամենին

Բացահայտում չեմ անի, երբ ասեմ, որ պատերազմի վճռորոշ կողմերից մեկը միայն առաջնագծում չէ, ռազմական գործողությունները նպատակ ունեն ոչ միայն ռազմական հաղթանակներ տանել, այլ մարտեր են մղվում նաեւ դիվանագիտական ճակատում, եւ վերջնական նպատակը քաղաքական հաղթանակի հասնելն է։ Իսկ դիվանագիտական ջանքերի վրա ազդող ամենակարեւոր գործոններից մեկը հանրային կարծիքն է, իսկ հանրային կարծիքի վրա ազդելու, ուղղորդելու եւ աջակցություն ստանալու ամենաարդյունավետ գործիքը, բնականաբար, լրատվամիջոցներն են եւ մամուլը։ Մենք՝ հայերս, տեսականորեն պետք է ունենայինք առավելություն, երբ խոսքը վերաբերում է հասարակական կարծիքին միջազգային եւ տարածաշրջանային մակարդակներում, քանի որ մենք ունենք հզոր միջոց՝ հայկական սփյուռք:

Տարածաշրջանային մակարդակում հայկական հսկայական ներկայություն կա հարեւան արաբական աշխարհում, բայց դա չի նշանակում, որ մենք միակ խաղացողն ենք տարածաշրջանում, Թուրքիան եւ Ադրբեջանը նույնպես ունեն ուժեղ ներկայություն եւ մեծ կարողություններ՝ շնորհիվ այդ երկրների կրոնական շահագործման եւ ֆինանսական շատ ավելի առաջադեմ միջոցների: Փորձենք դիտարկել՝ թե ո՞վ է շահում արաբական աշխարհում քարոզչական ճակատամարտը, դիմելով արաբական մամուլին, տեսնելու, թե նրանք որքան հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամական ագրեսիան լուսաբանելու համար. լավ տեղեկացվա՞ծ, կողմնակա՞լ, օբյեկտի՞վ, չեզո՞ք, արդա՞ր: Պետք է հաշվի առնել նաեւ, որ մամուլի մի մասը պետական վերահսկողության տակ է որոշ երկրներում, որոնց վրա ազդում են այդ երկրների հարաբերությունները Թուրքիայի հետ, դրա մի զգալի մասը կապված է քաղաքական ուժի հետ, սակայն անկախ մամուլի հսկայական տոկոս կա:

Սկսենք «Լիբանան. Լիբանանյան ուժեր» կայքէջից: Այն հիմնականում լուսաբանում էր լուրերն առանց որեւէ վերլուծության եւ մեկնաբանության՝ «Հայաստան. սահմանին իրավիճակը լարված է». «Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը դաժան բախումներ են տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով, եւ Երեւանն ասել է, որ տեղի ունեցածը լայնածավալ սադրանքներ են Ադրբեջանի կողմից, մինչդեռ Բաքուն դա որակել է որպես Հայաստանի կողմից աննախադեպ էսկալացիա»: Ադրբեջանական տեսանկյունից, «Ադրբեջան. մենք հասել ենք մեր նպատակներին» հրապարակմամբ. «Այսօր՝ երեքշաբթի, Ադրբեջանի նախագահությունը հաստատել է, որ Հայաստանի հետ սահմանին հասել է իր բոլոր նպատակներին»:

Ըստ նույն կայքի՝ «Իրանը Հայաստանին. տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ» հրապարակման. «Իրանի նախագահ Ռահիմ Ռաիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող լարվածության կապակցությամբ՝ ընդգծելով, որ տարածաշրջանն ընդհանրապես չի կարող հանդուրժել նոր պատերազմ։ Ռաիսին ասաց. «Իրանի եւ Հայաստանի պատմական սահմանները հարմար հարթակ են բարգավաճման, համերաշխության, հաշտեցման եւ տարածաշրջանային անվտանգության համար, եւ Թեհրանը վճռական է շարունակել գործընկերությունը բոլոր ոլորտներում՝ ի շահ տարածաշրջանի անվտանգության եւ բարգավաճման»:

Նույն կայքի մեկ այլ՝ «Էլիզեն Ֆրանսիան Հայաստանի եւ Ադրբեջանի առճակատումները ներկայացնում է «միջազգային անվտանգությանը», կարդում ենք. «Ֆրանսիան իրավիճակը կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որում նա այժմ նախագահում է, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից հետո»: Լիբանանի Ազատ Հայրենասիրական հոսանքի պաշտոնական կայքը (Լիբանանի Նախագահի Կուսակցություն – Քրիստոնեական աջ կենտրոն) խոսում է երկու կողմերի միջեւ ձեռք բերված հրադադարի մասին՝ «Հայաստանն ու Ադրբեջանը.. զինադադար երկօրյա դաժան բախումներից հետո». «Կողմերից յուրաքանչյուրը մեղադրում էր մյուսին վերսկսված բախումների համար. Reuters-ին չի հաջողվել ստուգել երկու կողմերի պատմությունները»: Կայքը տեղեկացնում է հայկական կողմի ասածները՝ ադրբեջանցիները մտել են ինքնիշխան հանրապետության տարածք՝ Հայաստան:

Ըստ tayyar.org-ի՝ «Վերսկսված բախումներ. Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին իր տարածքի 10 կմ-ը զավթելու մեջ». «Հայաստանը մեղադրել է Ադրբեջանին վերջին մարտերի ժամանակ իր տարածքի 10 քառ.կմ վերահսկման մեջ»: «Enooma» անկախ կայքը գրում է երկու կողմերի միջեւ ձեռք բերված հրադադարի մասին. «Համաձայնագիր, որը վերջ է դնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական գործողություններին»: «Ռոյթերս» գործակալությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը համաձայնության են եկել վերջ տալ վերջին ժամերին բռնկված բախումներին եւ սպառնացել բարձրացնել երկու երկրների միջեւ պատերազմի ուրվականը։

Լիբանանյան «Ֆալանգի» պաշտոնական կայքը (Քրիստոնեական աջ Լիբանանի հայրենասիրական ազգայնական կուսակցություն) հայտնում է հայ նահատակների թվի մասին: «Ադրբեջանի հետ առճակատումների տեմպերը նվազել են եւ Հայաստանը հայտարարում է իր 49 զինվորի սպանության մասին». «Երեւանը հայտարարել էր, որ երեքշաբթի օրը բախումներ են տեղի ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին՝ ընդգծելով, որ Բաքվի ուժերը հրետանու եւ անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ ձգտում են «առաջ շարժվել» հայկական տարածքի ներսում»:

«Էլնաշրա»-ն (անկախ) խոսում է ադրբեջանցիների զոհերի թվի մասին. «Ադրբեջանի պաշտպանություն. Հայաստանի սահմանին սրման հետեւանքով մեր 71 զինվոր է զոհվել». «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի սահմանին սրման հետեւանքով մեր 71 զինծառայող է զոհվել»:

Արաբական կայքերից «ԱլՀուրրա»-ն՝ «Associated Press» աղբյուրի հիման վրա, գրում է երկու կողմից ահռելի թվով զոհերի մասին: «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադար է հաստատվել» վերնագրով հրապարակման մեջ տեղեկացվում է. «Հինգշաբթի օրը Հայաստանն ու Ադրբեջանը զինադադար ձեռք բերեցին երկօրյա մարտերից հետո, որի հետեւանքով երկու կողմերից զոհվեց 176 զինվոր»: Ըստ France 24 արաբերեն բաժնի՝ «Բախումները վերսկսվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ տասնյակ զինվորների սպանությունից մեկ օր անց» հրապարակմամբ. «Չնայած բռնությունների շրջափուլը դադարեցնելու միջազգային կոչերին, չորեքշաբթի օրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բախումները վերսկսվեցին՝ սահմանային բախումների ժամանակ տասնյակ զինվորների սպանությունից մեկ օր անց, որն ամենաարյունալին էր վերջին երկու տարվա ընթացքում: Կողմերը փոխանակվել են հրադադարի ռեժիմի խախտման մեղադրանքներով։ Դիվանագիտական մակարդակով նախատեսվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփի հանդիպումը»:

Alarabiya (Սաուդյան Արաբիայի հեռուստաընկերություն). «Երկու օր տեւած սահմանային բախումներից հետո Հայաստանը հայտարարում է Ադրբեջանի հետ զինադադարի մասին». «Այսօր՝ հինգշաբթի, Հայաստանը հայտարարեց Ադրբեջանի հետ զինադադարի մասին՝ երկօրյա սահմանային բախումներից հետո, մինչդեռ Ադրբեջանից Հայաստանի հետ հրադադարի մասին լուր չկար», հայտնում է Reuters-ը։

Ըստ AlJazera-ի (Կատարի անկախ հեռուստաընկերություն)՝ «Միավորված ազգերի կազմակերպությունը ողջունում է հրադադարը այն բանից հետո, երբ երկու օր տեւած մարտերի ընթացքում 176 զինվոր է զոհվել, ինչի համար կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին»:

AlJazera-ն նաեւ տեսավերլուծություն է տեղադրել. «Երկու կողմերի տասնյակ զինվորներ սպանվել են 2020 թվականի պատերազմից ի վեր ամենասարսափելի բռնությունների ժամանակ» եւ կարճ վերլուծություն («Ի՞նչ է կանգնած հայ-ադրբեջանական հակամարտության բռնկման հետեւում»). «Երեքշաբթի գիշերը մի քանի ժամ տեւած սահմանային կատաղի մարտերից հետո Հայաստանը օգնության խնդրանքով դիմեց համաշխարհային առաջնորդներին՝ ասելով, որ ադրբեջանական ուժերը փորձում են առաջ շարժվել իր տարածքում»:


Լիբանանյան LBC Lebanese Broadcasting Corporation-ը (Անկախ լիբանանյան հեռուստաընկերություն) նաեւ հաղորդել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական պայքարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ «Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրանքներ են փոխանակում Անվտանգության խորհրդի առջեւ առճակատումների պատասխանատվության համար». «Հինգշաբթի օրը Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առջեւ մեղադրանքներ են փոխանակել վերջին օրերին իրենց սահմաններում տեղի ունեցած դաժան առճակատումների համար պատասխանատու լինելու համար, մինչդեռ ՄԱԿ-ը հայտարարել է, որ չի կարող ստուգել երկու կողմերի պնդումները։ «Այս ագրեսիան Ադրբեջանի պատասխանն է միջազգային հանրության միջնորդական ջանքերին»,- ասել է ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Միր Մարգարյանը՝ նշելով, որ «ագրեսիայի այս գործողությունների միջոցով» Բաքուն ընտրեց «հակամարտության ռազմական լուծումը»։ «Մենք տեղեկություններ ենք ստանում, որ փխրուն հրադադարը վտանգի տակ է»,- հավելել է նա՝ Ադրբեջանին մեղադրելով «նոր ռազմական հարձակման նախապատրաստվելու մեջ»։

Լիբանանի MTV անկախ հեռուստաընկերությունը զգուշացնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բախումները կարող են հանգեցնել տարածաշրջանային ուժերի ներգրավմանը եւ ապակայունացնել տարածաշրջանը եւ վնասել նրա շահերին: Ըստ mtv.com.lb-ի՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լիարժեք հակամարտությունը կարող է ներքաշել այնպիսի տերությունների, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Թուրքիան, եւ ապակայունացնել նավթ եւ գազ տեղափոխող խողովակաշարերի կարեւոր միջանցքը, ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինայի շուրջ առճակատումը խաթարում է էներգակիրների մատակարարումը»: («Թարմ բախումներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մահացու կռիվներից հետո»):

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
Լիբանանահայ բլոգեր

«Առավոտ» օրաթերթ
17.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930