Հունիսի 30-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում հայտարարել էր՝ Մինսկի խումբը վերականգնելու փորձերը հակաարդյունավետ են եւ կործանարար խաղաղ գործընթացի համար։ Այս հայտարարությունից ամիսներ անց՝ սեպտեմբերի 8-ին Երեւան էր այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը, նա հետո մեկնեց Թբիլիսի, այնտեղից էլ՝ Բաքու։ Սրան զուգահեռ Բաքվում էր ՌԴ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաեւը։ Սեպտեմբերի 13-ին նա այցելել էր նաեւ Երեւան։ Նույն օրն առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ռազմական հարձակում են գործել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարվեց հրադադարի մասին։
Հայաստանում շատ փորձագետներ պնդում են՝ Ադրբեջանի ագրեսիայի նպատակը Սյունիքում միջանցք ստանալն էր։ Ինչո՞ւ Ադրբեջանը հարձակվեց ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, երբ տարածաշրջանում են օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներ, այն երկրների ներկայացուցիչները, որոնք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ջատագովն են։
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի կարծիքով՝ Ադրբեջանի ագրեսիան ամենեւին էլ Սյունիքի միջանցքի համար չէր։ «Առավոտի» հետ զրույցում Նահապետյանն ասում է՝ սա Ադրբեջանի առաջին հարձակումը չէ Հայաստանի Հանրապետության վրա, չնայած հիմա են ակտիվ խոսում այդ մասին։ Նրա խոսքով՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սա 5-րդ էսկալացիան է, այդ թվում՝ Արցախում։
«Ամեն անգամ, երբ էսկալացիաներ են լինում, պետք է հարց ծագի՝ ինչպե՞ս է լինում, որ հենց Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստ է ինչ-որ բան ստորագրել, դրան հետեւում է ռազմական ագրեսիա։ Կարո՞ղ է Իլհամ Ալիեւը 23 տարի նախագահ լինելով, արտաքին հարաբերություններում լինելով բավականին արդյունավետ գործիչ, հիմար է, որ չի հասկանում, որ նման գործողություններն առնվազն մի քանի ամսով հետաձգում են որեւէ փաստաթղթի ստորագրումը, քանի որ վնասում, փչացնում է այն միջավայրը, որ կարելի է խաղաղության շուրջ երկխոսություն ծավավել։ Ալիեւը հիմար չէ։ Հետեւաբար, եթե Ալիեւը Փաշինյանի՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին հայտարարությունից հետո է ռազմական գործողություններ իրականացնում, ու եթե նույն բանը մի քանի անգամ է լինում, ապա այլ խնդիր է լուծում»,-նկատում է Նահապետյանը։ Նրա պնդմամբ՝ Ադրբեջանի ռազմավարական նպատակն է խաթարել խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Կարդացեք նաև
Նահապետյանի կարծիքով՝ Ադրբեջանի ղեկավարի համար կենսականորեն անհրաժեշտ է, որ հանկարծ չկնքվի խաղաղության պայմանագիր։ Որովհետեւ, մեր բանախոսի խոսքով՝ դրանից հետո Ալիեւի համար երկու հարց է առաջանալու՝ կարո՞ղ է Չերչիլի օրն ընկնի, նրան ասեն՝ ապրես, պատերազմը հաղթեցիր, բայց հիմա մեզ ուրիշ առաջնորդ է պետք, այդ թվում՝ արտաքին ազդեցության ներքո. «Բայց դա իր համար փոքր ու լուծվելիք խնդիր է։ Նրա համար անհաղթահարելի խնդիրն այն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումով, որը ՀՀ -ին դուրս կթողնի կարգավորման գործընթացից, եւ հետեւաբար, ՀՀ կարծիքը ոչինչ չի նշանակի, եւ հենց խնդիրը հասնի այդ կետին, Ալիեւը կանգնելու է փաստի առաջ՝ կամ ռուսներին դուրս է հրավիրում, կամ կորցնում է Ղարաբաղն առհավետ։ Բնականաբար, նա ստիպված է լինելու ռուսներին դուրս հրավիրել, ինչն, իհարկե, կուզի անել, բայց հետեւանքներն էլ է պատկերացնում։ Եթե ռուսներին դուրս է հրավիրում, դա առաջացնում է մի կարեւոր խնդիր՝ ռուսները գնալուց հետո իրենց զենքը, հնարավորությունները, ինստրուկտորներին, ամբողջ գործակալական ցանցը, որն, օրինակ, ռազմական իրավիճակներում աշխատում է ՀՀ հաղթանակի դեմ, Արցախի հաղթանակի դեմ, այդ ամենը թողնելու է Արցախի հայերին, ու Ադրբեջանը հայտնվելու է նոր էսկալացիայի առաջ, որտեղ չկա ՀՀ-ն։ Իր ճանաչված տարածքի քաղաքացիներն են, որոնց ցանկանալու է ուժով ենթարկել, եւ այդտեղ առաջանալու է մեծ մասշտաբի խնդիր, որը հաստատ քիչ չի թվա նրան։ Նա հիմար չէ, ունի հաշվարկ՝ պահել կոնֆլիկտն այնքան, մինչեւ նորից միջազգային իրավիճակը ստեղծի հնարավորություն Ղարաբաղի նկատմամբ անել այնպիսի ագրեսիա, որ Ղարաբաղի մնացած տարածքը եւս «հադրութիզացվի»։ Իսկ դա հնարավոր չի լինելու այն դեպքում, եթե ստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Այդ մարդուն սպանես, մորթես, շանտաժի ենթարկես՝ խաղաղության պայմանագիր, այնպիսին, որը կհանգեցնի նրան, որ Ղարաբաղի հարցը կհամարվի լուծված, չի ստորագրելու»։
Թե համանախագահներն ինչ նպատակներ ունեն եւ իրականում ինչ են ուզում անել, Նահապետյանն ասում է՝ այս պահին երկու կողմերի միջնորդական ջանքերն ուղղված են այս կամ այն տեսքով ստատուս քվոն ամրագրելուն, բայց ոչ խնդրի լուծմամբ։ Ընդ որում, ըստ նրա, խաղաղության պայմանագիր չի լինելու, ասում է՝ դա հեքիաթ է. «Նախ՝ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի չստորագրի։ Հետո էլ միջազգային որեւէ դերակատար էլ հետաքրքված չէ համապարփակ երկարատեւ խաղաղությամբ։ Բոլոր կողմերն այս կամ այն կերպ տեսնում են, որ այդ ստատուս քվոն պետք է լինի ՀՀ-ի համար ավելի վատը, քան կար մինչեւ պատերազմը, բայց էլի խնդրի ոչ վերջնական լուծումով՝ մի փոքր իրավունքներ թողնելու են Ղարաբաղի հարցում, որպեսզի 10-15 տարի հետո նորից կարիք լինի պատերազմի՝ հիմքեր լինեն, թե ինչի համար են պատերազմում»։
Հայ-ադրբեջանական սահմանին ռազմական ագրեսիայի ժամանակ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին, որի ներկայացուցիչները ժամանել են ՀՀ, սակայն այս կառույցը ռազմական աջակցություն կամ միջամտություն մեզ չցուցաբերեց։ Հայաստանում ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր են հնչում։ Այս առնչությամբ Նահապետյանը, իր խոսքով՝ ՀԱՊԿ-ին չսիրող եւ Արեւմուտքին շատ սիրող քաղաքական գործիչներին հարցնում է՝ երբ ասում եք՝ ՀԱՊԿ-ը չի գալիս, չի կատարում իր պարտավորությունները, բա որ գա՞. «Բա որ զորքը հավաքեց, եկավ, նստեց ձեր ԳՇ-ում ու ձեր գեներալներին «թոշակի» ուղարկեց, բանակը մտցրեց իր ենթակայության տակ ու տարիներով մնաց, մի քանի օրից չե՞ք ասելու՝ ՀԱՊԿ-ը պետք է անհապաղ դուրս գա ՀՀ-ից։ Ես ասում եմ՝ փառք Աստծուն, որ ՀԱՊԿ-ը չի գալիս»։
ՀՀ ինքնիշխանության կորուստի վտանգի մասին հայտարարություններին ի պատասխան էլ՝ Նահապետյանն ասում է՝ միութենական պետությունը «ֆիկցիա» է. «Բոլոր նրանք, ովքեր խոսում են միութենական պետության վտանգի մասին, նրանք են, ովքեր քարոզում են, որ պետք է Արցախից հրաժարվել։ Միութենական պետության սարսափը մեր հանրության մեջ հորինվել է համոզելու, թե ինչու է պետք Ղարաբաղի հայերին «վաճառել»։ Նրանց զգուշացնում եմ՝ չի ստացվելու հայերի մի մասին վաճառելով՝ մյուսների համար ազատություն գնել։ Չի ՛լինելու նման բան։ Արցախի հայերն ունեն ՀՀ անձնագիր, եւ մենք պատասխանատու ենք նրանց բոլորի համար»։
Նա ասում է՝ ինքնիշխանության խնդիր կա այն իմաստով, որ քաղաքական խավի 90%-ի միակ բանավեճն այն է, թե ՀՀ-ն Թուրքիայի՞ն հանձնեն, թե՞ ՌԴ-ին։
Այս ծանր իրավիճակից իշխանությունն, ըստ Նահապետյանի, ի վիճակի չէ երկիրը դուրս հանել, ասում է՝ եթե իշխանությունը լավ մտադրություն էլ է ունենում, նրա նկատմամբ վստահություն չկա. «Եթե դու նույնիսկ մի գիշերում հանճար դառնաս, պատերազմում պարտված լինելով՝ քեզ չեն վստահելու։ Գնա՛ էդ աթոռից, առանց ընտրությունների, ուղղակի գնա, որովհետեւ, անկախ նրանից՝ կընտրվես, թե՝ չես ընտրվի, քեզ չեն վստահի, ու առանց դրա չես կարող անել անհրաժեշտ փոփոխությունները, որոնք միակ շանսն են։ Իսկ թե ինչ պետք է անի իշխանությունը՝ նախ՝ հասկանալ՝ ինչի առաջ ենք կանգնած, պատրանք չունենալ, որ կստորագրվի պայմանագիրը ու Ադրբեջանը կասի՝ ահա, կա մի կետ, որի համար ստորագրում եմ։ Հակառակը, Ադրբեջանը հանգիստ կթողնի մեզ, երբ մենք էլ ապակառուցողական վարքագիծ դրսեւորենք։ Հաջորդ բանը, որ պետք է անել. ենթադրենք, թե ես եմ վարչապետը, իսկ թիմն իրանն է՝ այդ վախեցածներին, սեփական վախերը մարդկանց վզին փաթաթողներին, հիմարներին, ամբարտավաններին, նրանց, ովքեր ասում են՝ եթե Արցախը չտանք՝ կործանվում ենք, պետք է լռեցնել ու դուրս շպրտել։ Պետք է մոբիլիզացնել հանրությանը, որ ստիպված ենք լինելու ուժով պաշտպանել մեր պետությունը, կարգի բերել զինված ուժերն ու բալանսը վերականգնել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.09.2022