Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանը կաշկանդված չէ. կարծում եմ կկարողանա խոչընդտել թուրք-ադրբեջանական տարածաշրջանային ծրագրերին». Էմմա Բեգիջանյան

Սեպտեմբեր 19,2022 14:30

Իրանագետ Էմմա Բեգիջանյանի կարծիքով՝ Հայաստանի շահերը չեն համընկնում ոչ ՌԴ-ի, ոչ էլ Արեւմուտքի շահերի հետ. մինչդեռ մեր շահերը համընկնում են Իրանի հետ:

«Կարծում եմ՝ այսօրվա պայմաններում այո»,- «Առավոտի» հարցին՝ Իրանը կարո՞ղ է խոչընդոտել Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական նենգ ծրագրերին, որի համար էլ սեպտեմբերի 13-ից կրկին ագրեսիա սկսեցին Հայաստանի նկատմամբ, այսպես պատասխանեց իրանագետ Էմմա Բեգիջանյանը:

Նա կարեւորեց այս ընթացքում ռուս-իրանական պակտը, երբ Ուկրաինայի պատերազմի ֆոնին ռուս-իրանական փոխհարաբերությունները մերձեցման միտում ունեն: Դիտարկելով ռուս-թուրքական հարաբերությունները՝ Էմմա Բեգիջանյանն ասաց. «Ռուսաստանն ինչքան էլ Թուրքիայի հետ բարեկամական, եղբայրական պայմանավորվածություններ ունի, շատ լավ գիտակցում է, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Այս ագրեսիան, որ տեղի է ունենում ՀՀ-ի նկատմամբ, ամբողջովին Թուրքիայի նախագիծն է, նրա քայլն է: Ադրբեջան գոյություն չունի. կարելի է ասել՝ Ադրբեջանի ինքնավար վիլայեթ»:

Էմմա Բեգիջանյանն Իրանի հասցեական հայտարարությունները նաեւ դիտարկում է Ռուսաստանի հետ մերձեցման համատեքստում: Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովոււմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումն ու պայմանավորվածությունները՝ հարաբերությունների ընդլայնման մասին, ըստ իրանագետի՝ նշանակում են, որ ՌԴ-ն այս դեպքում ոչ թե կաջակցի Թուրքիային, այլ իր շահերից ելնելով՝ Իրանին: Իրանագետը մանրամասնեց. «Հատկապես շատ հասցեական, վստահ հայտարարությունները Իրանի կողմից արված՝ պայմանավորված են նաեւ այն հանգամանքով, որ Ռուսաստանն այս հարցում կաջակցի, կանաչ լույս կվառի Իրանի առաջ, ոչ թե՝ Թուրքիայի»:

Մեր հակադարձմանը՝ արդյոք Իրանը նաեւ կրոնական տեսանկյունից կաշկանդված չէ՞, որ իր գործողությունները կարող են ընկալվել՝ որպես պատերազմ Ադրբեջանի դեմ, ինչը չի կարող ներվել իսլամական աշխարհի կողմից, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «Իրանը կաշկանդված չէ: Իրանում այժմ հստակ հայտարարում են, որ 44-օրյա պատերազմի ժամանակ, հաշվի առնելով երկու երկրների կրոնամշակութային ընդհանրությունները, եղել ենք անկողմնակալ, չեզոք դիրքում՝ հաշվի առելով, որ Ղարաբաղի ինքնավար մարզը մի կողմ դրած՝ մյուս շրջանները համարել ենք Ադրբեջանի տարածք եւ մնացել ենք չեզոք, սակայն հիմա մենք, ունենալով կրոնամշակութային եւ այլ ընդհանրություններ, մոտ լինելով Ադրբեջանին, բայց մենք մեր մյուս հարեւանի՝ Հայաստանի շահերը չենք կարող անտեսել: Ու եթե լինի միջազգային սահմանների փոփոխություն, մենք կանգնելու ենք Հայաստանի կողքին: Ինչի՞ց պետք է կաշկանդված լինի Իրանը: Նա հանգիստ կգնա պատերազմի: Ամեն ինչ այնքան պարզ է: Նրանք հարվածում են Իրանի աշխարհաքաղաքական շահերին, նրանք նկրտումներ, հավակնություններ ունեն Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ, Իրանի ազգային անվտանգության շահերը դնում են հարցականի տակ»:

Փաստելով, որ աշխարհում բոլոր փոխհարաբերություններում կարեւորը շահն է, Էմմա Բեգիջանյանը վստահեցրեց՝ միակ երկիրը, որի հետ ՀՀ անվտանգությունը, շահերը համընկնում են, Իրանն է: Ու շարունակեց. «Թեեւ մինչեւ հիմա Իրանը կաշկանդված է եղել կրոնական ընդհանրություններով իսլամական աշխարհում, բայց հիմա իրենք արդեն հստակ ասում են: Երբ դանակը ոսկորին է հասնում, իրենք այդ ամենը մի կողմ են դնում»:

Հիշեցնենք՝ որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից օրերս սանձազերծված ագրեսիայի առաջին իսկ ժամերի ընթացքում Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ընդգծել էր, որ Իրանի համար անընդունելի է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն:

Հարցին՝ սեպտեմբերի 15-ին կայացած ՄԱԿ-ի ԱԽ նիստից հետո Հայաստանում սրվող հակառուսական տրամադրությունների եւ Արեւմուտքին՝ մասնավորապես ԱՄՆ-ին դափնիներ շնորհելու ենթատեքստում՝ ինչպե՞ս եք պատկերացնում Իրանի դիրքորոշումը Հայաստանին աջակցելու հարցում, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «Ի սկզբանե ՀՀ այս իշխանություններն արեւմտյան կողմնորոշում ունեցել են: Սակայն այստեղ մի կարեւոր բայց կա: Ադրբեջանի կողքին կանգնած է, նրան օգնել եւ մեծ դեր է ունեցել Իսրայելը: Այսօր էլ շատ խիստ շահագրգռված է: Հենց իրենց մամուլում էլ կան Ադրբեջանին պաշտպանող հոդվածներ, հայտնի մեկնաբանների տեսակետներ եմ կարդում: Ուստի ԱՄՆ-ն, ինչքան էլ ուզի մեզ օգնել, նրա համար առաջին տեղում աշխարհում Իսրայելի անվտանգությունն ու նպատակներն են: Իսկ Իսրայելի նպատակը Իրանի սահմանակից տարածքներում իր քայլերն ընդդեմ Իրանի իրականացնելն է: Մինչդեռ Ռուսաստանին բոլոր դեպքերում այս տարածաշրջանում թեկուզ շատ թույլ, բայց անհրաժեշտ է Հայաստանը: Եթե գլոբալ նայենք, ապա Արեւմուտքին հարկավոր է, որ ՌԴ-ն գնա տարածաշրջանից, բայց թե Հայաստանին Թուրքիան ի՞նչ կանի, որը միայն քնած հային է սպանում, մենք չենք կարող հույս ունենալ, որ Արեւմուտքի միջոցով կարող ենք անվտանգություն ունենալ: Մյուս կողմից էլ՝ թեկուզ Ռուսաստանը միշտ փորձել է հանուն իր շահերի գործել, ինչ բոլորն են անում, բայց ՌԴ շահերը մեր շահերի հետ չեն համընկել: Նույնն էլ կարող ենք ասել Արեւմուտքի ու մեր շահերի մասին, որոնք չեն համընկնում: Մինչդեռ մեր շահերը համընկնում են Իրանի շահերի հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930