Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռեժիսուրայից դրամաթերապիա անցնելու ճանապարհը

Սեպտեմբեր 19,2022 12:30

Ռեժիսուրայից դրամաթերապիա անցնելու ճանապարհը

Հարցազրույց Մարինե Ասատրյանի հետ

– Տիկին Ասատրյան, Հայաստանում վերջին շրջանում մեծ ուշադրություն է դարձվում երեխաների ներառական կրթությանը հատկապես մշակույթի ոլորտում։ Դուք դեռեւս 1980-ականների վերջերին, երբ ներառական կրթությունը պետության առաջնահերթություններից չէր, եթե ոչ առաջինը, ապա առաջիններից էիք, որ սկսեցիք դրանով զբաղվել։ Գուցե ինչ-որ շարժառի՞թ եղավ։

– Ինստիտուտն ավարտելուց հետո գործուղվեցի Նաիրիի շրջանային Զովունիի կուլտուրայի տուն՝ որպես գեղմասվար եւ ռեժիսոր։ Գործունեությանս առաջին օրերին, երբ հետաքրքրվում էի այդ շրջանի գյուղերի երեխաների նախասիրություններով, տեղեկացա, որ գյուղերից մեկում առողջական խնդիրներով մի աղջիկ է եղել, որն ապրել է ընդամենը 26 տարի եւ պատմում էին, որ նա կարդացել էր գյուղի դպրոցի, ակումբի գրադարանների բոլոր գրքերը, նույնիսկ վերընթերցել։ Անունը՝ Հասմիկ Ազիզյան։ Նա նույնիսկ նոթատետր է պահել, որտեղ գրի է առել գրքերից իրեն դուր եկած հատվածները, մտքերը, նաեւ հիանալի նկարել է ու պատրաստել փափուկ խաղալիքներ։ Այդ ամենով լցրել է ոչ միայն իր առօրյան, այլեւ դրանցով կիսվել հաշմանդամություն ունեցող երեխաների հետ։ Տեղեկանալով այդ մասին, որոշեցի ծանոթանալ նրա թողած «աշխարհի» հետ։

Ապշելու բան էր. օրինակ, նկարչական աշխատանքները մի կյանքի պատմություն էր՝ ապրած ու կարծես չապրած տարիների։ Մի թղթի վրա նկարել էր մե՜ծ փունջ գույնզգույն ծաղիկներ՝ անջուր ծաղկամանի մեջ, կային աշխատանքներ, որտեղ պատկերված էին իր հեքիաթներից ծնված տիկնիկներ։ Չգիտես ինչու, ինձ գրավեցին ամենապարզ տիկնիկները՝ փուշն ու խատուտիկը։ Հիմա, երբ հետհայացք եմ նետում, հասկանում եմ, որ ներառականության բանալին հենց փշի ու խատուտիկի մեջ է։ Որոշ ժամանակ էլ ինձ մի միտք էր տանջում. հնարավոր չէ, որ այդ աղջիկը թողած չլինի գրի առած սեփական գոնե մի պատմություն, ասենք՝ հեքիաթ։ Ու գտնվեց այն. մի ճմռթված թղթի վրա «Փուշն ու խատուտիկը» վերնագրով հեքիաթ։


– Հակիրճ կներկայացնե՞ք։

– Անգիր կարող եմ ներկայացնել. «Ապրում էր փուշը միայնակ եւ տխուր էր կյանքն աշխարհում մենակ, թեպետ հոգի ուներ բարխատյա: Եվ մի օր փշի կողքին հայտնվում է խատուտիկը՝ արեւը գլխին առած, իրենից գոհ ժպտալով շրջապատին։ Նկատելով փշին, ոգեւորված մոտենում է, որ ծանոթանա ու հանկարծ դիպչելով նրան, ծակում է մատը։ Խատուտիկը շփոթվում է ու ասում՝ ես քո հետ ընկերություն չեմ անի, դու ինձ ծակեցիր… »: Պարզվում է՝ փուշը մինչ այդ չի իմացել, որ ինքը ծակում է, ավելին՝ փուշը այդ ժամանակ է իմանում իր մենակ, լքված լինելու պատճառը։ Եվ երբ քամին քշում-տանում է խատուտիկի «նամակները», այսպես ասած՝ գեղեցկությունը, նրան ոչ ոք այլեւս ուշադրություն չի դարձնում։ Նրան թվում է կյանքն ավարտվել է։ Հենց այդ պահին, արհամարհելով շրջապատի կարծիքը, փուշը, որ ամբողջ ժամանակ հիացած էր խատուտիկի գեղեցկությամբ, նրան հայտնում է, թե իր համար նա եղել ու մնում է ամենագեղեցիկը…: Հեղինակը ամփոփելով հեքիաթը, հավաստիացնում է, որ այդ օրվանից փուշն ու խատուտիկը ապրում են կողք կողքի, ընկերություն անում։



– Գանք իրականություն. կարելի՞ է ենթադրել, որ մեր օրերում կան ծնողներ, որ իրենց առողջ երեխային թույլ չեն տալիս ընկերանալ, շփվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ։

– Ցավում եմ, բայց կան նման ծնողներ։

– Ձեր ավելի քան 30 տարվա գործունեության ընթացքում հանդիպե՞լ եք նման ծնողների։

– Հանդիպել եմ ոչ միայն ծնողների, այլեւ ուսուցիչների։ Հուսադրողն այն է, որ վերջին շրջանում տարբեր հասարակական կազմակերպությունների, պատկան մարմինների, ԿԳՄՍ նախարարության ենթակայության գործող կառույցների շնորհիվ վերաբերմունքը փոխվում է։

– Ավելի քան տասը տարի ղեկավարում եք Հովհաննես Թումանյանի թանգարանի «Ռոտոնդա» թատերախումբը, մինչ այդ՝ հանրապետական հոգեբանամանկավարժական կենտրոնի «Միասին» թատերախումբը…

– «Ռոտոնդա» թատերախումբը, որտեղ ընդգրկված են նաեւ խնդիրներ ունեցող երեխաներ, մասնակցել է բազմաթիվ փառատոների։ Ներկայացումներում հանդես ենք եկել մանկատներում, հիվանդանոցներում, այդ թվում՝ Յոլյանի անվան արյունաբանական, ՀՕՖ-ում, որտեղ հանդիսատեսի շարքերում հանդիպել ենք ինչ-որ պահի դժվարության մեջ հայտնված երեխաների, որոնցից շատերը ցանկություն են հայտնում մասնակցել մեր փորձերին, հանդես գալ որպես դերասաններ։ Կապը պահում ենք նրանցից շատերի հետ, բայց նրանց ցանկությունները իրականություն դարձնելու համար շատ անելիքներ ունենք։

– Կբարձրաձայնե՞ք մեկ-երկուսը։

– Մեզանում գործող կազմակերպություններում, օրինակ՝ «Կողք կողքի» կրթամշակութային, «Իմ ուղին» եւ այլն, իհարկե, կան ներառական կրթության, արտթերապիայի մասնագետներ՝ երաժշտաթերապիայի, պարային թերապիայի, հեքիաթաթերապիայի, բայց չկա մասնագետ թատերական կամ դրամաթերապիայի…

– Դուք դարձեք առաջինը։

– Ես կրթությամբ դրամաթերապիայի մասնագետ չեմ, թեեւ անցածս ճանապարհին եւ հատկապես «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «Իմ թատրոն» ծրագրի շրջանակներում իրականացրել եմ դրամաթերապիա, բայց հակված եմ, որ այն դրվի պրոֆեսիոնալ մակարդակի վրա։ Օրինակ՝ մանկավարժական համալսարանում ուսուցանվեր նաեւ արտթերապիայի մի ճյուղ եւս՝ դրամաթերապիան։ Ձեր հարցին ի պատասխան, թեեւ մինչ այսօր դրա մասին չեմ բարձրաձայնել, ասեմ, որ գրում եմ գիրք՝ «Չընդհատվող զրույց Հակոբ Մորենոյի հետ», ով արտթերապիայի հիմնադիրն է։

– Տեղեկություն ունենք, որ ֆիլմ եք նկարահանում։

– Ձեր հարցերը կարծես բացում են իմ բոլոր գաղտնիքները։ Այո, ըստ Թումանյանի «Աղավնու վանք» բալլադի «Մարդաղավնիներ» ֆիլմը` «Ռոտոնդա» թատերախմբի երեխաների մասնակցությամբ, որի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 24-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լուսանկարներում «Ռոտոնդա»-ի սաներն են:

«Առավոտ» օրաթերթ
17.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930