Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանի ու Սերժի ժամանակ Սրապիոնյանը հոյակապ գովերգել է այդ իշխանություններին, բնական է, որ իրեն պետք է գլխների վրա ման տային»

Սեպտեմբեր 19,2022 14:00

ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանը սպառնում է անուններ տալ ու պատմել, թե ինչպես է ԵՊՀ դոցենտ Սերժ Սրապիոնյանը ինչ-որ մի անձնավորության հետ գումարներ մսխել մինչեւ հեղափոխությունը:

ԵՊՀ դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը պնդում է, որ իրեն սպառնում են աշխատանքից ազատել՝ քաղաքական հայացքների համար, մինչդեռ ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ որեւէ մեկը իրեն երբեւէ չի թելադրել, թե ինչ խոսի: Ըստ նրա, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անձամբ է հանձնարարել, որ իր հետ պայմանագիր չկնքեն: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ աշխատանքային պայմանագիրը նույնպես չի երկարացվում:

Այս առնչությամբ «Առավոտը» ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի ՔՊ-ական անդամներից հետաքրքրվեց՝ ասում էիք՝ ԵՊՀ-ում իրավիճակ է փոխվել, մինչդեռ ձեզ քննադատում են, որ այդ ապաքաղաքական կառույցը վերածվել է քաղաքական կազմակերպության, ի՞նչ պարզաբանումներ ունեք: Նարեկ Բաբայանը պատասխանեց. «Քաղաքական կառույցի չի վերածվել: Դա այդ մարդկանց անձնական կարծիքն է»:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ հենց ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների պայմանագրերը չեն երկարացվում՝ նա պատասխանեց. «Ակամայից ձեւակերպեցիք, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ են նրանք երեւի: Ես, անկեղծ ասած, չեմ ճանաչում այդ մարդուն: ԵՊՀ-ում քանի դոցենտ կա, կարո՞ղ եք ասել: Ես էլ չեմ կարող ասել, որովհետեւ շատ-շատ են, այնպես որ, ինչ-որ մեկին օրինակ բերել ու ասել՝ այդպիսի բաներ կան, կարծում եմ, սխալ է: Այդ մարդիկ, հակառակը, վահան են սարքել իրենց քաղաքական հայացքները՝ իրենց մասնագիտականը առաջ տանելու կամ պաշտպանելու համար»:

Դիտարկմանը, որ ժամանակին, երբ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ էին նման կերպ վարվում, ԵՊՀ ներկայիս ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պայքարում էին այդ երեւույթի դեմ, ասում էին՝ ԵՊՀ-ում պետք է մթնոլորտ փոխվի, հիմա նույն երեւույթները կան ու դուք եք անում՝ Նարեկ Բաբայանն արձագանքեց. «Միայն Արարատ Միրզոյանի հետ չի եղել, շատ դեպքեր են եղել ու այդպիսի երեւույթների դեմ անձամբ ես 15 տարի պայքարել եմ ու ոչ միայն ԵՊՀ-ում, շատ տեղերում: Հիմա այդ երեւույթը չկա: Այդ մարդիկ այդպես են ուզում ներկայացնեն: Եվ առհասարակ ինչքան քրեական հանցագործ կա, հիմա քաղհալածյալ է իրեն ներկայացնում: Ինչքան միլիարդատեր կա, ինչքան եսիմ ինչ դղյակներ ունեցող կա, ասում է, որ ինքը իր կուսակցության եսիմ ինչ անդամ լինելու, դաշինքի ցուցակում լինելու բերումով հետապնդվում է, դա նորմա՞լ է: Օրինակի համար Սուրիկ Խաչատրյանի նման ընտանիքները եւ մյուսները իրենց քաղհալածյալ որ ներկայացնեն, դուք ուզում եք մարդիկ դրան հավատա՞ն»:


Երբ ասացինք, որ հենց քաղաքական հայացքները չեն համընկնում իշխանական տեսակետների հետ, քաղաքական ճնշումների են մարդիկ ենթարկվում՝ Նարեկ Բաբայանը պատասխանեց. «Իրենց հայացքները հենց այն պատճառով են, որ իրենք անօրինական գործունեություն են ենթադրաբար արել, դրա համար հիմա ունեն հակառակ հայացքներ, թե չէ մինչեւ այդ ոչ մի հայացք էլ չունեին»: Ճշտեցինք՝ նույնը Սերժ Սրապիոնյանի մասի՞ն կարող եք ասել՝ Բաբայանը պատասխանեց. «Ես Սրապիոնյանին չեմ ճանաչում, բայց եթե ինքը Արարատ Միրզոյանի համար չի պայքարել, ուրեմն նույնը՝ այո»:

ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանն էլ ասաց. «Ամեն մարդ ինչ ուզենա, կարող է ասել, հասկանո՞ւմ եք: Հիմա ես կանգնեմ ասեմ, որ ինձ տիեզերք չեն թողնում, որովհետեւ իմ աչքերը կանա՞չ են, հա՞»: Ասացինք, որ Սրապիոնյանի հարցը իր կանաչ աչքերի օրինակի հետ կապ չունի՝ Ասլանյանը հակադարձեց. «Ունի՛, որովհետեւ երբ մարդը բռնում եւ ինչ-որ բաներ է ասում, նախ դրա հիմքը պետք է ունենալ: Ես չեմ կարծում, որ ԵՊՀ-ն քաղաքական կառույցի է վերածվել: Այդ մարդը ինչ-որ բան ասել է, թող գնա դրա տակից էլ դուրս գա, ես ի՞նչ գործ ունեմ Սերժ Սրապիոնյան մարդ անձնավորության հետ»: Երբ ներկայացրինք ով է Սերժ Սրապիոնյանը՝ վաստակաշատ դասախոս, ԵՊՀ դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, նաեւ ինքը միայնակ չէ, սա շղթա է՝ Հակոբ Ասլանյանը պատասխանց. «Չեմ ճանաչում ու չեմ էլ ուզում ճանաչել»: Ասլանյանը չհամաձայնեց, որ այսօր ընդդիմադիր հայացքներ ունեցողներին, իշխանություններին քննադատողներին ախատանքից զրկում են. «Ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր ընդդիմադիր են, բայց ամբիոնի վարիչ են ու աշխատում են: Ես ճանաչում եմ մարդկանց ե՛ւ Բրյուսովում, ինձ շատ մոտիկ մարդիկ կան, որոնք ուրիշ գաղափարի տեր են, բայց աշխատում են, որովհետեւ նրանք կարող են, մասնագետ են ու անկախ նրանից, թե ինչ գաղափար ունեն, դա ոչ մեկին չի հետաքրքրում»:

Երբ փոխանցեցինք Սերժ Սրապիոնյանի խոսքերը, որ Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի ժամանակ նման կերպ չեն վարվել, ինչ ուզել, խոսել է՝ Հակոբ Ասլանյանը պատասխանց. «Որովհետեւ Քոչարյանի ու Սերժի ժամանակ Սրապիոնյանը հոյակապ ձեւով գովերգել է այդ իշխանություններին, իսկ այն իշխանությունները, որոնք գովերգ էին ստանում, բնական է, որ իրեն պետք է, այսպես ասած՝ գլխների վրա ման տային: Ես հիշեցի, այդ անձնավորությունը կարծեմ աշխատում էր սփյուռքի նախարարությունում՝ որպես փոխնախարար: Ի՞նչ էր անում, հը, ինչ-որ մի անձնավորության հետ միասին: Ես անուններ տա՞մ հիմա՝ ոնց էին իրենք գումարները մսխում մինչեւ հեղափոխությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930