Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակը միակ բանն է, որ դուրս է մեր վերահսկողությունից»

Սեպտեմբեր 19,2022 12:00

Երիտասարդ դասախոսի համոզմամբ, ճիշտ աշխատանքի շնորհիվ կարելի է ունենալ բաղձալի կրթական համակարգ

Արձակագիր, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի եւ Գլաձոր համալսարանի դասախոս, լեզվաբան, գրականագետ Ամալյա Սողոմոնյանը hեղինակ է մի շարք գիտական ու գրականագիտական հոդվածների, թարգմանությունների, էտյուդների գրքի:

Հարցին՝ որպես երիտասարդ դասախոս` ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Փորձում եմ ուսանողներիս հետ անկեղծ լինել: Լսարան եմ մտնում մեծ պատասխանատվությամբ, հույսով, որ կարող եմ ինչ-որ բան փոխել նրանց մտածելակերպում,-ասաց նա, հավելելով,-գրականություն դասավանդելն այդքան էլ հեշտ գործ չէ, ինչպես շատերին թվում է: Պիտի ազնիվ լինես, օբյեկտիվ, հավատարիմ քեզ ու լսարանիդ: Կարծում եմ՝ դեռ շատ բան ունեմ սովորելու: Լավագույն տարիներն առջեւում են: Պիտի սիրես գործդ, եթե մի վայրկյան կեղծեցիր` կզգան, կհիասթափվեն, որը աններելի է: Այնպես որ, պիտի շատ աշխատել ու ամեն օր ավելի լավը դառնալ»։

Ամալյան նույնպես համոզված է, որ գիտակրթական ոլորտն անընդհատ փոփոխությունների կարիք ունի: «Դասախոսը, պրոֆեսորը լսարանում չպիտի կրթության կազմակերպմամբ կամ կառավարմամբ զբաղվի: Իր գործն ուսանողներին կրթելն ու դաստիարակելն է,-վստահեցնում է նա, շարունակելով,-աշխարհում սա ընդունված պրակտիկա է: Բուհերն ունեն երկու ռեկտոր՝ գիտնական եւ մենեջեր: Մեզ մոտ մոդելը մի փոքր այլ է, բայց կարծում եմ՝ ճիշտ աշխատանքի շնորհիվ կարելի է ունենալ բաղձալի կրթական համակարգ: Տարիների, պրոֆեսիոնալ մասնագետների ու ճիշտ պլանավորման ու կառավարման մասնագետների խնդիր է ընդամենը»,-ասաց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ այսօր հրաշալի երիտասարդություն ունենք:

«Իմ բոլոր ուսանողները նպատակասլաց են, համառ, կազմակերպված, տեղյակ են աշխարհում ընթացող բոլոր պրոցեսներից: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ իմ ուսանողներն ունեն ե՛ւ անձնական, ե՛ւ մասնագիտական երազանքներ»,-նշեց նա։ «Ժամանակի կառավարումը նույնպես խնդիր է, որին բախվում ենք գրեթե բոլորս։ Մենք անընդհատ վազում ենք: Չենք հասցնում վայելել կյանքը, գնահատել մեզ տրված հնարավորություններն ու միայն մտածում ենք ավելին ունենալու մասին: Ժամանակն անկառավարելի է,-ասում է Ամալյա Սողոմոնյանը,-ինչքան էլ փորձենք կառավարել այն, չի ստացվի: Մենք ուղղակի պիտի սովորենք հաճույք ստանալ ամեն վայրկյանից: Ժամանակը միակ բանն է, որ դուրս է մեր վերահսկողությունից: Բոլորս ժամանակի կարիք ունենք: Սպասել սովորելու, հավատալու»։

Աշխատանքի մասին խոսելիս Ամալյան շեշտում է՝ քանի որ հիմա իր աշխատելու տարիքն է, փորձում է մի քիչ էլ հանգստանալ:

«Մանկավարժության, դասերի, հոդվածների ու հանդիպումների արանքում փորձում եմ աղջկաս հետ համերգներ, ներկայացումներ, թանգարաններ գնալ: Երաժշտություն ենք լսում, պարում, մուլտֆիլմ նայում, զբոսնում: Քանի որ Մարին ակտիվ երեխա է եւ հոգնում է միօրինակ օրակարգից, մենք պիտի ամեն օր հետաքրքիր բան մտածենք իրեն ուրախացնելու համար,-ասում է նա,-ինձ համար ամենահաճելի պահն այն է, երբ Մարին իր գրքերից մեկը բերում է ու տալիս ինձ, որ կարդամ: Օրվա հոգսերը, սթրեսը, ծանրաբեռնվածությունն ու պարտականությունները մի քանի րոպեով անհետանում են»։ Առաջիկայում շատ ծրագրեր ունի, որոնք իրագործելու ճանապարհին է, եւ հույս ունի, որ արտաքին գործոնները չեն խանգարի։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930