«Փոխանցեցինք մեր դիրքորոշումը, որ մեզ համար անընդունելի է ամերիկյան պետության աջակցությունը Ադրբեջանին, որը շարունակում է պատերազմը»,- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Ընդդիմադիր պատգամավորների հանդիպումը տևեց մոտ 1.5 ժամ։ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ հանդիպումը կազմակերպվել է դեսպանատան առաջարկով, մասնակցել են ՀՀ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների 6 պատգամավորներ։ Նա հայտնեց, որ մի քանի ուղղությամբ բարձրացրել են գոյություն ունեցող խնդիրները ու մանրամասնեց․ «Խոսեցինք ադրբեջանական ագրեսիայի մասին, շատ հստակ փոխանցեցինք մեր դիրքորոշումը, որ Ադրբեջանը, որը շարունակում է պատերազմը, մեզ համար անընդունելի է ամերիկյան պետության աջակցությունը Ադրբեջանին, խոսքը ոչ միայն ծավալների, այլև ռազմաքաղաքական աջակցության մասին է։ Դրանից Ադրբեջանը դառնում է ավելի սանձարձակ ու լկտի և շարունակում է ագրեսիան ՀՀ-ի դեմ»։
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ Նենսի Փելոսիի հետ խոսել են նաև 907-րդ բանաձևի մասին, հաջորդ տարի Ադրբեջանին օժանդակությունը դադարեցնելու մասին, նաև անդրադարձ է եղել հայ ռազմագերիների խնդրին՝ կոնկրետ փաստերով։ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակը վստահեցրել է՝ միայն հայտարարություններով չեն բավարարվելու․ իրենց վերադարձից հետո առնվազն Կոնգրեսում քննարկելու և բարձրացնելու են այս խնդիրները։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ հայտնեց՝ 907-րդ բանաձևը, մինչև այսօր իրականացված բոլոր ձևակերպումները, թե Ադրբեջանը չի հանդիսանում ագրեսոր, այլևս չունեն գոյություն, մասնավորապես ԱՄՆ-ի կողմից ճանաչված փաստ է, որ ագրեսոր պետությունն է Ադրբեջանը։ Նա վստահեցրեց․ «Կարող ենք փաստել, որ սա շատ փոփոխություն կբերի երկու կուսակցությունների համար էլ ԱՄՆ օրենսդրական դաշտում իրենց որոշումը կայացնելու համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության խնդիրը, Մինսկի խմբի աշխատանքների վերսկսումը, դրանց՝ իրական, ճիշտ ուղու վրա դնելուն՝ մադրիդյան սկզբունքներին առնչվող հարցեր, որոնք մեր երկրի համար կարևոր են՝ ինքնիշխանության իրավունք և այլն։ Այդ տրամաբանության մեջ թույլ տվեք չմանրամասնել՝ ինչ արձագանքներ են եղել այն կողմից, բայց թույլ տվեք փաստել, որ դրանք եղել են բարեբեր»։
Կարդացեք նաև
Հայկ Մամիջանյանը նաև նշեց, որ Նենսի Փելոսիի հետ հանդիպման ժամանակ փաստել է՝ ժողովրդավարության հետ որևէ աղերս չունի այն իրականությունը, որը կա ՀՀ-ում ու հավելեց․«Բայց այն փաստը, որ տիկին խոսնակը նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է օգնել Հայաստանին այն պատճառով, որ ՀՀ-ում ժողովրդավարություն է, դա կասկածի տակ դնել գոնե այս փուլում մենք չենք կարող, թեպետ նրան ներկայացրել ենք այն բոլոր ոտնձգությունները, որոնք կան ժողովրդավարության հանդեպ։ Եթե ԱՄՆ-ն օգնում է ՀՀ-ին այն պատճառով, որ ՀՀ-ն համարում է ժողովրդավար, շատ շնորհակալ ենք օգնության համար, բայց ահռելի չափով հետընթաց է ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների առումով»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ